2026 թ. մայիս 31, կիրակի

Արման Բաբաջանյանը չի ուզում լինել պիոներ

«Հանուն հանրապետության» կուսակցությունը գալիք ընտրություններում պայքարում է ոչ թե իշխանության համար, այլ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ժողովրդին կոչ է անում տեր կանգնել ընդդիմությանը։

«Մեր երկրի վրա պատերազմներ բերած անձը ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Վլադիմիր Պուտին։ Նա պետք է պարտվի հունիսի 7-ին», — ասել է Բաբաջանյանը։

Վլադիմիր Պուտինը, ըստ նրա, այստեղ ներկայացված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի միջոցով։ Բաբաջանյանը բողոքի ցույցեր է անում նրանց դեմ Երևանի փողոցներում և Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ։ Կարգախոսներն են՝ «Ո՛չ ռուսական հպատակությանը», «Մերժի՛ր դավաճան դաշնակցին», «Հայաստանը չի՛ վաճառվում», «Սամվել Կարապետյանը անուղեղ չէ՛, այլ ՀԷՑ-ի կողոպտիչ», «Ծառուկյանը դոդ չէ՛, այլ քրեաօլիգարխիայի մարմնացում», «Մերժի՛ր Քոչարյանին և մյուս ստրուկներին», «Россия предатель», «Иван, иди домой»։

babajanyan (4).jpg

Բաբաջանյանի հակառուսական կարիերան սկսվել է դպրոցական տարիներից։ 1988 թվականին նա ռուսական դպրոցից տեղափոխվել է հայկական դպրոց, որտեղ շուտով ըմբոստացել սովետական կարգերի դեմ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցականները վառել են պիոներական վզկապները և հիմնել «Եռագույնների մանկական կազմակերպություն», որի առաքելությունն էր կարմիր փողպատը փոխարինել կարմիր-կապույտ-նարնջագույնով։

«Հրավիրել էի Պիոներ կանչի լրագրողներին։ Գլուխս բռնած ասում էի՝ ես չեմ ուզում լինել պիոներ», — հիշել է Բաբաջանյանը։ Նա լծվել է Հայաստանով մեկ պիոներական կազմակերպությունների լուծարման գործին և հիմնել «Միացում» դպրոցական թերթը։

babajanyan (1).jpg

Բաբաջանյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի սան, Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտի ուսանող, Կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող, ԱՄՆ-ում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ քաղբանտարկյալ, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր։ 2010-ին հիմնել է 1in.am լրատվական կայքը, որը գլխավորում է մինչև հիմա։

Նրա «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ստեղծվել է 2020 թվականին և մասնակցել միայն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքով։ Համատեղ հավաքել են 1,5 տոկոս ձայն։ 

Անցյալ տարի Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները միավորվել էին Տիգրան Խզմալյանի «Եվրոպական կուսակցության» և Արամ Սարգսյանի «Հանրապետության» հետ, որպեսզի արևմտամետ արտախորհրդարանական ուժերի միասնական ճակատով ստորագրություններ հավաքեն Հայաստանը Եվրոպային մերձեցնելու համար։

Եվրաքվեի ստորագրահավաքին մոտ 60 հազար մարդ է մասնակցել։ Այդ հիմքով Ազգային ժողովն օրենքի նախագիծ է ընդունել, որով ամրագրել է Եվրամիությանն անդամակցելու իր ցանկությունը։ Սպասվում էր, որ այս հաջողությունից հետո արևմտամետ ուժերը ընտրություններին կգնան մեկ դաշինքով։ Սկզբում կոալիցիայից հեռացավ Շիրինյանը։ Հետո դաշինքը լքեց նաև Խզմալյանը, որը կողմ է Եվրոպային, բայց դեմ է Թրամփին։ Արամ Սարգսյանն ու Արման Բաբաջանյանն առաջադրվեցին առանձին։ Սարգսյանի «Հանրապետությունը» այն քիչ ուժերից է, որը 2021-ի ընտրություններում հատել էր 2 տոկոսի շեմը, ինչի հիմքով անցած հինգ տարիներին ֆինանսավորում էր ստանում բյուջեից՝ 125 մլն դրամ։ Դաշինքների դեպքում ֆինանսավորում ստանում են միայն նրանք, ովքեր հաղթահարել են 7 տոկոսանոց շեմը։

babajanyan (2).jpg

«Հանուն հանրապետության» նախընտրական ցուցակի երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է՝ նախկինում ԶՈւ ռազմաբժիշկ, այժմ 1in.am-ի լրագրող-վերլուծաբան: Երրորդ համարը փաստաբան Լուսինե Զեյնալյանն է։ Ցուցակում ընդգրկված են նաև խորհրդային դիսիդենտ և քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, առաջին պատերազմի ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։

Կուսակցության քարոզչական հոլովակները սկսվում են Ռուսաստանի դեմ բողոքի ակցիաներով․ Բաբաջանյանը բացականչում է «Պուտին ուբիյցա, Լավրով ուբիյցա», հետկադրային ձայնը հորդորում է դաս տալ Կրեմլին՝ նրան պարտության մատնելով, իսկ նրա կլիենտներին ասել՝ «հավաքվեք ու ռադ եղեք»։ Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ թեկնածուները խոսում են աշխարհաքաղաքական տեղաշարժերի մասին կամ վիրավորում ընդդիմությանը։

«Իշխանափոխության խնդիր մենք չենք դրել։ Մենք ընդդիմափոխության խնդիր ենք դրել <․․․> Միացյալ Նահանգների հետ և Եվրամիության հետ արտակարգ քայլեր են տեղի ունեցել։ Դրանց շարունակականության, դրանց խորություն և բովանդակություն հաղորդելու համար <․․․> կարծում ենք, որ <․․․> անհրաժեշտ է քաղաքական ուժերի լայն համախոհություն, հատկապես դեմոկրատական ուժերի, որոնք պետության ինքնիշխանությունը չեն վիճարկում», — ասել է Բաբաջանյանը։

«Սամվել Կարապետյանը, այն մյուսը, որին Դոդ են ասում՝ Ծառուկյան Գագոն, այն մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, որը Երևան քաղաքում գնդակահարում էր, ասում են՝ եկեք գնանք Դոնեցկում կռվենք ՆԱՏՕ-ի դեմ։ Ես ասում եմ՝ ո՛չ, մենք չե՛նք ուզում կռվել հատկապես ուրիշի համար», — ընտրողներին ասել է Ազատ Արշակյանը։

babajanyan (3).jpg

Իշխող ուժից Բաբաջանյանենք գոհ են, բայց որոշակի տարաձայնություններ ունեն «արևմուտքի հետ հարաբերությունների խորության, մակերեսի, տեմպի» հետ կապված։ Նրանց չի գոհացնում նաև «նախկինների» հանդեպ «մեղմ վարքը»։ Օրինակ․ առաջ Բաբաջանյանը հորդորում էր դատել Քոչարյանին, իսկ հիմա (ռուսական ընդդիմադիր մեդիաներում հրապարակված «հետաքննություններից» ոգևորված) պահանջում է «կախաղան հանել նրան Հանրապետության Հրապարակում»։

Ընդդիմության գալով՝ նրանք ստիպելու են Կառավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ «Մոլդովական և վրացական փորձը» հաշվի առնելով՝ խնդրելու են եվրոպացիներին արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանել հայկական ապրանքների, օրինակ՝ մրգերի և բանջարեղենների համար, որոնք արտահանվում են ԵԱՏՄ երկրներ։ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից Բաբաջանյանին նույնպես չի վախեցնում։ Նա առաջարկում է խորհել թուրքմենական գազի մասին, որը տեսականորեն հնարավոր է ներկրել Իրանի տարածքով։

babajanyan.jpg

Ընդդիմության գալով՝ Բաբաջանյանը ամեն ինչ կանի, որ ուսուցիչը վճարվի աշակերտի գիտելիքի հիման վրա, իսկ աշխատավորների ամսավարձը դառնա ժամավճար։

«Յուրաքանչյուր հայ երեք անգամ ավելի շատ արդյունք պետք է ստեղծի, յուրաքանչյուր հայ երեք անգամ ավելի քիչ պետք է քնի, որ այդ արդյունքը կարողանա ստեղծել», — ասել է Արման Բաբաջանյանը։