Հայաստանի Ազգային ժողովը 97 կողմ և 20 դեմ ձայներով ոստիկանությունը իրավունք տվեց գաղտնալսել քաղաքացիների հեռախոսային զրույցները։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։
Գործող օրենքով ոստիկանությունն այդ հնարավորությունը ստանում է միայն ԱԱԾ-ին դիմելուց հետո։ Օրինագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն են։ Նախագիծը խորհրդարանում ելույթ ունենալիս ռիսկային է որակել արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, քանի որ ոստիկանության բարեփոխման գործընթացը դեռ չի ավարտվել։ Նա կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին։
Պատգամավորները հունվարի 21-ին երկրորդ ընթերցմամբ էլ քննարկում էին Բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագիծը, որով իրավապահ մարմինները կարող են հայաստանյան բանկերից ստանալ ցանկացած մեկին վերաբերող տվյալներ: Հիմա տվյալ անձի բանկային գաղտնիքները հասանելի են իրավապահներին, եթե այդ մարդը մեղադրյալ է կամ կասկածյալ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ այնպես չէ, որ օրենքով պահպանվող գաղտնիքները դառնում են հանրամատչելի կամ դատավարության ընթացքում քննիչը կամ դատախազը կարող են հասանելիություն ունենալ նման տեղեկությունների։
«Դրա համար ամրագրել ենք մի շարք երաշխքիներ. նախ պատճառաբանվածությանը միջնորդության ներկայացվող պահանջներն են ուժեղացվել, երկրորդը՝ սահմանվել է երաշխիք՝ դատախազական հսկողության արդյունավետ համակարգ, և ընդհուպ մինչև նման միջնորդություններին պետք է հավանություն տա գլխավոր դատախազը կամ վերջինիս տեղակալը, այսինքն՝ չի կարող դատարան ներկայացվել միջնորդություն առանց գլխավոր դատախազի և տեղակալի համաձայնության»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ նախարար Մանե Թանդիլյանի կարծիքով՝ այս փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա ներդորւմային մթնոլորտի վրա․ «Փոփոխությամբ ի՞նչ մեսիջ ենք հղում, օրինակ, ներդրողներին, եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրան խաթարվի, որովհետև բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը նաև ներդրողների հետ ուղղակի առնչություն ունեցող կարգավորում է»:
Պետաիրավական հարցերի հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց, որ այս փոփոխությամբ բանկային գաղտնիքը չեն վերացնում. «Բոլոր երկրները, առնվազն Եվրոպայի խորհրդի շրջանակներում այսօր փորձում են առավել թափանցիկ վերահսկողություն ապահովել բանկերի և ֆինանսավորման ոլորտում: Չափազանց կարևոր է, որովհետև երևի լսել եք հանրության համար հայտնի դարձած «լանդրոմատ» (փողերի լվացում – խմբ․) բառը, որն ունի 2 դրսևորում՝ մեկը անվանում են համաշխարհային լանդրոմատ, մյուսը՝ ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական լանդրոմատ, և դրանում ինչքան էլ զարմանալի չթվա, միայն ադրբեջանական բանկերը չեն, դրա մեջ ներգրավված են եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների բանկեր»։