Աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը համալրվեց պուլսարների (բաբախիչների) հայտնաբերող Ջոսլին Բել Բառնելով (Jocelyn Bell Burnell)։
Աստղաֆիզիկոս և մանկավարժ Ջոսլին Բելի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացել դեռևս այն ժամանակ, երբ նա հայտնաբերել էր պուլսարներ՝ ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ, ասված է Բյուրաականի աստղադիտարանի հաղորդագրությունում։ Այդ հայտնագործությունն այնքան կարևոր էր աստղագիտության համար, որ 1974թ-ին այն արժանացավ Նոբելյան մրցանակի, սակայն մրցանակը ստացավ Ջոսլին Բելի ղեկավար Էնթոնի Հյուիշը։ Նախքան այդ հայտագործությունը, ոչ մեկին հայտնի չէր, թե ինչպես կարելի է դիտել նեյտրոնային աստղերը։
Պուլսարների հայտնաբերումից 50 տարի անց՝ 2018թ-ին, իր գիտական ձեռքբերումների համար Ջոսլին Բելն արժանացել է Հիմնարար ֆիզիկայի հատուկ բեկումնային մրցանակի և 3մլն ԱՄՆ դոլարի։ Հաղորդագրությունում նշվում է, որ մրցանակակիրների թվում է նաև Սթիվեն Հոքինգը։
Իռլանդացի Ջոսլին Բելն իր մրցանակը նվիրաբերել էր Մեծ Բրիտանիայի Ֆիզիկայի ինստիտուտին։
Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծում է ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվում է յուրաքանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ։ Մրցանակի համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։