Հայաստանի խորհրդարանը որոշեց այլևս չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ այն փոխարինելով կարանտինով։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 80 կողմ, 28 դեմ ձայներով։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Սեպտեմբերի 4-ի նիստում քննարկվեց այլ օրենքներում փոփոխությունների հարցը, որոնք թույլ կտան չերկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը։ Նախագծին դեմ են քվեարկել ընդդիմադիր ուժերը, որոնց կարծիքով, այն իրավական խնդիրներ է պարունակում։
Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:
Կարանտինի՝ կառավարության կողմից սահմանվելու դեպքում հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: