Վերջերս մասնակցում էի կատարողական արվեստով զբաղվողների միջազգային սիմպոզիումի Բեռլինում, որի մասնակիցներին, պարզվեց, միավորում է ոչ միայն արվեստը, այլև Եվրամիության անդամ երկրների դեսպանատներից վիրավորված լինելը:
Սիմպոզիումի մի վորքշոփը, որը պետք է լիներ տարբեր երկրների արվեստագետների համագործակցության, հնարավոր մշակութային տարաձայնությունների և այլ խոչընդոտների մասին, վերածվեց վիզա ստանալու գործընթացում ունեցած դժվարությունների մասին պատմությունների փոխանակման։
ԵՄ դեսպանատներին արվեստագետները մեղադրում էին իրենց և, հետևաբար, իրենց արվեստի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և իրենց երկրների հանդեպ կարծրատիպային, գաղութային մոտեցում ունենալու մեջ:
Շատ վիրավորված էին Եգիպտոսից մի քանի արվեստագետներ: Նրանցից Ահմադ Հաֆեսը, օրինակ, պատմեց, որ Եգիպտոսում Գերմանիայի դեսպանատունը իրեն տվել է մուտքի վիզա միայն այն պայմանով, որ նա Եգիպտոս կվերադառնա ընդամենը չորս օրից և կներկայանա դեսպանատուն: Նիդերլանդների դեսպանատունը տվել է միայն որպես տուրիստ երկիր մուտք գործելու վիզա այն դեպքում, երբ Ահմադը մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող էր և պետք է վերադառնար՝ ուսումը ավարտելու, որի համար, ի դեպ, արդեն վճարել էր:
Եգիպտոսից մեկ այլ արվեստագետ պատմեց, որ թեև ուներ հրավեր Գերմանիայի արվեստի ինստիտուտից, իրենից պահանջել են ծնողների անձնագրերը, աշխատանք ունենալու մասին փաստաթղթեր, բանկային հաշիվները: Վիզայի հարցով արվեստագետին տարել-բերել են այնքան, մինչև վերջինս հրաժարվել է մեկնելու մտքից:
Բեմադրիչ ու ռեժիսոր Դիանա Միլոշևիչը, որ աշխատում է Բելգրադում, պատմել է, որ իրեն վիզա չէին տալիս միայն իր ազգանվան պատճառով, որը համընկնում է Սլոբոդան Միլոշևիչի ազգաննվան հետ:
Ռեժիսոր Միլոշևիչը նաև բողոքեց, որ Եվրամիության երկրների դեսպանատներում վիզայի դիմումը միայն օնլայն տարբերակ ունի, իսկ դա համակարգչային բարձր մակարդակի ընդունակություններ է պահանջում: «Ընդամենը 20 րոպե ամեն ինչ լրացնելու համար, իսկ չհասցնողը պետք է նորից նույնը անի: Մարդիկ չեն կարողանում հասցնել, մի՞թե չի կարելի մարդկային տարբերակ մտածել», – ասաց Միլոշևիչը:
Մենք՝ Հայաստանի մասնակիցներս, ևս հետ չմնացինք բողոքելուց: Ասացի, որ թեև ԵՄ դեսպանատները ամիսներ առաջ հայտարարել էին, որ վիզայի վճարները այլևս չեն գանձվի լրագրողներից, ուսանողներից և այլ խմբերից, փաստացի, այդ պրակտիկան չի գործում, և դրա դեմ ոչ մի բան հնարավոր չէ անել: Նույն հիմնադրամի կողմից երկու անգամ՝ նույն ծրագրի շրջանակներում մեկնելիս, ես մի անգամ վճարել եմ մուտքի վիզայի համար, մյուս անգամ՝ ոչ, այսինքն՝ բացարձակ կամայականությամբ:
Կուրատոր Թագուհի Թորոսյանն էլ ավելացրեց, որ բոլոր այդ խոչընդոտներին ավելանում են նորերը, եթե արվեստագետը ճանապարհորդում է երեխայի հետ:
Վորքշոփի ժամանակը ավարտվել էր, եվրոպացի տան տերերը մեղավոր էին զգում իրենց դեսպանատների քաղաքականության համար և ներողություն խնդրում: Բոլորը համաձայնեցին, որ վիզայի գործընթացը անցնելուց հետո մշակութային շոկեր չկային, կամ դրանք հեշտ հաղթահարելի էին թվում:
Քնար Խուդոյան