Ժամանակը փող է, պարապությունը՝ գողություն
<...> Որոշ աշխատանքներ ավելի դրամատիկ են և, հետևաբար, ավելի հարմար են ինտենսիվ, խելահեղ ակտիվության պոռթկումների և հարաբերական թմրության հարթագայության համար։ Միշտ այդպես է եղել։ Կենդանիներ որսալն ավելի պահանջկոտ զբաղմունք է, քան բանջարեղեն հավաքելը, նույնիսկ եթե դա արվում է էպիզոդիկ պոռթկումներով, տուն կառուցելը պահաջում է ավելի հերոսական ջանքեր, քան տուն մաքրելը։ Ինչպես տեսնում ենք այս օրինակներից, մարդկային հասարակություններում տղամարդիկ հակված են մոնոպոլիզացնել ամենաոգևորիչ, դրամատիկ աշխատանքի տեսակները. նրանք կմարեն հրդեհը, որը վառում էր իրենց տնկած անտառները, օրինակ, և հնարավորության դեպքում կանանց վրա կթողնեն ավելի մոնոտոն և ժամանակատար գործերը, օրինակ՝ մոլախոտ մաքրելը։ Կարելի է ասել, որ տղամարդիկ իրենցով են անում այնպիսի աշխատանքներ, որոնց մասին կարելի է պատմություններ պատմել հետո, և փորձում են կանանց վրա թողնել գործողությունները, որոնց դեպքում պատմությունները պատմվում են ընթացքում։
Ինչքան ավելի պատրիարխալ է հասարակությունը, ինչքան մեծ իշխանություն ունեն տղամարդիկ կանանց նկատմամբ, այնքան արտահայտված է այս օրինաչափությունը։ Հազվադեպ բացառություններով այն վերարտադրվում է ամեն անգամ, երբ որևէ խումբ ունի ընդգծված իշխանություն մյուսի նկատմամբ։ Ֆեոդալ լորդերը, եթե առհասարակ աշխատում էին, աշխատում էին որպես մարտիկներ. նրանց կյանքը զինված սխրագործությունների և գրեթե լիակատար պարապության հերթագայություն էր։ Գյուղացիներն ու ծառաներն ավելի ստաբիլ զբաղվածություն ունեին։ Բայց նրանց աշխատանքային գրաֆիկն էլ այնքան կանոնավոր կամ կարգապահ չէր, որքան այսօրվա իննից հինգը։ Տիպիկ միջնադարյան ճորտը՝ կին թե տղամարդ, տարեկան 20-30 օր աշխատում էր առավոտից իրիկուն, մնացած օրերին՝ ընդամենը մի քանի ժամ, իսկ տոնական օրերին չէր աշխատում առհասարակ։ Տոները հազվադեպ չէին։
Աշխատանքն անկանոն էր, քանի որ մեծամասամբ չէր վերահսկվում։ Սա վերաբերում է ոչ միայն միջնադարյան ֆեոդալիզմին, այլև մինչև համեմատաբար վերջերս գոյություն ունեցած գրեթե բոլոր աշխատանքային հարաբերություններին, նույնիսկ երբ դրանք խիստ անհավասար էին։ Եթե ստորադասը ապահովում էր իրենից պահանջվող արդյունքը, վերադասը առանձնապես չէր մտահոգվում նրանով, թե ինչ ջանքեր են պահանջվել դրա համար։ Սա պարզ երևում է նաև գենդերային հարաբերություններում։ Ինչքան պատրիարխալ է հասարակությունը, այնքան տարանջատված են կանանց և տղամարդկանց կենսատարածքները։ Տղամարդիկ այնքան քիչ բան գիտեն կանանց աշխատանքի մասին, որ եթե կանայք հանկարծ անհետանան՝ հազիվ թե ի վիճակի լինեն փոխարինել նրանց։ (Կանայք, ընդհակառակը, սովորաբար տեղյակ են, թե ինչով են զբաղված տղամարդիկ, և կարողանում են յոլա գնալ, երբ նրանք բացակայում են։ Հին հասարակություններում տղամարդկանց զգալի մասը մեկնում էր պատերազմի կամ առևտրի, և նրանց երկարաժամկետ անհետացումը չէր հարուցում էական խաթարումներ):
Հայրիշխանական հասարակություններում կանանց աշխատանքը վերահսկվում է այլ կանանց կողմից, եթե առհասարակ վերահսկվում է։ Կար գաղափար, որ կանայք՝ ի տարբերություն տղամարդկանց, պետք է իրենց անընդհատ զբաղեցնեն։ «Պարապ մատները գուլպա են գործում սատանայի համար»՝ դստերն ասում էր տատիկիս մայրը Լեհաստանում։ Նրա ավանդական բարոյականացումը, սակայն, տարբերվում է մոդեռն պատկերացումից՝ «եթե հենվելու ժամանակ ունես, մաքրելու ժամանակ էլ կունենաս»։ Սա ոչ թե նշանակում է, որ պետք է աշխատես, այլ որ չպետք է ուրիշ բաներ անես։ Մեծ տատս փաստացի ասում էր, որ լեհական շտետլում ապրող դեռահաս աղջիկը գործելուց բացի ինչ էլ անի՝ մի փորձանքի է բերելու։ Նույն կերպ, Ամերկայի հարավում կամ Կարիբյան ավազանում տնկաստանների տերերը 19-րդ դարում զգուշացնում էին, որ ստրուկներին արժի զբաղեցնել թեկուզ հորինված հանձնարարություններով, բայց պարապ չթողնել սեզոնից դուրս․ եթե նրանք ազատ ժամանակ ունենան, կարող են սկսել փախուստ կամ ապստամբություն պլանավորել։
Ժամանակակից աշխատանքային բարոյականությունը՝ «ես քեզ չեմ վճարում պարապ նստելու համար», լրիվ այլ է։ Սա վիրավորվածությունն է մարդու, որին թվում է, թե իրեն թալանում են։ Աշխատողի ժամանակը պատկանում է գործատուին, որը գնել է այն։ Երբ աշխատողը չի աշխատում, նա գողանում է մի բան, որի համար վճարվել է (կամ պիտի վճարվի շաբաթվա վերջում): Այսպիսի բարոյականության մեջ պարապությունը պարզապես վտանգավոր չէ։ Պարապությունը գողություն է։
Սա կարևոր է ընդգծել, որովհետև գաղափարը, թե մի մարդու ժամանակը կարող է պատկանել մեկ ուրիշին, իսկականից տարօրինակ է։ Մարդկության պատմության մեջ գոյություն ունեցած հասարկությունների մեծ մասի համար սա անպատկերացնելի է։ Ինչպես նկատում էր անվանի դասականագետ Մոսես Ֆինլին՝ եթե հին հույնը կամ հռոմեացին տեսներ խեցեգործի, հեշտությամբ կարող էր պատկերացնել, թե ինչպես է գնում նրա պատրաստած կճուճները։ Կարող էր նաև պատկերացնել, թե ինչպես է գնում հենց խեցեգործին. հին աշխարհում ստրկությունը սովորական ինստիտուտ էր։ Բայց գաղափարը, թե հնարավոր է գնել խեցեգործի ժամանակը, նրա համար պարզապես անըմբռնելի կլիներ։ Ֆինլին նկատում է՝ այդ գաղափարն առնվազն երկու հասկացական ցատկ էր ներառում, նույնիսկ ամենաուժեղ հռոմեացի իրավագետը հազիվ թե ի վիճակի լիներ դրանք մտովի կատարել։ Առաջինը, խեցեգործի աշխատելու կարողությունը՝ նրա «աշխատուժը» ընկալել որպես խեցեգործից անջատ մի բան, և երկրորդը՝ հնարել այդ կարողությունը ժամանակի միատեսակ միավորների՝ ժամերի, օրերի, աշխատանքային հերթափոխերի մեջ բաշխելու որևէ եղանակ, որ հետո հնարավոր լինի դրանք գնել կանխիկ փողով։
