հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Երեխաները վերարկուներով են դասի նստում․ բարձրաշենցիները պահանջում են ջեռուցում

Երեխաները վերարկուներով են դասի նստում․ բարձրաշենցիները պահանջում են ջեռուցում

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանորոգել համայնքային դպրոցը և կարգավորել դասասենյակների ջեռուցման հարցը: Բարձրաշենի դպրոցի շենքը գնահատվել է որպես 3-րդ կարգի վթարային, ունի սեյսմիկության խնդիր, չունի տարրական պայմաններ և գրեթե չի ջեռուցվում։ Աշակերտների ծնողների խոսքով՝ ջերմաստիճանը դասասենյակներում մոտ 11 աստիճան է, երեխաները վերարկուներով են նստում, շատերը դասի չեն գնում։

Ծնողների փոխանցմամբ, ջեռուցման հարցը բարձրացվել է ուսումնական տարվա սկզբին, ջեռուցման համար գումար է հատկացվել։ Հարցը, սակայն, լուծում չի ստացել։

Դպրոցի տնօրինությունը պատասխանում է՝ հատկացված գումարով ջեռուցման հարցը լուծել հնարավոր չէր։

«1 միլիոն 380 հազար բյուջե է հատկացվել։ Էլեկտրասյունը վառվեց, միայն 480 հազար դրա համար ենք վճարել։ Մեզ տվել են, ասել են՝ տնօրեն եք, տնտեսեք։ Չի բավարարում։ Ամենատաք դասասենյակներում 15 աստիճան է։ Բոլորս ստիպված ենք լինում վերարկուներով աշխատել ձմռան այս ամիսներին: Անձամբ գնացել եմ Առողջապահության նախարարություն, ներկայացրել իրավիճակը, սակայն՝ ոչ մի արձագանք: Պատճառաբանում են, թե դպրոցը սեյսմիկության խնդիր ունի և առաջնահերթ դա պետք է լուծել, ինչից հետո հոսանքի խնդիրը»,- ասում է տնօրենը:

Նա նշում է՝ նման պայմաններում դպրոցի բարելավման համար ոչ ոք հավելյալ գումար չի տրամադրի․ «Ով կգա գումար դնի, որ հետո դպրոցը փլուզվի»։ Հարցին Կառավարությունը պետք է լուծում տա։

Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանը փորձում է հանգստացնել ցուցարարներին՝ հարցը կքննարկվի մարզպետարանում, կփորձեն լուծումներ գտնել․ «Կդիմենք ԱԻՆ, համապատասխան հետազոտական կառույցներ, որ սեյսմիկ եզրակացությունն արագ պատրաստվի։ Դրական պատասխանի դեպքում փաստաթղթերը կպատրաստենք և մրցույթ կհայտարարենք։ Բայց դա 1 շաբաթում կամ 1 ամսում չի լինի։ Այս տարվա ընթացքում քայլեր կձեռնարկենք փոքր մասնաշենքը վերանորոգելու ու լոկալ ջեռուցելու համար»։

Դպրոցի մեծ մասնաշենքը, ըստ Մանուկյանի, ԿԳՄՍՆ-ն նախատեսում է վերանորոգել մի քանի տարի հետո։