Ինչո՞ւ էին խնձոր բաժանում Ռուսաստանի դեսպանատան մոտ
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում առաջին Պետդումայի ընտրություններն էին։ Իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 57.8%-ը, այսինքն՝ 450 մանդատից 355-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է նույնիսկ Պուտինի կուսակցության համար։ Կոմունիստական կուսակցությունը հավաքել է ձայների 13.8%-ը, 40 մանդատ, Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը՝ 9.0%, 25 մանդատ, «Նոր մարդիկ»՝ 8.0%, 20 մանդատ։ «Միասնական Ռուսաստանը» հայտարարել է, որ իր պատգամավորների ցանկում պատերազմի 49 մասնակից կա, այսինքն եթե նրանք խորհրդարանում առանձին խմբակցություն ստեղծեին, ապա կգերազանցեին կոմկուսին։
Մասնակցությունը կազմել է մոտ 59.3%։

Բայիր Ցիրենովը չի ընտրվել։


Սեպտեմների 18-20-ը Ռուսաստանում ընտրում էին 450 պատգամավորների՝ հինգ տարով. կեսը դաշնային կուսակցական ցանկերից, կեսը՝ միամանդատ շրջաններից։
Հայաստանում վերջին օրը կարելի էր քվեարկել երկու տեղամասերում. Երևանի ՌԴ դեսպանատանը և Գյումրիի հյուպատոսությունում, քվեարկություն էր կազմակերպվել նաև Գյումրիի ռազմական բազայում և Երևանի «Էրեբունի» ավիաբազայում։ Ընտրությունների վերջին օրն էր անց կացվում նաև «Կեսօր` հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիան՝ մտածված 2024-ի մարտի 17-ի «Կեսօր` ընդդեմ Պուտինի» ակցիայի նմանությամբ։ Նոխորդ անգամ ակցիայի նպատակը ձևակերպվել էր այսպես.
«Կաշխատի՞։ Այո՛։ Ակցիայի նպատակն է ցույց տալ Պուտինին, էլիտաներին, ուժայիններին, ամբողջ աշխարհին, բայց առաջին հերթին՝ ինքներս մեզ, որ թագավորը մե՛րկ է։ Մենք ավելի շատ ենք ու ավելի ուժեղ, քան թվում է։ Մենք կարող ենք քանդել Պուտինի համաժողովրդական աջակցության պատրանքը, պայքարել հուսահատության դեմ, հույս և ուժ ձեռք բերել հետագա դիմադրության համար»։


2024-ի գարնանը Երևանում ՌԴ դեսպանատան շուրջ գրեթե փակ շղթա էր կազմվել՝ սկսած Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկից։ Այս անգամ մարդիկ զգալի քիչ էին, հերթը հազիվ ձգվում էր մինչև Երևանի պատմության թանգարան։ Բայց այս տարվա ակցիան ակնհայտորեն ավելի մեծ սիմվոլիկ նշանակություն ուներ։ Հերթում շատերը կրկնում էին 2024-ի գաղափարներն այն մասին, որ քվեարկության միջոցով հնարավոր է էլիտաներին ցույց տալ անհամաձայնությունն ու այդպիսով գոնե մի քիչ թուլացնել ճնշումները։
2026-ի հունիսին Իլյա Յաշինի նախաձեռնությամբ անց էր կացվել «Խաղաղ Ռուսաստան» վտարանդի կուսակցության հիմնադիր համագումարը։ Նրանք էին ծրագրել «Կեսօր` հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիան և կոչ արել Ուկրաինայի հետ պատերազմին դեմ քաղաքացիներին գալ ամբողջ աշխարհում գործող ընտրական տեղամասերի մոտ քվեարկության վերջին օրը՝ սեպտեմբերի 20-ին 12:00-ին։
«Ի՞նչ անել ընտրությունների ժամանակ, երբ հակապատերազմական կուսակցություն քվեաթերթիկներում այլևս չկա։ Հաստատ ոչ բոյկոտել ու մնալ տանը։ Մենք առաջարկում ենք գնալ ընտրության և քվեարկել ընդդեմ «Միասնական Ռուսաստանի»։ Ու կարևորը՝ միասին»։
Այդպիսի մարտավարություն է ընտրվել, քանի որ «Յաբլոկո» կուսակցությունը, որը դեմ է Ուկրաինայի պատերազմին, հանվել է ընտրություններից օգոստոսի 10-ին՝ Գերագույն դատարանի որոշմամբ։ Ի թիվս այլ բաների, որպես խախտում են ճանաչվել նաև «Թող միշտ լինի արևը», «Միայն թե պատերազմ չլինի» արտահայտությունների կիրառումը և ChatGPT-ով գեներացված նկարները։ Ավելի վաղ «Յաբլոկոյին» ընտրելու կոչեր էր անում վտարանդի ընդդիմությունը, այդ թվում՝ Յուլիա Նավալնայան։ Instagram-ում թրենդ էր տարածվել, սկզբում «Яблоко» IOWA & Ёлка երգի օրիգինալի տակ, հետո փոխած բառերով՝ «Похуй за кого, лишь бы не Едро»։ Երևանում քվեարկության հերթի ժամանակ մարդիկ կրկնում էին թրենդն ու միմյանց խնձոր էին տալիս, միանգամից չէին ուտում, պահում էին որպես խորհրդանիշ։
Ընտրություններից կարճ ժամանակ առաջ պատերազմին դեմ էին խոսել նաև ռուսական Կոմկուսի մի քանի թեկնածուները։ Բուրյաթիայի (հանրապետությունից պատերազմում զոհվել է 5226 մարդ) Կոմկուսից Պետդումայի պատգամավորի թեկնածու Բայիր Ցիրենովը հեռուստատեսային նախընտրական հոլովակներում օգտագործում էր «Իշխանությունը՝ ժողովրդին, խաղաղություն աշխարհին» կարգախոսը և մեջբերումներ քաղաքացիներից. «Ե՞րբ է վերջանալու «հատուկ օպերացիան»», «Ինչո՞ւ արգելափակել ինտերնետը», «Ինչպե՞ս ապրել այսպիսի հարկերով», «Ինչո՞ւ է ամեն ինչ թանկանում», «Ինչո՞ւ իշխանությունները մեզ չեն հավատում»։