Միջին աթենացուն կամ հռոմեացուն այսպիսի գաղափարները կթվային տարօրինակ, էկզոտիկ և նույնիսկ խորհրդավոր։ Ինչպե՞ս կարելի է գնել ժամանակը։ Ժամանակն աբստրակցիա է։ Ամենամոտ բանը, որ կարող էին պատկերացնել՝ խեցեգործին սահմանափակ ժամանակով (ասենք թե՝ մի օրով) որպես ստրուկ վարձելն է։ Այդ ընթացքում խեցեգործը, ինչպես յուրաքանչյուր ստրուկ, կպարտավորվեր կատարել տիրոջ բոլոր պահանջները։ Բայց հենց այդ պատճառով էլ հնարավոր չէր լինի գտնել խեցեգործի, որը կհամաձայներ մտնել նման պայմանավորվածության մեջ։ Ստրուկ լինելը, սեփական ազատ կամքը հարկադրաբար զիջելը, մեկ ուրիշի համար զուտ գործիք դառնալը, թեկուզ ժամանակավորապես, համարվում էր ամենանվաստացուցիչ բանը, որ կարող է պատահել մարդու հետ։
Հին աշխարհում վարձու աշխատանքը մեզ հանդպիպող օրինակների ճնշող մեծամասնությունում կատարվում էր մարդկանց կողմից, որոնք արդեն ստրուկ էին։ Ստրուկ կավագործը կարող էր պայմանավորվել իր տիրոջ հետ և աշխատել կերամիկայի գործարանում՝ աշխատավարձի կեսը փոխանցելով տիրոջը, իսկ մյուս կեսը պահելով իրեն։ Ստրուկները երբեմն կարող էին նաև ազատ պայմանագրով աշխատել, օրինակ՝ նավահանգստում բեռնակրություն անել։ Ազատ տղամարդիկ և կանայք այդպես չէին անում։ Այդպես էր մինչև համեմատաբար վերջերս․ միջնադարում վարձու աշխատանքը, երբ ընդհանրապես հանդիպում էր, բնորոշ էր այնպիսի առևտրային նավահանգստային քաղաքներին, ինչպիսիք էին Վենետիկը, Մալական կամ Զանզիբարը, և այնտեղ այն գրեթե ամբողջությամբ իրականացվում էր ոչ ազատ աշխատուժի կողմից։
Ուրեմն ինչպե՞ս ենք հասել այս օրվան, երբ մեզ միանգամայն բնական է թվում, որ ժողովրդավարական երկրների ազատ քաղաքացիներն այսպես վարձով են տալիս իրենց, կամ որ ղեկավարը զայրանում է, եթե աշխատողները չեն աշխատում «իր ժամանակի» յուրաքանչյուր րոպեն։
Նախ, անհրաժեշտ էր փոխել ժամանակի մասին ընդհանուր պատկերացումները։ Մարդիկ վաղուց ծանոթ էին բացարձակ կամ աստղային ժամանակի գաղափարին, երբ դիտարկում էին երկինքը, որտեղ երկնային երևույթները տեղի են ունենում ճշգրիտ և կանխատեսելի կանոնավորությամբ։ Սակայն երկինքը սովորաբար դիտարկվում էր որպես կատարելության տիրույթ։ Քահանաները կամ վանականները կարող էին իրենց կյանքը կազմակերպել երկնային ժամանակի շուրջ, բայց երկրի վրա կյանքը սովորաբար ավելի խառնաշփոթ էր ընկալվում։ Երկնքի տակ չկար որևէ բացարձակ չափանիշ, որը կարելի էր կիրառել։
Բերենք ակնհայտ օրինակ․ եթե լուսաբացից մինչև մայրամուտ տասներկու ժամ է, ապա իմաստ չունի ասել, որ տեղը երեք ժամ քայլելու հեռավորության վրա է, եթե հայտնի չէ, թե տարվա որ եղանակին է մարդը ճանապարհորդում, քանի որ ձմեռային ժամերը կարող են ամառային ժամերից երկու անգամ ավելի կարճ լինել։ Երբ Մադագասկարում էի ապրում, նկատել էի, որ գյուղաբնակները, որոնք ժամացույցների կարիք առանձնապես չունեին, հաճախ հեռավորությունը նկարագրում էին հին ձևով և ասում էին, որ մի գյուղից մյուսը քայլելու համար պահանջվում է երկու հատ մի կաթսա բրնձի եփվելու ժամանակ։ Միջնադարյան Եվրոպայում նույն ձևով ասում էին տևում է «երեք Հայր մեր» կամ «երկու հատ ձվի եփվել»։ Սա տարածված երևույթ է։ Տեղերում, որտեղ ժամացույցներ չկան, ժամանակը չափվում է գործողություններով՝ ոչ թե գործողություններն են չափվում ժամանակով։
