Home / Վերլուծություն / Ճաշակի սոցիոլոգիան

Ճաշակի սոցիոլոգիան

Ռուսաստանցի սոցոլոգիական գիտությունների թեկնածու Միխայիլ Սոկոլովը՝ դասակարգային ճաշակի, քաղաքակրթական պրոցեսների ու երեխաների մոտ ճաշակի դաստիարակության մասին։

Կենսաբանությունը պնդում է, որ էվոլյուցիայի արդյունքում զզվանքն ու զզվողությունը կենդանի օրգանիզմի մոտ առաջանում են, որպեսզի հետ պահեն սննդի համար անպիտան բաներ ուտելուց։ Դա մեր բնազդային ռեակցիան է մեր առաջ գտնող բաների նկատմամբ, որոնք չարժե ուտել։ Բայց, ինչպես շատ այլ դեպքերում, հասարակության մեջ կենսաբանորեն փոխանցված նախապայմանները ծառայեցվում են միանգամայն այլ նպատակների: Ստրատիֆիկացիայի տեսության գլխավոր դրույթներից մեկն այն է, որ ցանկացած էլիտայի, ցանկացած բարձր խավի  խնդիրներից է իրենց երեխաների մեջ գրեթե բնազդային հակակրանք դաստիարակել ավելի ցածր խավերի հետ կապ ունեցող ցանկացած բանի նկատմամբ։ Փոքր երեխաներին սովորեցնում են սոցիալական աստիճանին իրենցից ցածրերի նկատմամբ ցուցաբերել ուտելու համար անպիտան բաների նկատմամբ զզվողության նման մի բան և գուցե էլ ավելի բարդ զգացմունքներ, որոնցում խառնվում են նախանձն ու անհավանությունը՝ ավելի բարձր խավերի նկատմամբ։

Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Երբ մենք նկարագրում ենք այդ զգացմունքները, համեմատում ենք դրանց նկարագրությունները տարբեր լեզուներում, հետաքրքրությամբ նկատում ենք, որ շատ հաճախ այդ զգացմունքները նկարագրվում են սննդագիտության կամ համի կատեգորիաներով․ կա անհամ գրականություն կամ քաղցր-մեղցր գրականություն, անալի գրականություն։ Ամենատարբեր լեզուներում, թե՛ եվրոպական, թե, որ հետաքրքրական է, ոչ եվրոպական լեզուներում (արևելագետները պնդում են, որ նմանատիպ մի բան, լրիվ ինքնուրույն առաջացել է նաև Հեռավոր արևելքում), ֆիզիոլոգիական կամ սննդագիտական  ուտելիությունը նկարագրող որոշ հասկացություններ տեղափոխվում և որպես փոխաբերություն օգտագործվում են նկարագրելու անհատի ամենատարբեր հարաբերությունները սոցիալական որևէ շրջապատի կամ մշակույթի հետ։

Կարելի՞ է արդյոք այս հիմքով ավելի ընդհանրական տեսություն ստեղծել դասակարգային ճաշակի կամ սոցիալական ճաշակի մասին։ Թվում է, թե որոշ բաներ այստեղ բավականին ակնհայտ ու համընդհանուր են։ Օրինակ, լավ ճաշակը, որը էլիտան փորձում է սերմանել իր երեխաների մեջ, շատ հեռու է այսպես կոչված բնական ճաշակից։ Փորձեք հնգամյա երեխային համոզել, որ կանաչ թեյը համեղ է, իսկ ոչ ֆիգուրատիվ արվեստը՝ հետաքրքիր։ Օրինակ, ալկոհոլի մեր լավ ճաշակը նորմալ բնական մանկական ճաշակի լրիվ հակառակն է․ ոչ մի քաղցրություն, ոչ մի պղպջակ։ Մյուս հավասար հատկանիշների դեպքում սպիտակ գինին կարմիրից լավն է, քանի որ կարմիրի համն ավելի ընդգծված է։ Կարելի է վիսկի խմել, ցանկալի է առավելագույնս ճահճի, իսկական տորֆի համով, այո, դա հենց այն է, ինչ պետք է: Ակնհայտ է, որ դա բնական ճաշակ չէ։ Վատն է այն երաժշտությունը, որի տակ կարելի է այծի պես թռչկոտել ու պարզ մկանային հաճույք ստանալ։ Վատն է այն գիրքը, որում սպիտակ ձիով արքայազնը ձիավարում է գորշ մկնիկի հետևից (կանանց տարբերակ) կամ որում գլխավոր հերոսը հենց արքայազնն է (տղամարդկանց տարբերակ), որի նման յուրաքանչյուրն ուզում է իրեն պատկերացնել։ Այդպիսի գիրքը, որն իրենից ներկայացնում է սոցիալական ինքնաբավարարման պարզագույն ձևը, վատ ճաշակն է գրականության մեջ։ Ուրախ վերջաբանները, հավանաբար, կինոյի կամ գրականության վատ ճաշակի ամենաարտահայտիչ ցուցիչներն են, հենց այն պատճառով, որ մենք այդ վերջաբանները մեզ համար ենք ուզում։

