Շներին կերակրող կնոջը ծեծել են Արմավիրում
Արմավիր քաղաքում հարևանները ծեծել են 55-ամյա Նարինե Հունանյանին, երբ նա փորձել է թույլ չտալ, որ նրանք ծեծեն թափառող շանը։ Նառայի խոսքով, տղամարդիկ՝ հայր և որդի, հարձակվել էին շան վրա ձողով ու քարերով։ Իրեն ասել են․ «Քեզ էլ կսպանենք, շներիդ էլ»։ Կինը ստացել է հարվածներ գլխին և ձեռքերին։ Շունը ծեծից հետո ոչինչ չի ուտում ու չի խմում։
Նույն օրը Այգեգործական փողում հավաքվել էին Նառայի ընկերուհիները՝ կենդանասեր ակտիվիստներ Էջմիածնից․ «Դե թող հիմա դուրս գան, տեսնենք, ո՞նց են ծեծելու միայնակ կնոջը»։ Ծեծի մեջ մեղադրվող տղամարդը եկել էր ոստիկանների հետ միասին։ Նա ասում էր, թե քննչականում իրեն խոստացել են, որ քրեական գործ կհարուցեն Նառայի վրա, եթե «սեռական հայհոյանքներ տա»։
«30 հոգով հարձակվել են իմ վրա, անզորությունից քֆուր եմ տվել։ Իմ կյանքն այս փողոցում 13 տարի կերել են։ Կենդանասպան են, մարդկասպան են, դոմիկս ջարդել են։ Ամբողջ օրը ինձ են քննարկում՝ տաքսիով ա ման գալիս, երբ գնացի, երբ եկա, հովանավոր ունի։ Լոմբարդն ա իմ հովանավորը, պարտքերով եմ կերակրում փողոցային կենդանիներին», — ոստիկաններին ասում էր կինը։
Արդեն երեկոյան հայհոյում էին բոլոր հարևան տղամարդիկ, որոնք համոզված էին, որ հայհոյանքը հարիր չէ միայն «հայ կնոջը»։
***
Նարինեն Այգեգործական փողոցի իր տան բակում 6-7 շուն է պահում, կերակրում է նաև դրսի շներին։ Հարևաններին դա դուր չի գալիս։ Նառան շներին անընդհատ ծեծված վիճակում է գտնում, բազմաթիվ տեսանյութեր ունի։ Չորս ամսվա մեջ սպանել են 7 շանը․ մի մասին թունավորել են, մի մասին խփել են քարերով, ավտոյի տակ գցել։
Հարևանները բողոքում են, որ շները վախեցած են և ագրեսիվ։
Մարզերում թափառող կենդանիները տարեցտարի շատանում են, քանի որ համայնքապետարանները պատշաճ ստերջացում չեն կազմակերպում։ Նառան և նրա ընկերները պայքարում են, որ ՏԻՄ մարմինները ինչ-որ լուծում տան խնդրին։ Նրանք մի քանի անգամ դիմել են Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանին՝ անտուն շների համար կացարան ստեղծելու պահանջով։ Դիմումը մերժվում է, քանի որ կենդանիների համար փող չկա։
Նառայի հարևաններն այս դիմումներին չեն միացել։ Վերջին տարիներին նրանք միավորվել են կենդանասեր հարևանուհու դեմ, որին մեղադրում են «վատ մարդ» լինելու մեջ։ 2024 թվականին, օրինակ, ստորագրահավաք էին արել՝ պահանջելով մեկուսացնել նրան հոգեբուժարանում։ Ոստիկանությունից Նառային զանգել էին և ասել, թե բացահայտել են նրա շներից մեկի սպանության գործը։ Արդեն բաժնում 10 ոստիկաններ կնոջը մտցրել էին շտապօգնության մեքենան և տարել հոգեբուժարան։ Հանձնաժողովը նրա մոտ պաթոլոգիաներ չէր հայտնաբերել և բաց էր թողել տուն։ Այս հարցով ևս քրեական գործ կա հիմա։
Կենդանապաշտպանների դեմ համայնքները համախմբվել են նաև Վանաձորում, Մասիսում, Էջմիածնում և այլուր։ Վանաձորում հարևանները ստորագրահավաք են արել և դիմել ոստիկանություն՝ պահանջելով պատժել Սուսաննա Ղազարյանին, որն իր թաղում սոված կենդանիների է կերակրում։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան Էջմիածնում հրացանով կրակել և սպանել են կենդանասեր Սոֆիի շանը։
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները պնդում են, որ քաղաքապետարանները, անտուն շների կացարան սարքելու փոխարեն, հավաքում են թափառող կենդանիներին, հանձնում նրանց Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ին, ստերջացման վրա փողեր լվանում, կենդանիներին տանում քաղաքից քաղաք։