<...> Անգլիացի պատմաբան Է. Փ. Թոմփսոնը, որը 1967 թվականին գրել է ժամանակի ժամանակակից ընկալման ծագման մասին «Ժամանակը, աշխատանքի կարգապահությունը և արդյունաբերական կապիտալիզմը» վերնագրով հիանալի էսսեն, մատնանշում էր, որ տեղի ունեցածը բարոյական և տեխնոլոգիական փոփոխությունների միաժամանակյա գործընթաց էր, որում ամեն փոփոխություն խթանում էր մյուսին։ Տասնչորսերորդ դարում եվրոպական քաղաքների մեծ մասում ժամացույցի աշտարակներ կային՝ հիմնականում տեղադրված տեղի վաճառականների գիլդիայի ֆինանսավորմամբ և խրախուսմամբ։ Այդ նույն վաճառականները սովորություն ունեին իրենց գրասեղաններին մարդկային գանգեր դնելու՝ որպես memento mori՝ հիշեցում, որ պետք է խելամտորեն օգտագործել սեփական ժամանակը, քանի որ ժամացույցի յուրաքանչյուր զարկ իրենց մեկ ժամով մոտեցնում էր մահվանը։
Տնային ժամացույցների, հետո նաև գրպանի ժամացույցների տարածումը շատ ավելի երկար տևեց՝ մեծապես համընկնելով 1700-ականների վերջին սկսված արդյունաբերական հեղափոխության սկզբների հետ։ Դա հնարավորություն տվեց, որ նմանատիպ վերաբերմունքը ավելի լայնորեն տարածվի միջին խավերի շրջանում։ Աստղային ժամանակը՝ երկնքի բացարձակ ժամանակը, պետք է իջներ երկիր և կարգավորեր նույնիսկ առօրյա կյանքի ամենաինտիմ գործերը։ Բայց ժամանակը միաժամանակ և՛ հաստատուն ցանց էր, և՛ սեփականություն։ Բոլորին խրախուսվում էր ժամանակին նայել այնպես, ինչպես միջնադարյան վաճառականը. որպես սահմանափակ ռեսուրս, որը պետք է մանրակրկիտ հաշվարկվի, բաշխվի և ծախսվի՝ մոտավորապես այնպես, ինչպես փողը։ Ավելին, նոր տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին, որ յուրաքանչյուր մարդու՝ երկրի վրա ունեցած սահմանափակ ժամանակը բաժանվի հավասարաչափ միավորների, որոնք կարելի էր գնել և վաճառել փողի դիմաց։
Երբ ժամանակը դարձավ փող, արդեն կարելի էր խոսել ժամանակը «ծախսելու»՝ ոչ թե պարզապես այն «անցկացնելու» մասին, նաև ժամանակը վատնելու, սպանելու, խնայելու, կորցնելու, ժամանակի դեմ մրցելու և այդպես շարունակ։ Շուտով պուրիտան, մեթոդիստ և ավետարանական քարոզիչները սկսեցին իրենց հետևորդներին ուսուցանել «ժամանակի տնտեսումը»՝ պնդելով, որ ժամանակի մանրակրկիտ բյուջետավորումը բարոյականության էությունն է։ Գործարանները սկսեցին ժամացույցներ օգտագործել. աշխատողներից ակնկալվում էր աշխատանքի գալու և աշխատանքից դուրս գալու պահին գրանցել իրենց ժամանման ու հեռանալու ժամանակը։ Աղքատներին կարգապահություն և ճշտապահություն սովորեցնելու համար ստեղծված բարեգործական դպրոցներին փոխարինելու եկան հանրային դպրոցները, որտեղ բոլոր սոցիալական դասերի աշակերտներին ստիպում էին ամեն ժամ՝ զանգի ձայնի հետ, վեր կենալ և սենյակից սենյակ անցնել. ինքնա-գիտակցաբար նախագծված կարգավորում երեխաներին ապագա՝ վարձատրվող գործարանային աշխատանքի կյանքին նախապատրաստելու համար։
«Անիմաստ աշխատանքներ» գրքի երրորդ գլուխը
Թարգմանությունը՝ Մարուսյա Սեփխանյան
Շապիկի լուսանկարը՝ Ուիլյամ Հոգարթ, «Աշխատասիրություն և ծուլություն» (Industry and Idleness), I թերթ, 1747 թ.