Home / Մշակույթ / Պարտքի մասին

Պարտքի մասին

Դեյվիդ Գրեբերի «Պարտք․ Առաջին հինգ հազար տարին» գրքից

երկու հատված առաջին գլխից

Ինչո՞ւ հենց պարտքը։ Ի՞նչն է այս կոնցեպտն այդքան տարօրինակորեն ուժեղ դարձնում։ Սպառողական պարտքը մեր տնտեսության զարկերակն է։ Ժամանակակից բոլոր ազգային պետությունները կառուցված են բյուջեի պակասուրդի վրա։ Պարտքը միջազգային քաղաքականության կենտրոնական խնդիրն է դարձել։ Բայց ոչ ոք կարծես չգիտի՝ դա կոնկրետ ինչ է, կամ ինչպես է պետք մտածել դրա մասին։ 

Այն, որ մենք չգիտենք՝ պարտքն ինչ է, հենց կոնցեպտի ճկունությունը դրա ուժի հիմքն է։ Պատմությունը մեզ մի բան է ցույց տալիս․ չկա բռնության վրա հիմնված հարաբերություններն արդարացնելու, այդ հարաբերությունները որպես բարոյական ներկայացնելու ավելի լավ ձև, քան դրանք պարտքի լեզվով վերաշրջանակելը, նախևառաջ որովհետև տպավորություն է ստեղծվում, որ զո՛հն է մի բան սխալ անում։ Մաֆիոզները սա հասկանում են։ Հասկանում են նաև նվաճող բանակների հրամանատարները։ Հազարամյակներ շարունակ ագրեսորներին հաջողվել է համոզել զոհերին, որ հենց զոհերն են իրենց ինչ-որ բան պարտք։ Հեչ որ չէ՝ նրանք իրենց «կյանքով են պարտական» (սա խոսուն արտահայտություն է) զուտ որովհետև չեն սպանվել։

Մեր օրերում, օրինակ, ռազմական ագրեսիան սահմանվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, միջազգային դատարանները, երբ գործը հասնում է նրանց, ագրեսորից սովորաբար փոխհատուցում են պահանջում։ Գերմանիան պարտադրված էր մեծածավալ հատուցում վճարել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Իրաքը դեռ վճարում է Քուվեյթին Սադդամ Հուսեյնի 1990թ․ ներխուժման համար։ Բայց Երրորդ աշխարհի՝ Մադագասկարի, Բոլիվիայի և Ֆիլիպինների նման երկրների պարտքը կարծես ճշգրտորեն հակառակ ձևով է աշխատում։

Երրորդ աշխարհի գրեթե բոլոր պարտապան ազգերը ժամանակին հարձակման են ենթարկվել և գրավվել Եվրոպական երկրների կողմից՝ հաճախ հենց այն երկրների, որոնց հիմա փող են պարտք։ 

1895 թվականին, օրինակ, Ֆրանսիան ներխուժել է Մադագասկար, ցրել տեղի կառավարությանը՝ Ռանավալոնա III թագուհուն, և երկիրը ֆրանսիական գաղութ հռչակել։ «Խաղաղություն հաստատելուց» հետո, ինչպես իրենք են սիրում ասել, առաջին բանը, որ արել է Գեներալ Գալիենին՝ մալագասի բնակչության վրա ծանր հարկեր սահմանելն էր։ Նրանք պարտավոր էին փոխհատուցել ներխուժված լինելու ծախսերը և, քանի որ ենթադրվում էր, որ ֆրանսիական գաղութները հարկաբյուջետային առումով պետք է ինքնապահովվող լինեն՝ վճարել երկաթուղիների, մայրուղիների, կամուրջների, տնկաստանների և այն ամենի համար, ինչ ցանկանում էր կառուցել ֆրանսիական ռեժիմը։ Մալագասի հարկատուներին երբևիցե չեն հարցրել՝ իրենք երկաթուղիներ, մայրուղիներ, կամուրջներ և տնկաստաններ ուզո՞ւմ են, ոչ ոք չի տեղեկացրել՝ որտեղ կամ ինչպես են դրանք կառուցվելու։ Հակառակը՝ հետագա հիսուն տարիների ընթացքում ֆրանսիական բանակն ու ոստիկանությունը սպանել են մեծաթիվ մալագասիների՝ նրանց, ովքեր չափազանց ուժեղ էին ընդդիմանում իրերի այս դասավորությանը։ Որոշ զեկույցների համաձայն՝ կես միլիոնից ավել մարդ է սպանվել 1947 թվականի միայն մեկ ապստամբության ժամանակ։ Այնպես էլ չէ, որ Մադագասկարը երբևէ ինչ-որ համեմատելի վնաս է պատճառել Ֆրանսիային։ Հենց ամենասկզբից մալագասի ժողովրդին ասվել է, որ իրենք Ֆրանսիային գումար են պարտք։ Մինչ օրս մալագասի ժողովուրդը Ֆրանսիային պարտք է այդ գումարը։ Մնացած աշխարհը ընդունում է, որ այս իրադրությունն արդար է։ «Միջազգային հանրությունը» բարոյական խնդիր է տեսնում միայն նրանում, որ մալագասի կառավարությունը դանդաղ է փակում իր պարտքերը։ 

