Վենետիկի հիվանդանոցում 59 տարեկան հասակում մահացել է մարդաբան, անարխիստ ակտիվիստ Դեյվիդ Գրեբերը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ նկարչուհի Նիկա Դուբրովսկայան։ Մահվան պատճառը դեռևս պարզ չէ։
Գրեբերը մարդաբանության պրոֆեսոր էր Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ Հայտնի է կապիտալիզմի, քաղաքականության և բյուրոկրատիայի մասին իր գործերով։
Ամենահայտնի գիրքը՝ «Պարտք։ Պատմության առաջին 5000 տարին», թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով։ Այս գրքում նա ուսումնասիրում է սոցիալական հարաբերությունները, որոնք հիմնված են փողի վրա, և այն բռնությունը, որ կա դրանց հետևում։ Գրքում Գրեբերը վերլուծում էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառներն ու դա հաղթահարելու համար կոչ է անում դուրս գրել պետական ու սպառողական պարտքերը։
Գրեբերը ծնվել է 1961 թվականին, Նյու Յորքում։ Հայրը Իսպանիայում մասնակցել է քաղաքացիական պատերազմին հանրապետականների կողմից՝ Ինթերբրիգադի կազմում․ զինված խմբավորում, կազմված ձախ հայացքներ կիսող օտարերկրացիներից։
Բակալավրի աստիճանը Գրեբերը ստացել է Նյու Յորք նահանգի Փըրչեյզ համալսարանում, մագիստրատուրան և PhD֊ն՝ Չիկագոյի համալսարանում։ Այստեղ նա Ֆուլբրայթի կրթաթոշակ է ստացել ու մեկնել Մադագասկար՝ դաշտային մարդաբանական հետազոտությունների։
Գրեբերն անդամակցում էր Աշխարհի արդյունաբերական բանվորների արհմիությանը, 2002-ին մասնակցում էր Նյու Յորքի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ հարթակն օգտագործելով Մեծ Բրիտաիայում այդ ժամանակ ընթացող ուսանողական բողոքների մասին բարձրաձայնելու համար։
Occupy Wall Street շարժման հիմնական գաղափարաբաններից էր։
Occupy շարժման մասնակիցներն ի նշան կորպորացիաների ճնշող տիրապետության դեմ բողոքի, 2011 թվականին գրավել էին Նյու Յորքի ֆինանսական կենտրոնի Ուոլ֊սթրիթ փողոցը։
Այդ ժամանակ հայտնի էր դարձել «Մենք ենք 99 տոկոսը» կարգախոսը։ 2011-ի նոյեմբերին Rolling Stone ամսագիրը գրում էր, որ կարգախոսի հեղինակը Գրեբերն է։ Ավելի ուշ Գրեբերը The Democracy Project֊ում գրել է, որ կագախոսը «կոլեկտիվ ստեղծագործության արդյունք է»։
Նույն թվականի օգոստոսի 2-ին մասնակցել է Նյու Յորքի Քաղաքային Գերագույն ժողովի ստեղծմանը։ ժողովը շուրջ 60 մասնակից ուներ։ Կազմակերպվում էին հանդիպումներ, զրույցներ ու դասընթացներ ոչ բռնի դիմադրության ձևերի մասին։
2019 թ. Հոկտեմբերի 11-ին, Գրեբերը Թրաֆալգարի հրապարակում տեղի ունեցող «Բնաջնջման ապստամբություն» կոչված բողոքի ակցիայի ժամանակ խոսել է «անհեթեթ աշխատատեղերի» և շրջակա միջավայրի վնասների միջև փոխհարաբերությունների մասին։ Նա բնապահպանական շարժմանը կոչ է արել այդ աշխատատեղերը դիտարկել որպես լուրջ խնդիր՝ ոչ անհրաժեշտ շինարարության և նմանատիպ աշխատանքների հետ համատեղ։