Բավարար հիմքեր կան կասկածելու, որ նախորդ ավտորիտար կառավարման ժամանակ մեր՝ քաղաքացիներիս, քաղաքական ընդդիմադիր գործիչների, հասարակական գործիչների հեռախոսային զրույցները, անձնական և գործնական նամակագրությունները գաղտնալսվել են ապօրինաբար, և սրանց վերաբերյալ տվյալները պետք է անպայման հրապարակվեն։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի մասին քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Վերջինս գաղտնալսման հետ կապված երկու գործոն է առաձնացրել՝ գաղտնալսման փաստը և խոսակցության թեման։ Ըստ բանախոսի՝ նման դեպքերը կանխարգելելու համար պետք է համապատասխան գործողություններ իրականացնել․ «Առավել քան արդիական է լուծել նախկին Ազգային անվտանգության ծառայության գործունեության ժամանակ գաղտնալսումների բոլոր փաստերի հրապարակումը։ Պետք է և՛ կատարողները, և՛ նման գործողությունների գնացողները իմանան, որ դա անթուլատրելի է, քրեորեն հետապնդելի է»։
Սաքունցն իր անհանգստությունն է արտահայտել նաև, որ գաղտնալսել են հենց ԱԱԾ տնօրենին․ «Այստեղ արտառոցն այն է, որ պոտենցիալ գաղտնալսում իրականացնողներին են արդեն գաղտնալսում։ Լուրջ հարց է, եթե Ազգային անվտանգության պետը չի կարողանում ապահովել իր հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ապա ինչի՞ ես պիտի երաշխիք ունենամ, որ իմ հեռախոսային խոսակցությունները չեն կարող գաղտնալսվել։ Էլ չեմ խոսում, ենթադրենք, վարչապետի կամ պաշտպանության նախարարի։ Նշանակում է, որ բավական լուրջ անելիքներ կան այդ բնագավառում»։
Կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ բանախոսը ազգային անվտանգության սպառնալիք չի տեսնում․ «Դա կլիներ այն դեպքում, երբ որ գաղտնալսվեին, ենթադրենք, թե պաշտպանության նախարարը կամ երկրի ղեկավարը քննարկում են ազգային անվտանգության կամ պաշտպանության բնագավառի հարցեր, բայց այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նման վտանգներ նույնպես կան»։
Մտահոգության առարկա է նաև, նշել է բանախոսը, դատական իշխանության և ԱԱԾ-ի առնչությունը․ «Իհարկե մենք գիտենք, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված որևէ ապացույց չի կարող հիմք ընդունվել մեղադրանք առաջադրելու համար, բայց թեմայի տեսակետից՝ եթե դատավորը զանգում է Ազգային անվտանգության ծառայությանը․․․ ես հավատում եմ, որ անմիջապես Ազգային անվտանգության պետը չի խոսել, բայց դա չի ազատում իր պատասխանատվությունից»։
ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը, հակահեղափոխական ուժերի քաղաքականության հետևանք է, նշել է հանդիպման բանախոսներից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը․ «Շատ հասկանալի է ինձ համար՝ ինչու նրանք դարձան գաղտնալսման թիրախ․ հենց իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ, հենց էդ մարդիկ՝ երկուսը, բացահայտում են մարտի 1֊ը, դրա համար էլ դարձան թիրախ»։
Բանախոսն ավելացրել է, որ եթե քաղաքական տեսանկյունից մոտենանք այդ խոսակցությանը, ապա երկու պետական գործիչ ունեցել են բավական նորմալ քննարկում․ «Ոչ մի արտառոց, անսպասելի բան չտեսա։ Մտահոգված էին, թե ինչ է կատարվում մեզ մոտ»։