Home / մարտի-1 / Վարչապետը հարցաքննվել է գաղտնալսումների գործով

Վարչապետը հարցաքննվել է գաղտնալսումների գործով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ներկայացել է Քննչական կոմիտե և 2018 թվականին համացանցում հայտնված գաղտնալսումների վերաբերյալ հարուցված քրգործերի շրջանակներում պատասխանել քննիչի հարցերին։ Հարցաքննությունները ընդհանուր առմամբ տևել են 2․5 ժամ, գործերից մեկով Փաշինյանն անցնում է որպես վկա, մյուսով՝ որպես տուժող, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հարցաքննության մասին առավոտյան տեղեկացրել էր նաև վարչապետը։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)», – ֆեյսբուքի իր էջում գրել էր Փաշինյանը՝ գրառմանը կցելով քննիչի աշխատասենյակում արված սելֆին։


                      լուսանկարը՝ վարչապետի ֆեյսբուքի էջից

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ, մի գործով Նիկոլ Փաշինյանը անցնում է որպես վկա, մյուսով՝ որպես տուժող։

«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը

Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:

Նա նշել է նաև, որ Քննչական կոմիտեի վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Երկու հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե: