Home / Առողջապահություն / Արտակարգ դրություն էլ չի լինի, բայց սահմանափակումներ կլինեն

Արտակարգ դրություն էլ չի լինի, բայց սահմանափակումներ կլինեն

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնք թույլ կտան սեպտեմբերին արտակարգ դրությունը այլևս չերկարաձգել։

Փոփոխությունների են ենթարկվելու, ըստ զեկուցող Ռուստամ Բադասյանի, հիմնականում Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքները։ Լրացումներ կկատարվեն նաև հարակից օրենքներում, ինչը հնարավորություն կտա շարունակել պայքարը համավարակի դեմ՝ վերացնելով մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմը:

Հակահամաճարակային կաննոների և հակամավարակային սահմանափակումների մեծ մասը, սակայն, կիրառելի կլինեն՝ օրենքով սահմանված որոշ նախապայմաններով, ավելի սահմանափակ ծավալներով և ավելի բարդ ընթացակարգով։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հետևյալ կառուցակարգը․

— վարակիչ հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի և դրա հետևանքով՝ արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում կարող է սահմանվել կարատնին։

— կարանտին կարող է սահմանվել Առողջապահության նապարարության առաջարկությամբ
* մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից` համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ առանձին կազմակերպությունների գտնվելու վայրում;
* Կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, սահմանի անցակետերում և այն դեպքում, երբ համաճարակի գոտին ներառում է երկու կամ ավելի մարզ։

Կարանտին հայտարարելու պարագայում հնարավորություն կընձեռվի կիրառել հետևյալ միջոցառումները․

— համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում,
— պետ․ սահմանով հարղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում,
— ազատ տեղաշարժի սահմանափակում,
— օբզերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում։

Այն դեպքերում, երբ կարանտինը սահմանվում է Կառավարության կողմից (այսինք՝ Հանրապետությունով մեկ կամ ավելի քան մեկ մարզում), հնարավոր, բայց ոչ պարտադիր կլինի կիրառել նաև ավելի խիստ միջոցառումներ։ Մասնավորապես՝

— հավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակում,
— իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային կանոնների սահմանում,
— ապրանքների փոխադրման սահմանափակումներ,
— կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ,
— սահմանափակումներ պետական և ՏԻՄ մարմիններում և այլ հաստատություններում։

Բոլոր կարգավորումները, ըստ արդարադատության նախարարի, համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակող նորմերի պահանջներին, ինչի շնորհիվ օրենքի մակարդակում ամրագրվել են թե սահմանափակող միջոցառումները և դրանց կիրառման կարգը և թե՛ իրավասու սուբյեկտները և պատասխանատվությունը նշված կարգավորումները խախտելու համար։

Սահմանվել է նաև երաշխիքների լայն համակարգ։ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է նաև հատուկ վարույթ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտինի դեպքում կիրառվող միջոցների իրավաչափությունը՝ տասը օր ժամկետում (առաջին ատյանում) և 2 ամիս ժամկետում (վերաքննիչ ատյանում)։

Արդարադատության նախարարի պնդմամբ՝ այս կարգավորումները արտակարգ դրության ռեժիմից տարբերվում են իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, նաև՝ իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով։

Մասնավորապես՝

— այլևս չի գործի էլեկտրոնային հսկողության միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը,
— տնտեսական գործունեության արգելման դեպքերը․ հնարավոր է սահմանափակումներ կիրառել, բայց հնարավոր չէ արգելել տնտեսական գործունեությունը,

— և այլն։

«Ամփոփելով՝ գտնում ենք, որ փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ և միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է, որ, թեև փաթեթը դեռևս հունիսից շրջանառության մեջ է դրվել, ՄԻՊ-ին այն ներկայացվել է միայն երեկ՝ կարծիքի համար։ Կան որոշակի մտահություններ, որոնք վերաբերում են սահմանափակումների պրակտիկ կիրառելիությանն ու համաչափությանը։

Թաթոյանի մեկնաբանությանը արձագանքելով՝ վարչապետը դժգոհություն հայտնեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ Կառավարության նիստում հնչում է, որ չի ուղարկվել կարծիքի կամ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի․․․ սա ինչքա՞ն է շարունակվելու»։

Աղաջանյանն պատասխանեց, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունը հարցը զեկուցող Արդարադատության նախարարությանն էր։ Արդարադատության նախարարն էլ արդարացավ՝ մինչեւ վերջին պահը հայտնի չէր, որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը, հրատապ ռեժիմով ենք աշխատել։

«Եկեք դադարեցնենք։ Մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի և գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք», – պատասխանեց վարչապետը՝ հավելելով, որ, հաշվի առնելով հարցի հրատապությունը, կարող են քվեարկությամբ ընդունել, բայց մինչեւ ստորագրումը պետք է բոլոր անհրաժեշտ տեղերում հարցը քննարկվի․ «Կառավարության նիստն այն տեղը չէ, որտեղ նախագծերը պետք է սենց մանրամասներով քննարկվի։ Նախագծերը պետք է պատշաճ դրվեն քննարկման»։

Դեմ քվերակողներ չեղան։ Որոշումն ընդունվեց։