Երկնաքարի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների խումբը հայտնաբերել է Երկրի վրա երբևէ գոյություն ունեցած ամենահին նյութը։
1960-ականներին Երկիր ընկած երկնաքարից մնացած փոշու հատիկների տարիքը գնահատվում է շուրջ 7.5 միլիարդ տարի։
Հնագույն փոշեհատիկները ձևավորվել են մեր Արեգակնային համակարգի ձևավորումից շատ առաջ գոյություն ունեցած աստղերում:
Աստղերի մահանալուց հետո նրանց մեջ ձևավորված մասնիկները տիեզերք են արձակվում։ Այս «նախաարևային» փոշեհատիկները հետո ընդգրկվում են նոր աստղերի, մոլորակների, արբանյակների կամ երկնաքարերի կազմում։
«Աստեղերի կարծր նմուշներ են, իրական աստղային փոշի»,- պատմում է Չիկագոյի համալսարանի դոցենտ Ֆիլիպ Հեքը։
Մի խումբ հետազոտողներ ԱՄՆ-ից և Շվեյցարիայից ուսումնասիրել են 1969 թվականին Ավստրալիայի վրա ընկած Մուրչիսոնի երկնաքարի 40 փոշեհատիկ։
«Ուսումնասիրությունների առաջին քայլը երկնաքարի ինչ որ հատված փոշու վերածելն է։ Երբ բոլոր մասերն առանձնացնում ես, մածուկի նման բան է ստացվում՝ փտած գետնանուշի կարագի հոտով»,- պատմում է հետազոտության համահեղինակ Ջենիկա Գրիրը։
Այնուհետև այդ մածուկանման զանգվածը մշակվում է թթուներով, ինչից հետո փոշեհատիկներ են ստացվում։
«Ոնց որ խոտի դեզն այրես, որ ասեղը գտնես», – ասում է Ֆիլիպ Հեքը։
Տարիքը պարզելու համար հետազոտողները չափում են փոշեհատիկների՝ տիեզերական ճառագայթման ենթարկվելու տևողությունը։ Տիեզերական ճառագայթների մի մասը նյութին հանդիպելիս նոր էլեմենտներ է ձևավորում։ Ըստ այլ էլեմենտների քանակի կարելի է պարզել ճառագայթման տևողությունը։
Երկիր մոլորակի և Արևի տարիքը նույն ձևով է որոշվել։ Ըստ այդ մասնիկների քանակի, մեր մոլորակը 4.5 միլիարդ տարեկան է, Արևը՝ 4.6։