Շատ առումներով լավ ճաշակն ասոցացվում է անբնականության, մարդկանց մեծամասնությանը դուր գալու հնարավորություն ունեցող ինչ որ սպոնտան բաներ հաղթահարելու հետ։ Ցանկացած մեծ թանգարանում կարելի է տեսնել, թե ինչպես է փոքրիկ տղան մոր ձեռքից դեպի մի կողմ քաշում, իսկ մայրն ասում է․ «15 րոպե էլ Ռեմբրանդին նայենք, հետո քեզ ասպետական սրահ կտանեմ»։ Բնականաբար, Էրմիտաժի ասպետական սրահը, ուր ձիերի խրտվիլակներ ու հին զենքեր են, շատ ավելի հետաքրքիր է երեխայի համար, քան ինչ որ մուգ գույներով նկարները, բայց «մաման ավելի լավ գիտի»։ Այսպես էլ կառուցված է դաստիարակությունը։

Նորբերտ Էլիասը բնական ռեակցիաների խլացման այս պրոցեսը ցիվիլիզացիայի գործընթաց է անվանում։ Էլիասի «Ցիվիլիզացիայի գործընթաց» գրքում խոսվում է այն մասին, թե ինչպես են այդ բնական սպոնտան աֆֆեկտներն աստիճանաբար ճնշվում, մոդելավորվում և դրանց ճնշելու ունակությունը դառնում է սոցիալական ստատուսի խորհրդանիշ։ Այս ձևով սոցիալիզացված մարդկանց մոտ այլընտրանքային ճաշակի ցանկացած դրսևորում այն նույն բնական զզվողությունն է առաջացնում, ինչ ընդհանուր ափսեի ուտելիքը զուգարան գնալուց հետո չլվացված ձեռքերով, ինչն անմիջապես տհաճ ու վանող է թվում։ Էլիասը արվեստի տեսության գրքեր ունի, օրինակ՝ Մոցարտի կենսագրությունը, որտեղ նա մասնավորապես ասում է, որ Մոցարտի ձեռքբերումներն ու նրա հանճարը երաժշտության մեջ ինչ որ նոր հոգևոր բովանդակություն դնելու մեջ չէր, այլ նրանում, որ այդ երաժշտությունը մարդկանց հնարավորություն էր տալիս վերապրել այն նույն զգացողությունները, որոնք կարելի էր զգալ ավելի պարզ երաժշտության տակ թռվռալուց, բայց սուբլիմացիայի այնպիսի մակարդակով, որ ընդունելի է տվյալ հասարակության լավ ճաշակի համար։

Թվում է, թե սա լավ բացատրություն է, բայց այն ակնհայտորեն չի բացատրում ամեն ինչ։ Օրինակ, մեր ամբողջ հագուստը քիչ թե շատ անբնական է։ Ինչպե՞ս է փոխվում հագուստի ճաշակը։ Որտեղի՞ց գիտենք, որ գույների որոշ համադրություններ անճաշակ են։ Կարող ենք ասել, որ երեխաներին դուր են գալիս պայծառ գույներ, այդ իսկ պատճառով մեծերի համար վառ գույները «ճչան են» համարվում, բայց սա էլ հերիք չէ։ Մեր ամբողջ ճարտարապետությունը շատ անբնական է, շատ հեռու է գնացել քարանձավներից ու հյուղակներից։ Ինչպե՞ս ենք տարբերում ճարտարապետության լավ ճաշակը՝ վատից։

Մի փոքր ընդհանրացնելով կարող ենք ասել, որ բնականությունից ավելի լայն և այն ներառող կատեգորիա է կանխատեսելիությունը։ Երբ ինչ որ բան կանխատեսելի է, այն դառնում է անճաշակ։ Սոցիոլոգիայի վրա մեծ ազդեցություն թողած գրականագետ և դրամայի տեսաբան Քենեթ Բերկն օրինակ պնդում էր, որ գռեհիկությունը բարեպաշտության տեսակներից է, նկատի ունենալով, որ գռեհիկությունը նույնպես համաձայնությանը հետևել է, նույնպես հարգանք է գոյություն ունեցող համաձայնությանը։ Դա, օրինակ, ամենաակնհայտ ու ամենաշրջանառվող փոխաբերության կիրառությունն է ինչ որ միտք փոխանցելու համար, ինչն էլ հենց ասոցացվում է վատ ճաշակի հետ։ Ջենքսի պոստմոդեռնի ճարտարապետության լեզվի մասին գրքում մի հիանալի ասացվածք կա այն մասին, որ ճարտարապետության մեջ փոխաբերությունը ճակատին օգտագործել՝ նշանակում է սպանել։ Օրինակ, որը ես կգողանամ Եվրոպական համալսարանի իմ կոլեգա Վադիմ Բասից․ ամենավատ բանը, որ կարող է անել գազային ընկերությունը իր գրասենյակի դիզայնի հարցում՝ կրակայրիչի կրակի օգտագործումն է, քանի որ դա գազային հսկայի վերաբերյալ առաջացող առաջին ասոցացիան է։ Եվ այդ դեպքում, դա անուղղելի վատ ճաշակ է (գուշակեք, թե ինչ է կառուցում հիմա Գազպրոմը Ֆիննական ծոցի ափին)։ Ինչքան կանխատեսելի է, ինչքան տրամաբանական է կամ պայմանական, այնքան ավելի վատ է։ Ինչքան անսովոր է, էքսցենտրիկ, էքստրավագանտ, այնքան՝ լավ։

Կան մի քանի ուղղություններ, որոնցում այդ դատողությունները զարգանում են։ Պարզ միջմշակութային «ընդհանրություն»․ վերնախավերը (և հատկապես սպեցիֆիկ մշակութային վերնախավերը) ամենուրեք ձգողականություն են զգում էկզոտիկ ու կոսմոպոլիտ ցանկացած բանի նկատմամբ, իրերի, որոնք անցնում են մշակութային սահմանը։ Այդպիսի իրերը անկանխատեսելի են, քանի որ գոյություն չունեն մեր սովորական մշակութային շրջապատում, և այդպիսով գրավիչ են։ Գրեթե ամենուրեք կոսմոպոլիտիզմը էլիտաների սպեցիֆիկ գիծն էր․ հիշենք Ռուսաստանի ֆրանսիականացված պալատական մշակույթը, կամ Ճապոնիայի չինականացումը հետո արևմտականացումը։

Եթե մենք շարժվենք դեպի մեր հասարակության խորքեր, կհասնենք Մերի Դուգլասի հետաքրքրական պնդմանը, որի համաձայն, և՛ մշակույթներն ընդհանրապես, և՛ ենթամշակույթները մեկ հասարակության ներսում բաժանվում են սկզբունքով, որը կոչվում է վանդակավոր։ Կան բարձրվանդակավոր և ցածրվանդակավոր մշակույթներ։ Բարձրվանդակավոր մշակույթը անհատներին, խմբերին, ցանկացած տիպի առարկաներին բաժանում է կատեգորիաների և համապատասխանեցնում այդ կատեգորիաները։ Ցածրվանդակավոր մշակույթն ինչ որ ձևով լղոզում է այդ կատեգորիաների սահմանները։ Ցածրվանդակավոր մշակույթի լավագույն սահմանումը տվել է մի անհայտ ամերիկացի գեներալ, ով ասել է որ իրեն ժամանակակից համալսարանական քաղաքները (խոսքը 1960-ականների Ուսանողական հեղափոխության ժամանակների մասին է) լիքն են երկար մազերով տղաներով ու կարճ մազերով աղջիկներով։ Բարձրվանդակավոր մշակույթի տեսանկյունից սա մեծագույն մղձավանջ է․ բոլորը գիտեն, որ մարդիկ բաժանվում են կանանց ու տղամարդկանց, աղջիկները երկար մազեր են ունենում, հյուսում են, իսկ տղաները կարճ մազեր են ունենում։ Երբ ամեն ինչ հակառակն է դառնում, դա արդեն ինչ որ այլասերում է։ Այստեղ միշտ սեռական այլսաերումների թեման է բացվում, ինչն ուղեկցվում է ենթադրվող ճաշակային ու բարոյական քայքայմամբ։ Վերնախավերը բարոյապես քայքայված են և արհամարհում են փոքր մարդկանց սպոնտան նորմալ ճշտությունը։ Ամբողջ աշխարհի պոպուլիստներն ասում են սա իրենց ընտրազանգվածին։ Սովորաբար բարձրվանդակավոր մշակույթը սոցիալական կարգեր է արմատացնում ինչ որ բնական կարգի տեսության մեջ, չնայած կարող է հաշտվել այն մտքի հետ, որ ճշտության որոշ ձևեր կենսաբանական հիմքեր չունեն և հիմնված չեն ոչ մի բանի վրա, բացի պայմանականությունից։ Բարձրվանդակավոր մշակույթը կարող է այնպիսի աշխարհ պատկերացնել, որում տաբատը կանանց սովորական հագուստն է, մինչդեռ կիսաշրջազգեստն անթույլատրելի է, իսկ տղամարդկանց համար ընդունելի են և՛ տաբատը, և՛ շրջազգեստը։ Մեր կամ այդ պատկերացման համար որևէ կենսաբանական հիմքեր չկան, բայց դե եթե պատմականորեն այդպես է դասավորվել, ուրեմն մենք էլ այդպես կանենք, ու կարգուկանոն կլինի։

Ցածրվանդակավոր մշակույթը ինչ որ ձևով տարալուծում, լղոզում է նմանատիպ պայմանականությունների սահմանները։ Այն խառնում է կատեգորիաները, խառնում է իրերը, որոնք նախկինում հստակ սոցիալական գործառույթ ունեին կանանց, տղամարդկանց կամ հասարակական այլ խմբերի համար։ Սա բարձրվանդակավոր մշակույթի մոտ սպոնտան և հաճախ բարոյախոսական դիմադրություն է առաջացնում։ Այդ առումով մեր մոտ բավականին սիմետրիկ հարաբերություն է․ մի կողմում խմբեր են, ովքեր սովորաբար ավելի ձեռնտու դիրքում են և կանոններին ու պայմանականություններին հետևողներին անհետաքրքիր ու ձանձրալի են համարում, մյուս կողմից՝ պայմանականություններին հետևողներն են, ովքեր նայում են այս պոտենցյալ այլասերվածներին, ովքեր ինչ որ անբնական գեղանկարչություն են սիրում, աննորմալ հագուստ են կրում և այլն։ Դա ունիվերսալ բևեռացում է, որը սպոնտան ձևով առաջանում է բոլոր հասարակություններում, իսկ ժամանակակիցներում այն հիանալի ձևով հենվում է դասակարգային հիմքերի վրա։

Ճաշակի ակունքների մասին պատկերացումների այս ընդհանրացման մեջ կարելի է ևս մեկ քայլ անել և ասել, որ կանխատեսելիության հիմնական ձևը կանխատեսելիության կանխատեսելիությունն է։ Եթե վատ գրականությունը դիտարկենք (սպիտակ ձիով արքայազներով), ապա կանխատեսելիությունն առաջանում է, քանի որ հեղինակը մոտավորապես գիտի, թե ինչ կոճակների է պետք սեղմել, որպեսզի ընթերցողների մոտ էմոցիոնալ ռեակցիա առաջացնի, իսկ ընթերցողները մոտավորապես գիտեն, որ նման կազմով գրքի հեղինակը սեղմելու է այդ կոճակները։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին վերաբերվում է որպես քիչ թե շատ մեխանիկական, ծրագրավորված, կանխատեսելի սարք։ Իսկ ի՞նչ, եթե այդ սարքը կատակի կամ մետահնարքի ձևով ակնարկի, որ «ինքը գիտի, որ դու գիտես»։ Մետահնարքները երկար պատմություն ունեն, դրանք կարելի է գտնել անգամ հին եգիպտական դամբարանների գրվածքներում, լայնորեն տարածված էին Եվրոպայի գոթիկ գեղանկարչության մեջ (օրինակ, հերոսի՝ նկարի շրջանակին հենվող ձեռքը, շրջանակից դուրս եկած է պատկերված)։

