Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել պետական պաշտոնյաների ապօրինի ակտիվների մասին օրենքի նախագիծ, որն առաջարկում է անհայտ ծագման կարողությունների քաղաքացիական բռնագրավման նոր մեխանիզմ և վերականգնում քրեական պատասխանատվությունը ապօրինի հարստացման համար։ Այս մասին հունիսի 3-ին հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ըստ օրենքի նախագծի՝ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության կենթարկվեն միայն այն պաշտոնյաները, որոնց չհիմնավորված ակտիվները կգերազանցեն 900 հազար գրիվնան (ավելի քան 33 հազար դոլար)։ 900 հազար գրիվնան չգերազանցող չհիմնավորված ակտիվները կբռնագրավվեն քաղաքացիական կարգով։ Օրենքը տարածվելու է թե գործող, թե պաշտոնավարման ընթացքում ապօրինի հարստացած նախկին պաշտոնյաների վրա։
Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման մասին օրենքը, որն Ուրկաինայում ընդունվել էր 2015 թվականին, 2019-ի փետրվարին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարվել էր հակասահմանադրական: Պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող օրենք Ուկրաինայում այժմ չկա։