Գլխուղեղի նյարդավիզուալիզացիայի հզոր գործիքների միջոցով ֆրանսիական հետազոտական խումբը վերջերս անսովոր բացահայտում է արել, որը վրդովեցնող եզրակացության է հանգում մեր անձնական հիշողությունների վերաբերյալ։ Այդ բացահայտումը ցույց է տալիս, որ մենք ավելի պակաս անկախ ենք, քան պատկերացնում ենք։ Հետազոտության արդյունքների մասին հայտնում է Nature Human Behavior ամսագիրը։
«Հավաքական հիշողության հղացքը (կոնցեպցիա) ավելի լավ պատկերացնելու համար հետազոտողների թիմը սկզբում սկսեց «ԶԼՄ֊ներում Երկրորդ համաշխարհային պատերազմի լուսաբանման վերլուծություն» իրականացնել։ Նպատակն էր լավագույնս սահմանել այդ շրջանի ընդհանուր հավաքական պատկերացումները։ Հետազոտողները մանրակրկտորեն ուսումնասիրել էին 1980-2010 թվականներին ֆրանսիական հեռուստատեսությամբ ներկայացված վավերագրական ֆիլմերը, տեսանյութերը, զեկույցներն ու փաստաթղթերը», – ասվում է հոդվածում։
«Հետո հետազոտողներն ալգորիթմի միջոցով վերլուծեցին նյութերի սկզբնական զանգվածն ու բառերի խմբեր առանձնացրեցին, որոնք պարբերաբար օգտագործվում են մեր հավաքական հիշողության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ ասոցացվող թեմաների քննարկման ժամանակ», – նշում է Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSERM)։
«Մեր ալգորիթմն ավտոմատ նույնականացրեց կենտրոնական թեմաներն ու դրանց հետ պարբերաբար ասոցացվող բառերը, այդպիսով բացահայտելով մեր հավաքական պատկերացումը պատմության այդ շրջանի մասին», – պարզաբանում է հետազոտող Պիեռ Հանյեպենը։
«Պետք էր հասկանալ հավաքական պատկերացման և անհատական հիշողությունների կապը։ Հետազոտողները 24 կամավորի հրավիրեցին և փորձ առաջարկեցին․ գնալ Կաննի մեմորիալ և նայել այդ շրջանի իրադարձությունների լուսանկարները, որոնք ուղեկցվում են մի շարք լեգենդներով»,- պատմում է հրապարակման հեղինակը։
«Այդ լեգենդների բառերը հիմք ընդունելով հետազոտողների թիմը որոշեց լուսանկարների և հավաքական հիշողության տարբեր թեմաների փոխկապակցվածության աստիճանը։ Այդպիսով, սահմանվում էր մոտիկությունը լուսանկարների միջև։ Եթե երկու լուսանկարներ ասոցացվում էին նույն թեմաների հետ, նրանք «մոտիկ» էին համարվում՝ հավաքական հիշողության տեսանկյունից», – ասվում է հոդվածում։
«Հետո գիտնականները պետք է պարզեին, արդյոք լուսանկարի և մարդու անհատական հիշողության մեջ կա մոտիկության նույն աստիճանը, որը դիտվում էր հավաքական հիշողության հետ համեմատության դեպքում։ Այդ նպատակով կամավորներին մագնիսա֊միջուկային տոմոգրաֆիայի ենթարկեցին, որի ընթացքում մարդիկ պետք է փորձեին հիշել նախորդ օրը մեմորիալում տեսած լուսանկարները»։
«Հետազոտական խմբի աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, որ եթե A լուսանկարը մոտ էր համարվում B լուսանկարին (քանի որ երկուսն էլ նույն հավաքական թեմաների հետ են ասոցացվում), ապա մեծ հավանականությամբ այն գլխուղեղում մոտավորապես նույն գործողություններն է հարուցում, ինչ B լուսանկարը», – ամփոփում է INSERM֊ը։
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ հավաքական հիշողությունը, որը գույություն ունի առանձին մարդկանցից դուրս, ձևավորում է անհատական հիշողությունը։ Այն իրենից ներկայացնում է ընդհանուր մտածողական համակարգը, որը հնարավորություն է տալիս հիշողությունները կապել ժամանակի ու տարածության հետ», – պարզաբանում է Պիեռ Հանյեպենը։