Հնէաբանների շրջանում մինչև հիմա վիճելի հարց է մնում 66 միլիոն տարի առաջ դինոզավրերի ոչնչացման պատճառը․ աստղակերպի անկո՞ւմ, թե՞ բազմաթիվ հրաբուխների ժայթքում։
Այդ շրջանում Երկիր մոլորակի կլիմայի փոփոխությունների մասին նորագույն տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների խմբի ղեկավար Փոլ Ուիլսոնը վստահ է, որ պատճառն աստերոիդի անկումն է։
Համաշխարհային օվկիանոսի ընդհատակյա նստվածքաշերտերի քիմիական կառուցվածքի անալիզը ցույց է տվել, որ Հնդկաստանում այդ ժամանակահատվածում ընթացող հրաբխային ժայթքումները չէին կարող ամբողջական տեսակների վերացման պատճառ դարձած կլիմայական այնպիսի փոփոխությունների հանգեցնել։
Հրաբխականությունը կարող է ոչ միայն գերտաքացնել մթնոլորտը, այլ նաև սառեցնել․ կախված է արտանետված նյութերի տեսակներից։ Հրաբխային փոշու ու մոխրի հսկայական քանակությունները կարող են զգալի նվազեցնել մթնոլորտային ջերմաստիճանը, ինչպես օրինակ 1815-ին Եվրոպայում։
Հնդկաստանի Դեկանի սարահարթի տրապերը՝ ընդարձակ մագմատիկ շրջան, մի քանի հազար տարի ակտիվ հրաբխային ժայթքումների գոտի են եղել․ հազարավոր խորանարդ կիլոմետր ծավալով լավա է արտահոսել։
Այժմ գիտնականները հերքում են այդ ժայթքումների և դինոզավրերի անհետացման միջև կապի մասին հիպոթեզը։ Միացյալ Նահանգներից ու
Եվրոպայից գիտնականների մի խումբ հետազոտել է Ատլանտիկայի հյուսիսում հատակի հորատման միջոցով ստացված նստվածքային նմուշները։
«Օվկիանոսի խորը շերտերից ստացված նմուշներում Foraminifera ընտանիքի մանրադիտակային ծովային օրգանիզմների մնացորդներ կան։ Օվկիանոսային կավի մի թեյի գդալում պարունակվում են շուրջ հազար այդպիսի օրգանիզմներ։ Նրանց խիտինային ծածկույթի բաղադրության ուսումնասիրությամբ կարելի է պատկերացում կազմել այդ շրջանում օվկիանոսային ջրի բաղադրության ու ջերմաստիճանի մասին։ Դրանով կարելի է մանրամասն նկարագրել կլիմայական փոփոխությունները, որոնք նախորդել են դինոզավրերի ոչնչացմանը»,֊ պատմում է պրոֆեսոր Ուիլսոնը։
«Կլիմայի փոփոխության մեր մոդելը համապատասխանում է ջերմաստիճանի ֆիքսված փոփոխությունների հետ, միայն եթե ընդունենք, որ ջերմոցային գազերի հրաբխային արտահոսքերը դադարել են աստերոիդի անկումից մոտավորապես 200 հազար տարի առաջ։ ․․․Դինոզավրերի տեսակի բնաջնջման հետ սինխրոնիզացվող միակ իրադարձությունը աստղակերպի անկումը կարող է լինել»։