Կարելի է ասել, բարձր մշակույթի զարգացման գլխավոր ուղղություններից էր լսարանին ուղղված նմանատիպ «աչքով անելու» ձևերի տարածումը, ուղիղ հաղորդակցությունը, երբ ենթադրվում է, որ պատմությունը պետք է ընկալվի ոչ որպես պարզապես պատմություն, որի հերոսների հետ կարելի է նույնականանալ,  այլ որպես դիմումի կամ ուղերձի տեսակ, որում հեղինակը հանկարծ հայտնվում և ընթերցողին ինչ որ ակնարկներ է անում կարդացողի՝ հեղինակից սպասումի մասին և այլն։ Ի վերջո, գլխավոր թեմա է դառնում ընթերցողի և հեղինակի փոխհարաբերությունը, իսկ պատմությունը, եթե առհասարակ կա, պարզապես նյութ է շփման համար։ «Աչքով անելու» աստիճանը, որը շատ հարցերում տարբերակում է լավ արվեստը վատից, զուգահեռներ ունի ամենատարբեր ոլորտներում։ Դասակարգային կարգավիճակի նշաններում պարզ, հստակ, ընթերցելի, պայմանական սիմվոլների փոխարեն կիսաակնարկներ են։ Դասակարգային դիրքի ցուցադրման դեպքում ամենավատ ճաշակը տնտեսական բարեկեցության ուղիղ, միանշանակ ցուցադրումն է։ Ոսկե շղթան դասակարգային ազդանշան տալու հնարավոր ամենավատ ձևն է։ Այն իր կրողին ներկայացնում է որպես ամենացածր ճաշակի ցուցամոլ։ Որքան քիչ է արտահայտված սեփական հարստության ցուցադրությունը, որքան ակնարկային է, այնքան՝ լավ։ Այս իմաստով նոր կահույքը հնից վատ է։ Հին իրերն ընդհանրապես նորերից լավ են, քանի որ որպեսզի օգտագործված ու մաշված իրը դեռ կիրառելի լինի, այն պետք է լավ որակ ունենա, ցածրորակ իրերը շուտ են շարքից դուրս գալիս։ Այդ իսկ պատճառով, լավագույն կահույթը երկու դար առաջվա կաղնեփայտից կահույքն է, որի վրա դեռ հորդ պապը գրչահատով փորագրություններ է արել։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նման կահույք կարող է լինել միայն ժառանգաբար արիստոկրատների մոտ՝ ընտանիքներ, որոնք հասարակության մեջ այնպիսի դիրք են զբաղացնում, որ արդեն մի քանի սերունդ այլևս կարիք չունեն տպավորությունը պահելու մասին մտածելու։ Հարստության մեր դրսևորումները, ինչպես ցանկացած բանի դրսևորում, զարգանում է դեպի «աչքով անելու» կողմ։

Մեծ հաշվով, այդ էվոլյուցիայի տրամաբանությունը ինքն իրեն է դիմում, որովհետև եթե էլի շարունակենք, ապա չափից դուրս լավ ճաշակն արդեն վատ ճաշակ է։ Եթե մենք չափից դուրս զուսպ ճաշակ ենք ցուցաբերում ամեն ինչում, այդ ճաշակն անհետաքրքիր, մանրակրկիտ, մտածված, խաղարկված ու մեխանիկական է դառնում։ Իսկ ի՞նչ, եթե այդ ճաշակի մեջ ինչ որ բաներ ավելացնենք, որ ոչ ոք չէր սպասում։ Արևմտյան հասարակությունների վերջին տասնամյակների մշակութային սպառողականությունը ամենակերության միտման վրա է կենտրոնանում։ Եթե դեռևս 19-րդ դարում կամ 20-րդ դարի սկզբում էլիտան տարբերվում էր նրանով, որ լավ արվեստ էր սպառում, ապա այժմ գլխավոր տարբերությունը կոնկրետ ժանրային կամ բազմատեսակ ու բազմապիսի արտադրություն սպառելու մեջ է։ Ընդ որում, նման մաքուր սնոբիզմը, որն արտահայտվում է արքայազնի կամ սպիտակ ձիու առկայության մասին գոնե մի փոքր կասկած ունենալու դեպքում նման գրականությունից հրաժարվելու մեջ («Ոչ, ես չեմ ուզում, իմ կյանքում ոչ մի Ջորջ Մարտին լինել չի կարող»), դիրքորոշում է, որն այլևս չի ասոցացվում իրապես էլիտար համարվող խմբերի հետ։ Էլիտար խմբերը խնդիր չունեն ոչ ձիերի, ոչ արքայազների հետ՝ «աչքով անելու» որոշ քանակությամբ և «այնքան վատ է, որ արդեն լավ է» ոճով կարդալով։

Ճաշակային ինտերակտիվ խաղերն ամենակերության առաջացման հետ չեն դադարում։ Բայց եթե առաջ դրանք ծովամարտի նման էին՝ քայլերի սահմանափակ քանակությամբ․ որոնք կարելի է անել հարաբերականորեն պարզ մարտավարություններով, ապա այժմ դրանք շախմատի են նման, ընդ որում, շախմատ, որում գրոսմեյստերից պահանջվում է մի քանի տասնյակ դեբյուտ իմանալ՝ տասից ավելի քայլերի խորությամբ։