Home / Կանանց իրավունքներ / Ովքե՞ր ունեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք

Ովքե՞ր ունեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք

Կառավարության որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնվածների համար կփոփոխվեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տվյալ փոփոխությունների հետ կապված մի շարք հարցերի պատասխանները։

1. Ովքե՞ր ունեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են երկրում:

2․ Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը որքա՞ն է սահմանված մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

Մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը երեխայի խնամքի նպաստի ամենամսյա չափը սահմանված է 18,000 դրամ, սակայն հուլիսի 1-ից նպաստի չափը կավելանա՝ 18,000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

3․ Գյուղական բնակավայրերում ապրող և չաշխատող անձինք կարո՞ղ են ստանալ երեխայի խնամքի նպաստ։

Ներկայումս շրջանառվում է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի նպաստ նշանակել նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ նշված կարգավորումները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, ով չի հանդիսանում վարձու աշխատող 2020 թ. հուլիսի 1-ից նշանակվող խնամքի նպաստի չափը կկազմի 26,500 դրամ:

4․ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի՞, եթե մայրն ապրում է գյուղական համայնքում և աշխատում է։

Այո, այն կկազմի 53.000 դրամ: Գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ`
– որպես վարձու աշխատող` 26500 դրամ,
– որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26500 դրամ:

5․ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացումը կվերաբերվի՞ մինչ այդ շահառու հանդիսացող քաղաքացիներին։

Այո՛, 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ խնամքի նպաստ ստացող բոլոր շահառուների խնամքի նպաստի չափը կավելանա։

6․ Երկվորյակ կամ եռյակ ունենալու դեպքում որքա՞ն կկազմի երեխայի խնամքի նպաստի չափը։

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի՝ մինչև երկու տարեկան երեխա, ապա 26,500 դրամ (մինչև 2020 թ. հուլիսի 1-ը` 18,000 դրամ) խնամքի նպաստ նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

7. Եթե մինչև երկու տարեկան երեխայի ծնողը բնակվում է քաղաքային համայնքում, աշխատում է և ստանում է 18.000 դրամ խնամքի նպաստ, արդյոք կկրկնապատկվի՞ խնամքի նպաստի չափն այն դեպքում, եթե ծնողը մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը գրանցվի գյուղական բնակավայրի որևէ հասցեում և տեղափոխվի այնտեղ բնակության:

Այո, եթե մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ գյուղական համայնքում գրանցման և փաստացի բնակության ժամանակահատվածը լինի ավելի, քան 1 տարին: Մյուս բոլոր դեպքերում խնամքի նպաստի չափի բարձրացում նախատեսված չէ՝ գրանցման հասցեի փոփոխությամբ պայմանավորված:

8. Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ քաղաքային բնակավայրերում ապրող և չաշխատող մայրերը երեխայի ծննդյան դեպքում։

ՀՀ-ում հաշվառված (այդ թվում` քաղաքային բնակավայրերում ապրող) և չաշխատող մայրերին տրամադրվում է միանվագ մայրության նպաստ: Նպաստ նշանակելու համար պետք է դիմել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում (համաձայն` ժամանակավոր անաշխատունակության նպաստի):

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը (հղիության 210-րդ օրը) մինչև 2020 թ. հունվարի 1-ն է, ապա մայրության նպաստի չափը կկազմի 126,600 դրամ, իսկ եթե 2020 թ. հունվարի 1-ն է կամ դրանից հետո` 156,000 դրամ:

9․ Այս պահի դրությամբ որքա՞ն է կազմում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը և որքա՞ն կավելանա 2020 թ.-ի հուլիսի 1-ից հետո։

Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված առաջին երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300, 000 դրամ։