Home / Տեսանյութեր / Չաշխատող մայրերը կարող են նպաստ ստանալ աշխատողների հաշվին․ նոր օրենքի մասին

Չաշխատող մայրերը կարող են նպաստ ստանալ աշխատողների հաշվին․ նոր օրենքի մասին

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների և պետական նպաստների օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով Կառավարությունը նախատեսում է փոխել մայրերին նպաստ տալու ընթացակարգը: Օրենքը, որ նախատեսվում է կիրառել հունվարի 1-ից, ըստ էության, դրական փոփոխություններ է նախատեսում չաշխատող մայրերի համար. ըստ դրա՝ չաշխատող կանայք ծննդաբերությունից 70 օր առաջ և 70 օր հետո ստանալու են նվազագույն աշխատավարձի չափ նպաստ (50 000 դրամ): Այս գումարը, սակայն, հավաքվելու է աշխատող կանանց հաշվին, քանի որ օրենքը նրանց ստանալիք հետծննդյան և նախածննդյան նպաստների չափը կրճատելու է: Եթե գործող օրենքով աշխատող մայրերը ստանում են վերջին 12 ամսվա իրենց աշխատավարձի միջինի չափ գումար այդ 140 օրվա համար, ապա այժմ պետք է ստանան աշխատավարձի ընդամենը 40 տոկոսը, և ավելի բարձր՝ 80 տոկոսը, եթե ունեն ավելի քան 3 տարվա ստաժ, ընդ որում՝ եթե այդ 3 տարվա ընթացքում աշխատավայրը չեն փոխել: Այդ նպաստը հնարավորինս քիչ լինելու համար վերին շեմ է սահմանվել. մայրը, եթե ունի 1-2 երեխա, չի կարող ստանալ ավելի շատ, քան 2.5 միլիոն դրամ, և եթե ունի 3 և ավելի երեխա, չի կարող ստանալ ավելի քան 3.5 միլիոն դրամ:

Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը, մեկնաբանելով օրենսրդության նախատեսվող այս փոփոխությունը, Epress.am-ին ասել է, որ դա նախ Սահմանադրության խախտում է, քանի որ Սահմանադրությունը սահմանում է աշխատող կնոջ համար վճարովի արձակուրդ, իսկ սույն օրենքով որոշ մայրեր միայն 40 տոկոս գումար են ստանալու: Ըստ իրավաբանի՝ օրինագիծը նաև Եվրոպական սոցիալական խարտիայի խախտում է:

«Սա նաև աշխատանքի ազատ ընտրության իրավունքի սահմանափակում է, քանի որ բարձր նպաստ ստանալու համար կինը կարող է հրաժարվել, օրինակ, ավելի բարձր աշխատավարձով գործից, միայն որպեսզի ունենա անհրաժեշտ ստաժը նույն աշխատավայրում, ինչը թույլ կտա բարձր նպաստ ստանալ: Օրենքը, սակայն, մենք համարում ենք ոչ միայն իրավական առումով վատ օրինագիծ, այլև սոցիալական, քանի որ կարող է ստիպել կնոջը, օրինակ, հրաժարվել երեխա ունենալու մտքից, կամ հետաձգել դա»,- ասել է Փիլիպոսյանը:

Օրինագիծը քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ: Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական և այլ իրավունքների սահմանափակման: Պաշտպանը նախատեսում է օրենսդրական առաջարկներ մշակել՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու համար:

Tekali Taxi