Բայց պարտքը միայն հաղթողի արդարությունը չէ՛։ Պարտքը նաև ձև է՝ պատժելու հաղթողներին, որոնք չպետք է հաղթեին։ Ամենաակնառու օրինակը Հայիթիի Հանրապետության պատմությունն է՝ առաջին աղքատ երկիրը, որը պերմանենտ պարտային բատրակության տակ է առնվել։ Հայիթին հիմնադրվել է տնկաստանների նախկին ստրուկների կողմից, որոնք անխոհեմություն են ունեցել ոչ միայն ապստամբելու՝ մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հռչակագրերի ֆոնին, այլև հաղթելու Նապոլեոնի բանակին, որն եկել էր նրանց անազատության վերադարձնելու։ Ֆրանսիան միանգամից հայտարարեց, որ նոր հանրապետությունն իրեն 150 միլիոն ֆրանկ է պարտք՝ պետք է վճարի օտարված տնկաստանների համար և փոխհատուցի ձախողված ռազմական էքսպեդիցիաների սպառազինման ծախսերը։ Բոլորը, ներառյալ Միացյալ Նահանգները, համաձայնեցին էմբարգո սահմանել, քանի դեռ այդ պարտքը վճարված չէ։ Գումարի չափը միտումնավոր անտանելի էր՝ համարժեք մոտավորապես 18 միլիարդ դոլարին, իսկ հաջորդած էմբարգոյի շնորհիվ «Հայիթի» անունը դարձավ պարտքի, աղքատության ու մարդկային տառապանքի հոմանիշը։

<․․․>

Պարտքի շուրջ բանավեճերը շարունակվում են արդեն ամենաքիչը հինգ հազար տարի։ Մարդկության կամ առնվազն պետությունների ու կայսրությունների պատմության գրեթե ողջ ընթացքում մարդկանց մեծամասնությանն ասվել է, որ իրենք պարտապաններ են։ 

Պատմաբանները, և մասնավորապես՝ գաղափարների պատմաբանները, տարօրինակ կերպով հաճախ են անտեսել սրա մարդկային հետևանքները, հատկապես հաշվի առնելով, որ այս իրավիճակը, առավել քան բոլոր մյուսները, շարունակական վրդովմունք ու դժգոհություն է առաջացրել։ Ասա մարդկանց, որ իրենք ստորադաս դիրքում են՝ դժվար թե նրանք գոհ մնան, բայց սա զարմանալիորեն հազվադեպ կտանի զինված ապստամբության։ Ասա մարդկանց, որ իրենք կարող էին հավասարի դիրքում լինել, բայց դա իրենց չի հաջողվել և հետևաբար՝ նույնիսկ այն, ինչ նրանք արդեն ունեն, վաստակված չէ, օրենքով իրենցը չէ, և շատ ավելի հավանական է, որ դա զայրույթ կառաջացնի։ 

Անշուշտ պատմությունը մեզ հենց սա է սովորեցնում։

Հազարամյակներ շարունակ հարուստների ու աղքատների միջև պայքարը ընթացել է պարտատիրոջ ու պարտապանի միջև ընդհարումների ձևով՝ վեճեր տոկոսները մարելու ճիշտ ու սխալի, պարտային բատրակության, համաներման, բռնագանձման, փոխհատուցման, ոչխարների առգրավման, խաղողայգիների բռնագրավման, պարտապանի երեխաներին ստրկության տալու շուրջ։

Վերջին հինգ հազար տարվա ընթացքում ուշագրավ պարբերականությամբ խռովությունները սկսվել են նույն ձևով՝ պարտային գրառումների (կախված ժամանակից և վայրից՝ հուշատախտակների, պապիրուսների կամ մատյանների) ծիսական ոչնչացմամբ (հետո ապստամբները, որպես կանոն, գնում էին հողատիրության և հարկադրության հաշվեգրքերի հետևից)։ Ինչպես մեծ դասականագետ Մոզես Ֆինլին է սիրում կրկնել՝ անտիկ աշխարհում բոլոր հեղափոխական շարժումները միևնույն ծրագիրն ունեին․ «Չեղարկել պարտքերն ու վերաբաշխել հողերը»։

Այս իրողությունն անտեսելու մեր միտումն առավել արտասովոր է թվում, երբ հասկանում ենք՝ որքանով է բարոյականության և կրոնի ժամանակակից լեզուն սերվել ուղղակիորեն հենց այս ընդդիմահարությունից։ «Դատաստան» (անգլ․ reckoning՝ հաշվարկ) և «հատուցում» (անգլ․ redemption՝ քավություն, պարտավճարում) եզրույթները ամենաակնհայտ օրինակներն են, դրանք ուղղակիորեն վերցվել են ֆինանսների անտիկ լեզվից։ Ավելի լայն իմաստով նույնը կարելի է ասել «հանցանք» (guilt), «ազատություն» (freedom), «ներում» (forgiveness) և նույնիսկ «մեղք» (sin) բառերի մասին։

Ով, ում և ինչ է պարտք հարցի շուրջ վեճերը կենտրոնական դեր են խաղացել ճշտի ու սխալի մասին մեր բառաֆոնդի ձևավորման գործում։

Փաստը, որ այս լեզվի մի ստվար հատված ձևվել է պարտքի շուրջ խոսակցություններում, մտապատկերը ավելի շփոթ է դարձնում։ Ի վերջո, թագավորի հետ վիճելիս պետք է խոսել թագավորի լեզվով՝ անկախ նրանից, որքանով իմաստ ունեն նախադրյալները։

Եթե նայենք պարտքի պատմությանը, առաջին բանը, որ կբացահայտենք՝ խորը բարոյական շփոթությունն է։ Դրա ակնհայտ դրսևորումն է. գրեթե ամենուրեք կարելի է տեսնել, որ մարդիկ միաժամանակ վստահ են, որ (1) պարտքով վերցրած փողը վերադարձնելը տարրական բարոյականության հարց է, և (2) պարտքով փող տվողը մարմնավորում է չարիքը։

թարգմանել է Մարուսյա Սեփխանյանը