«Տեղյակ չեմ էդ պատմությունից, չգիտեմ` ինչո՞ւ Յաշինը չեկավ», - ասում էր դեսպանատան մոտ հավաքաված քվեարկողների հերթում կանգնածներից մեկը։
Սեպտեմբերի 20-ին Յաշինը պետք է Երևան գար, վերջերս իր կյանքի մասին վավերագրական սերիալ է թողարկել.
«Ամեն սերիա ընդգրկում է մեկ օր՝ լի ցույցերով, հանդիպումներով, վեճերով, աշխատանքով, սպորտով, կենցաղով… <...> Օպերատորը կամերայով քայլում է հետևիցս, ստվերի պես, և ֆիքսում դետալներ, որոնք որպես կանոն թաքցված են լայն հանրությունից»։
Սերիալի նկարահանումները Հայաստանում չկայացան, Յաշինին զգուշացրել էին այցի հետ կապված որոշ ռիսկերի մասին. «Մանրամասներ ասել չեմ կարող, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է»։ Չնայած գլխավոր հերոսի բացակայությանը՝ ակցիան կայացավ։ Բայց ոչ թե կեսօրին, այլ ցերեկը 1-ին։ «Կովչեգ» կազմակերպության ներկայացուցիչները շրջում էին հերթի մոտ՝ կոչ անելով մասնակցել ցույցին։ Քարոզը դեսպանատան մոտ արգելվում էր, պաստառները բացել էին Ռուսաստանի հրապարակում։

ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ընտրություններում առաջնորդում է «Միասնական Ռուսաստանը» (57,48%), հետո գալիս է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը (14,03%)։ Բուրյաթիայում, որտեղ առաջադրվել է Բայիր Ցիրենովն իր հակապատերազմական դիրքորոշմամբ, կուսակցությունը հավաքել է 23,64%՝ ինչը կրկնակի գերազանցում է կուսակցության համառուսական ցուցանիշը։ Հաջորդը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է (ЛДПР, 8,75%), հետո՝ «Նոր մարդիկ» (8,01%) և «Արդար Ռուսաստանը» (5,01%)։ ԿԸՀ-ն նշել է, որ մասնակցությունը հասել է մոտավորապես 57 տոկոսի, ինչը 1993-ի, 2016-ի և 2021-ի ընտրությունների ցուցանիշներից ավելին է։ Դա նկատել է նաև «Նոր մարդիկ» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Նեչաևը. նա շնորհակալություն է հայտնել ընտրող-միգրանտներին և հայտարարել, որ վտարանդի քաղաքական գործիչներն ուզում են «հենվել» իր կուսակցության հաջողության վրա։
.jpg)
.jpg)
Ընտրություններին մասնակցելու իմաստների մասին դեսպանատան մոտ հավաքվածները կիսվում են «Այստեղ անտեսանելի հակապատերազմական պաստառ է. ՌԴ ընտրությունները Երևանում» ռեպորտաժում։
Անաստասիա Կարկոցկայա