Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի գիտնականները մետաղական կառուցվածքի նախատիպ են ստացել, որը հնարավոր չէ ընկղմել ջրի տակ։ Հայտնագործության գաղափարը ֆիզիկոսները վերցրել են ջրային սարդերի և թունավոր հրային մրջյունների օրգանիզմի՝ ջուրը վանելու առանձնահատկության ուսումնասիրությունից։
Մետաղի մակերևույթին արված հատուկ մանրադիտակային նախշը օդային բարձ է ստեղծում, ինչի արդյունքում կառուցվածքը լողալու դիրքում է մնում, նույնիսկ մի քանի միջանցիկ բացվածքների առկայության դեպքում։
Նոր տեխնոլոգիայի առաջին փորձարկումների արդյունքների մանրամասները ներկայացված են Ամերիկյան քիմիկոսների Applied Materials and Interfaces ամսագրի հոդվածում։
Հայտնագործության հեղինակները հուսով են, որ հետագայում այս նոր տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի ուղեվորափոխադրող կամ առևտրային նավեր կառուցել, որոնք ջրի վրա մնալով կխուսափեն ջրի հետ շփումից, արդյունքում՝ նաև կորոզիայից։
Ջրային սարդերն ապրում են ջրի տակ՝ սարդոստայնից պատրաստված բներում։ Սարդն իր բնակատեղին լցնում է մակերևույթից բերված օդով, որը պահել էր փորային հատվածի և ներքին վերջույթների արանքում։ Այդ հատվածը չի թրջվում՝ հիդրոֆոբ հատկության շնորհիվ։
Նմանատիպ առանձնահատկություն ունեն նաև հրային մրջյունները, որոնք իրենց մարմիններից հատուկ կառուցվածք են ստեղծում և կարողանում մնալ ջրի մակերևույթին՝ առանձնյակների մարմինների արանքներում պահված օդային պղպջակների միջոցով։
Ամերիկացի ֆիզիկոսներին հաջողվել է նման հատկություն ստանալ թեթև մետաղական կառուցվածքների մակերևույթին գերկարճ լազերային ճառագայթների միջոցով (միկրովայրկյանի միլիարդերորդ մաս տևողության) արված միկրո և նանոփորագրությունների շնորհիվ։
Արված «նախշը» օդը պահում է մետաղի մակերևույթին՝ ջուրը վանող հատկություն ստեղծելով․ այն հնարավոր չի թրջել նույնիսկ ամբողջությամբ ջրի տակ մտցնելով։
Կառուցվածքը բազմաշերտ դարձնելու դեպքում, ջրի մեջ ընկղմելիս շերտերի միջև օդային գրպան է առաջանում, որը նրան հրում է դեպի ջրի մակերես։
Հետազոտության սկզբնական փուլերում պարզ է դարձել, որ ջրի տակ շատ երկար մնալու դեպքում փորագրությունը կարող է կորցնել հիդրոֆոբ հատկությունը, սակայն փորձարկված ալյումինե կառուցվածքը երկու ամիս ջրի տակ մնալուց հետո նորից դեպի ջրի մակերևույթ է հրվել՝ ավելորդ բեռը հեռացնելուց հետո։
Ռոչեսթերի համալսարանի պրոֆեսոր Չունլեյ Գուոյի խոսքով, իրենց լաբորատորիայում մշակված փորագրման տեխնոլոգիան կիրառելի է բոլոր մետաղների և նույնիսկ այլ նյութերի վրա։
Փորձարկումների սկզբնական փուլում մեկ ժամվա ընթացքում այս նանոնախշով հաջողվում էր ծածկել շուրջ 6.5 քառակուսի սմ մակերես։ Այժմ հիմնական աշխատանքներն արվում են պրոցեսի արագացման ուղղությամբ։