ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի (լուսանկարում) հրաժարականի մասին տեղեկությունը թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն իշխանական կուլիսներում նրան փոխարինողի անուն է շրջանառվում արդեն, գրում է «Հայկական ժամանակը»։
Տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը մի քանի օր է՝ թերթի լրագրողի հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ու թեև Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին աշխատանքի էր և պաշտոնական հանդիպումների, սակայն երեկվա նրա պաշտոնական գրաֆիկի մասին ոչինչ հայտնի չէ։
Մինչ այդ, իշխանական կուլիսներում արդեն խոսվում է, որ Արմեն Գևորգյանին փոխվարչապետի պաշտոնում հնարավոր է փոխարինի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Բեգլարյանի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանը հնարավոր այս նշանակման վերաբերյալ «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է հետևյալը. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, չկա նման բան»։
«Հրապարակ» թերթի տվյալներով՝ փոխվարչապետի ամենահավանական թեկնածուն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է։
Ըստ թերթի՝ հիմնավորումն այն է, որ, այսպես թե այնպես, նա իր ներկա կարգավիճակով և լծակներով ունի փոխվարչապետի կարգավիճակ, և մտադրություն կա փոխվարչապետի ստատուսը տարածքային կառավարման նախարարությունից տեղափոխել ֆինանսների նախարարություն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում