Home / Հայաստան / Գաղտնալսման հրապարակումից հետո Ուկրաինայի վարչապետը հրաժարական տվեց

Գաղտնալսման հրապարակումից հետո Ուկրաինայի վարչապետը հրաժարական տվեց

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պատճառը յութուբում հայտնված ձայնագրություններն են, որոնցում վարչապետի ձայնին նման ձայնը ոչ կոմպետենտ է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Գրոմադսկոյեն» նշում է, որ առայժմ որևէ փոփոխություն տեղի չի ունենա։ Գոնչարուկի հրաժարականը պետք է համաձայնեցվի Զելենսկու հետ։

Նախօրեին Ուկրաինայի կառավարության ղեկավարին իր թիմի հետ հեռանալու կոչ էր արել «Բատկիվշինա» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն։ Պատճառը համացանցում հայտնված ձայնագրություններն էին, որոնցում փակ հանդիպման ժամանակ վարչապետին, Ազգային բանկի փոխտնօրենին  և ֆինանսների նախարարին նման ձայները երկրի տնտեսական կյանքն են քննարկում ու բացասաբար խոսում նախագահ Զելենսկու կոմպետենտության մասին․ «պրիմիտիվ, պարզ պատկերացում ունի տնտեսական պրոցեսների մասին»։ Վարչապետին նման ձայնը խոստովանում է, որ ինքը «տգետ է տնտեսագիտության հետ կապված հարցերում»։

Ձայնագրությունները հրապարակվել են չորեքշաբթի երեկոյան, նույնը օրը ստեղծված “Как обмануть президента” («Ինչպես խաբել նախագահին») յութուբ ալիքով։

Ենթադրաբար, ձայնագրություններն արվել են 2019-ի դեկտեմբերի 16-ին վարչապերի, Ազգային բանկի ղեկավարության ու Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Հունվարի 16-ին Գոնչարուկը երեք րոպեանոց վիդեոուղերձ էր հրապարակել, որում ոչ հերքում, և ոչ էլ հաստատում է ձայնագրությունների ճշմարտացիությունը։ Խոսում է իր կառավարության և մասնավորապես իր նկատմամբ վերջերս ակտիվացած մեդիահարձակումների մասին։

Հրաժարականի մասին իր հայտարարության մեջ անդրադառնում է ձայնագրություններին․ «Արհեստականորեն կարծիք է ստեղծվում, իբր ես և իմ թիմը չենք հարգում նախագահին, ով մեր քաղաքական առաջնորդն է»։

Հրաժարականի իր որոշումը հիմնավորեց «իրենց հարգանքի ու վստահության մասին բոլոր տեսակի կասկածները ցրելու» ցանկությամբ։

Այս պահի դրությամբ Գոնչարուկն Ուկրաինայի ամենաերիտասարդ վարչապետն է՝ 35 տարեկան։ Պաշտոնը ստացել է անցյալ տարի։

2015 թվականից ղեկավարում է «Արդյունավետ կառավարման գրասենյակի» փերձագիտական֊վերլուծական կենտրոնը, որն օգնում էր Ուկրաինայի Տնտեսական զարգացման նախարարությանը բարելավել երկրի ներդրումային միջավայրը։ Զելենսկու թիմում պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար։