2026 թ. նոյեմբեր 11, չորեքշաբթի

Կառուցապատողը խուսափում է երեք շինարարի մահվան համար պատասխանատվությունից

«Դեֆանս Հաուզինգ» համալիրում շինաշխատանքներ կատարելիս երեք մարդ է զոհվել վերամբարձ կռունկի անկման պատճառով։ Զոհերից մեկը Հայաստանի քաղաքացի է, երկուսը՝ աշխատանքային միգրանտներ Իրանից։ 

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ժամը 14-ի սահմաններում՝ Երևանի Տիչինայի փողոց թիվ 120-ի մոտակայքում։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը այնտեղ էլիտար թաղամաս է կառուցում։

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ «շինաշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման պահանջները խախտելու (3 դրվագ)» առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ 

Կառուցապատող ընկերությունից պարզաբանել են՝ զոհվածներն իրենց մոտ չեն աշխատել, «Դեֆանս Հաուզինգ Ինվեստը» շինաշխատանքները կազմակերպել է կապալառու տասնյակ ընկերությունների հետ պայմանագիր կապելով, հետևաբար պատասխանատվություն չի կրում շինարարության մեջ ընդգրկված աշխատողների անվտանգության համար։

«[Մահվան ելքով դժբախտ պատահարը] տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ», — ասված է «Դեֆանս Հաուզինգի» տարածած հաղորդագրությունում։

«Ազատություն» ռադիոկայանի՝ պաշտոնապես դեռ չհաստատված տեղեկություններով, զոհվածներն աշխատել են «Շինվեկտոր» ընկերությունում, որին պատկանել է նաև վնասված կռունկը։

vtar2.jpg 

vtar5.jpg 

Դեպքից հետո տարածքը փակվել է, էլիտար թաղամասի շինարարությունը ժամանակավոր դադարեցվել է։ Դժբախտ պատահարից երկու ժամ անց մահացածների մարմինները դեռ տարհանված չէին։ Փրկարարները հատուկ տեխնիկա էին բերել՝ կռունկի կոտրված հատվածը կիսելու և դիերը տակից դուրս բերելու համար: Դեպքից երեք-չորս ժամ անց մարմինները տարհանվել են։

Քննչական կոմիտեից հաստատել են՝ զոհվածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի: News.am-ի տեղեկություններով, մահացածներից մեկը 37-ամյա կռունկավար Անդրանիկ Ա․-ն է։

Դեռևս հայտնի չէ՝ ով է կազմակերպելու իրանցիների վերադարձը հայրենիք և արդյոք շինաշխատանքները կազմակերպած ընկերությունը պատրաստվում է փոխհատուցում տրամադրել նրանց ընտանիքներին։

vtar4.jpg 

vtar3.jpg 

«Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում ևս մեկ աշխատող էր մահացել հուլիսի 20-ին։ Հաղորդվել էր, թե նա վայր է ընկել բարձրությունից։ 2025-ի սեպտեմբերին էլ «Դեֆանս Հաուզինգ» էլիտար թաղամասում ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը մայիսին ստուգումներ էր սկսել այստեղ։ Հայտնաբերված խախտումները վերացնելու պահանջը ձևակերպվել էր պաշտոնական կարգադրագրի տեսքով։ Երեկվա և հուլիսի 20-ի պատահարները տեղի են ունեցել Տեսչականի ստուգումներից հետո։

ՆԳՆ-ից դեռ օրեր առաջ էին փոխանցել «Հետքին», որ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում շինհրապարակներում արձանագրվել է 142 դեպք։ 2023-ին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել էր 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։ Այսինքն՝ 2023-2025 թվականներին պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։ 

Վերջին 3.5 տարում շինանվտանգության կանոնների խախտման հետևանքով 80 մարդ է մահացել։

Ըստ «Հետքի», քրեական վարույթների միայն փոքր մասն է հասնում դատարան։

Տեսչական մարմինների կարգադրագրերը մնում են թղթի վրա, դժբախտ պատահարների թիվն անշեղորեն աճում է։ Շինհրապարակները ընդհանուր առմամբ անվերահսկելի են։ «Դեֆանս Հաուզինգի» պես խոշոր ընկերությունները խուսափում են պատասխանատվությունից պարտականությունները արտապատվիրակելու և ավելի մանր կապալառու ընկերությունների վրա թողնելու միջոցով։

Պետական ռեգիստրում «Դեֆանս» անունով մի քանի ընկերություն կա գրանցված՝ «Դեֆանս» ՍՊԸ, որի 100 տոկոս բաժնետերը Վոլոդյա Գասպարյանն է, «Դեֆանս Հաուզինգ Ինվստ» ՓԲԸ, որի 100 տոկոս բաժնետերը Կարեն Կարապետյանն է, «Դեֆանս Հաուզինգ Ինվստ» ՓԲԸ ԱՐՀԿ, որի 100 տոկոս բաժնետեր է գրանցված Մկրտիչ Մարտիկյանը, «Դեֆանս Ռիելթի» ՍՊԸ, որի 100 տոկոս բաժնետերը կրկին Կարեն Կարապետյանն է, և «Դեֆանս տեխսնաբ» ՍՊԸ, որի 100 տոկոս բաժնետերը նույն Կարեն Կարապետյանն է։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստը» հիմնադրվել է 2008 թվականին։ Կարեն Կարապետյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում։


  • Լուսանկարները՝ «Ազատություն» ռադիոկայանի