Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, ըստ որի, ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկելու է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ։ 1-ին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ:
Յուրաքանչյուր դպրոցում սահմանվելու է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու։ Ի պաշտոնե դա դպրոցի տնօրենն է։ Ուղեցույցով սահմանված բոլոր կանոնների պահպանման համար պատասխանատու են դպրոցի բոլոր աշխատակիցները։ Պատասխանատուի պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի աշխատակիցների, ծնողների և սովորողների համար։
Դպրոցներն ապահովվելու են դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստով։
Դպրոցն ապահովվելու է նաև հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով, նաև անհատական օգտագործման ջերմաչափերով՝ ըստ անհրաժեշտության գործածման համար։
Զանգվածային միջոցառումների իրականացումն արգելվում է։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը։
Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի։ Դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձակամզի անդամները պարտադիր պետք է դիմակ կրեն։ Դպրոցի մուտքի մոտ անձնակազմի պարտադիր պետք է ջերմաչափվի, արդյունքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում։
Եթե դպրոցի անձնակազմից որևէ մեկի մոտ նկատվի սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ, ապա վերջինիս աշխատանքն անհապաղ պետք է դադարեցվի։
Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները պետք է բաժանվեն խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով.
ա. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի:
բ. Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
գ. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
դ. Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:
Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով:
Դպրոցում սովորողները պարտադիր պետք է դիմակ կրեն՝ այն փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:
Դասասենյակների թվի անբավարար լինելու դեպքում դասապրոցեսը կարող է կազմակերպվել այդ նպատակով կահավորված դահլիճներում և միջանցքներում, ինչպես նաև՝ բացօթյա տարածքում՝ նման հնարավորության և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։
Դպրոցում դասարանի ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը:
Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։
Դպրոցում ուսումնական գործընթացի ժամանակ սովորողների միջև հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները:
Դպրոցում դասերի ժամանակ սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվում է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։
Սովորողները դասին մասնակցում են տեղից:
Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:
Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով:
Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները:
Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:
Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում կազմակերպվում է 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է սովորողների գիտելիքների ստուգում կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:
Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:
Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է:
Դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում չոր սննդի տարբերակով։
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի՝ ներառյալ 65 և բարձր տարիքի ուսուցիչներին՝ անկախ առողջական վիճակից, կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ԿԳՄՍՆ-ի կողմից, կամ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրամ համար անհրաժեշտ պայմանները, կամ չներկայանալ աշխատանքի։ Աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում:
Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն:
Լուսանկարը՝ The Bangkok Post-ից