Մեր ուղեղը լրիվ սիմետրիկ չէ։ Երկար ժամանակ կարծում էին, որ այն ասիմետրիկ է դարձել, քանի որ մեր հիմնական կոգնիտիվ գործառույթները բնութագրվում են ֆունկցիոնալ ասիմետրիայով։ Լավ օրինակ է լեզուն․ մարդկանց մեծամասնության համար այն հիմնականում մշակվում է ձախ կիսագնդում, գրում է Le Monde-ն։
«Կարծիք կար, որ այդպիսի ասիմետրիան հատուկ է միայն մարդկային գլխուղեղին։ Հարկ է վերանայել այդ անհիմն գոռոզությունը։ Science Advances ամսագրի փետրվարի 14-ի համարում ներկայացված հետազոտությունը ցույց է տալիս, որ նման սիմետրիա կա նաև գորիլաների և օրանգուտանների գլխուղեղում», – գրում է հոդվածի հեղինակ Ֆլորանս Ռոզյեն։
«Ուղեղի ասիմետրիան մարդու առաջացումից ավելի շուտ է ի հայտ եկել»,- ընդգծում է Լեյպցիգի (Գերմանիա) Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի մարդու էվոլյուցիայի բաժնի ղեկավար Ժան Ժակ Հյուբլեն, ով հետազոտության համահեղինակներից է։
Դա է պատճառը, որ մեր ուղեղի զարգացումը չի ընթացել առաջադրանքները երկու կիսագնդերի միջև բաժանմամբ։ Տեղի է ունեցել հակառակը։ Մարդու օրգանիզմն այդ արդեն գոյություն ունեցող ուղեղային ասիմետրիան օգտագործել է ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիայի համար՝ այն կիրառելով իր շարժողական և կոգնիտիվ ֆունկցիաների իրականացման համար։ Առաջադրանքների ավելի արդյունավետ բաշխում է տեղի ունեցել։
«Մարդու ուղեղի աջ կիսագնդի դիմային մասը փոքր ինչ դեպի ձախ է շեղված, իսկ ձախ կիսագնդի հետևի հատվածը շեղված է դեպի աջ», – ամփոփում է Փարիզի Պիտյե֊Սալպետրիեր հիվանդանոցի Գլխուղեղի և ողնուղեղի ինստիտուտի հետազոտությունների բաժնի ղեկավար, նյարդաբան Պաոլո Բարտոլոմեոն։
Այդ ասիմետրիան գնահատելու համար, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մարդու և պրիմատների գլխուղեղի ներքին խոռոչները։ Դիտարկվել են 95 մարդկանց (Աֆրիկայից, Ասիայից, Եվրոպայից, Ամերիկայից), 47 շիմպանզեների, 43 գորիլաների, 43 օրանգուտանների էնդոկրաններ։ Արդյունքը ցույց է տվել, որ ուղեղի այդպիսի ասիմետրիան մարդկանց, գորիլաների ու օրանգուտանների մոտ նույնատիպ է։ Մասնավորապես, քունքային ասիմետրիա հայտնաբերվել է ուսումնասիրվող երեք մարդանման կապիկներ մոտ։ Հետաքրքրական է այն, որ շիմպանզեն, որը մեզ ամենամոտն է, ասիմետրիայի ամենափոքր աստիճանն ունի։ Իսկ քանի որ հենց շիմպանզեներն էին դիտարկվում որպես կողմնորոշիչ, երկար ժամանակ մնացել է այն վարկածը, որ ուղեղային ասիմետրիան բնորոշ է բացառապես մարդկանց։
Մեր տեսակի մոտ լավ զարգացած է ուղեղիկը, որը ոչ միայն շարժողական գործառույթների համար է պատասխանատու։ «Նեոկորտեքսի հետ բազմակի կապերի շնորհիվ ուղեղիկը մասնակցում է նաև մեր սոցիալական փոխհարաբերույթունների, սիմվոլիկ պատկերացումների կազմակերպմանը», – նշում է Ժան Ժակ Հյուբլեն։