Ուկրաինայի Պաշտպանի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Կիևում մասսայական բողոքի ցույցեր են նախատեսվում։ Սպասվում է, որ ցուցարարների հիմնական պահաջները կապված կլինեն Ռուսաստանի հետ՝ Դոնբասում հակամարտության կարգավորման մասին բանակցություններում զիջումներից հրաժարվելու հետ։
Ակցիաների մասնակիցների մի մասը մտադիր է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանի հրաժարականը պահանջել, ով անցած շաբաթ գրել էր, թե մարդիկ փողի դիմաց են բողոքների դուրս գալիս, հայտնում է «Սվոբոդա» ռադիոկայանը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին տոնին ընդառաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ լսում է ակցիաների մասնակիցների կարծիքը։ Նա խոստացավ խաղաղության վերաբերյալ բանակցություններում անթույլատրելի փոխզիջման չգնալ։ Նաև ցույցերի մասնակիցներին կոչ արեց չենթարկվել այն մարդկանց սադրանքներին, «ովքեր ուզում են ռուսաստանյան հեռուստատեսության համար պերճախոս պատկեր ստեղծել», «թշնամիներին նվերներ չմատուցել» և օրենք չխախտել։ Նախօրեին նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան երկրի ներքին գործերի նախարարը, Անվտանգության ծառայության ղեկավարը ևԱզգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարը։
Այսօր Զելենսկին կայցելի Դոնեցկի շրջան։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայում բողոքի ցույցեր են տեղի ունենում այսպես կոչված «Շտայնմայերի բանաձև»-ի դեմ։ Մասնակիցներն այս փաստաթղթում ուկրաինական իշխանությունների համաձայնությունն են տեսնում՝ Դոնբասի ինքնավարության հետ։
Ցույցերին են դուրս գալիս ռազմական գործողությունների մասնակիցներ, ազգային կազմակերպությունների ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։