Տան վարձը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ Իսպանիայում
Իսպանիայում նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։ Պատճառը երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերն են։ 87-ամյա կնոջը տնից հանել էին վարձը չվճարելու համար․ դեպքից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց իսպանական տասնյակ քաղաքներում։ Նրանք պահանջում են լուծել բնակֆոնդի ճգնաժամը, որի պատճառով վարձերը գնալով թանկանում են։
Ավելի վաղ Սանչեսի կառավարությունը փորձել է երկու թագավորական դեկրետ-օրենք ընդունել, որոնցով նախատեսում էր մեղմել երկրում սկսված բնակֆոնդի խնդիրը։ Մասնավորապես, ուզում էին արգելել վարձակալների վտարումը մինչև 2030 թվականը։ Կառավարությունն այսպես փորձում էր սահմանափակել նաև ներդրումային ֆոնդերի գործունեությունը բնակարանային ոլորտում։ Առաջարկը, սակայն, չեր ընդունվել խորհրդարանի կողմից։
Իսպանիայի բանկի տվյալներով, երկրում շուրջ 700 հազար բնակարանի պակաս կա։ Անցյալ տարի գներն աճել են 12,2 տոկոսով։ Բարսելոնայում և Մադրիդում վարձի գներն արդեն հասել են 23-24 եվրոյի մեկ քառակուսի մետրի դիմաց։
Բողոքի ցույցերը սկսվել են 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին տնից հանելու դեպքից հետո։ Կինն այդ բնակարանը վարձակալում էր ավելի քան 70 տարի։ Երկար տարիներ վարձը 500 եվրո է եղել, ինչն անհամեմատ ավելի քիչ է, քան այսօրվա շուկայական գինը։ 2018 թվականին Urbagestión ներդրումային կազմակերպությունը գնել է տունը և վարձի գինը թանկացրել մի քանի անգամ։ Թոշակառու կինն ի վիճակի չէր այդքան գումար վճարել։ Կազմակերպությունը երեք անգամ փորձել է Մարիկարմենին վտարել տնից, բայց երեք անգամն էլ դատարանն արգելել է։ Չորրորդ անգամ կնոջը տնից դուրս են հանել պատգարակով, որից հետո նա հոսպիտալացվել է։ Դեպքից հետո Իսպանիայով մեկ բողոքի ցույցեր են սկսվել։ Մի խումբ ցուցարարներ արդեն մի քանի օր գիշերում են Մադրիդի Պուերտա-դել-Սոլ կենտրոնական հրապարակում ստեղծված վրանային ճամբարում։
Հոկտեմբերի 3-ին Իսպանիայի տասնյակ քաղաքներում բազմահազարանոց երթեր էին։ Ցուցարարները պահանջում էին պաշտպանել վարձով ապրողներին։ Վալենսիայում բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանության միջև։ Ամենամեծ բողոքի ակցիան մայրաքաղաք Մադրիդում էր։ Կազմակերպիչը՝ Վարձակալների միությունը, հայտարարել է, թե ցուցարարների թիվը հասել է 500 հազարի։ Կառավարության գնահատմամբ, Մադրիդում փողոց է դուրս եկել շուրջ 70 հազար մարդ։ Վարձակալների միությունը կոչ է արել մայրաքաղաքում համընդհանուր գործադուլ սկսել։
Ավելի ուշ Մարիկարմեն Աբասկալի փաստաբան Բեատրիս Դուրոն հայտնել է, որ անշարժ գույքի սեփականատեր կազմակերպությունը համաձայնել է բնակարանը նորից վարձով տալ 87-ամյա կնոջը՝ թանկացումներից առաջվա գնով։ Բողոքի ցույցերը, սակայն, շարունակվել են։
Վարչապետ Պեդրո Սանչեսը՝ հայտարարելով 2027 թվականի ամռանը նախատեսվող ընտրություններն այս տարվա նոյեմբեր տեղափոխելու որոշման մասին․ նշել է, որ «Իսպանիան վերջին տարիներին ամբողջ աշխարհի համար դարձել է խաղաղության, ֆեմինիզմի և բարգավաճման սիմվոլ», իսկ իր կառավարությունը կարողացել է տնտեսական աճ ապահովել։ Նա ընդունել է, որ կառավարությունը նաև «սխալներ է գործել և չի կարողացել անել այն ամենը, ինչ խոստացել էր»։ «Ժամանակն է, որ Իսպանիայի ժողովուրդը որոշի, թե ինչ ապագա է ցանկանում իր և իր երկրի համար», — ասել է Սանչեսը։
Սանչեսը Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունից է։ Պաշտոնը զբաղեցնում է 2018-ի հունիսից։ 2023-ի ընտրություններում Սոցիալիստական կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ամենաշատ մանդատները ստացել է պահպանողական Ազգային կուսակցությունը։ Սանչեսը մնացել է վարչապետի պաշտոնում այլ ձախ կուսակցությունների հետ համաձայնության գալու և կատալոնական ու բասկական ազգայնական շարժումների, նաև այդ շրջանների անկախացաման կողմնակիցների հետ միավորվելու շնորհիվ։
Սանչեսի վերջին հայտարարությունից ուրախացել են թե՛ աջերը, թե՛ ձախերը։ Բոլորը պատրաստվում են գալիք ընտրություններին։
Երևանում տների գների մասին՝ այստեղ: