Անցողիկ շեմը հաղթահարած, բայց համալսարան չընդունված դիմորդները, նրանց ծնողները և աջակիցները, որոնք օրեր շարունակ դուրս են գալիս բողոքի, դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընդունելության մրցույթի նոր կարգը։
ԲՈՒՀ չընդունված դիմորդների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում նշեց՝ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան։ Առաջին հայցադիմումով պահանջում են անվավեր ճանաչել ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը։ Ըստ Կոչուբաևի՝ այս հայցն անմիջականորեն չի լուծում դիմորդների խնդիրը, բայց նպատակ ունի ցույց տալ, որ «այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում»։ Երկրորդ հայցն էլ, ըստ փաստաբանի, պահանջում է անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց։ Կոչուբաևը շեշտել է՝ «խախտված իրավունքները տարբեր են», ուստի՝ յուրաքանչյուր դիմորդի համար երկրորդ հայցով առանձին պահանջ է ներկայացվել։
Փաստաբանները հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել նաև, ինչը, ըստ Կոչուբաևի, հնարավորություն կտա դիմորդներին մինչև սեպտեմբերի 1-ը ուսանողի կարգավիճակ ստանալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Ընդունելության մրցույթի կարգը, հիշեցնենք, փոխվել է այս տարվա մայիսին։ Մրցույթն այլևս անցկացվում է հայտի առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ․ ընդունելության մրցույթն առաջին հերթին տեղի է ունենում այն դիմորդների միջև, որոնք դիմել են տվյալ մասնագիտության համար։ Նրանք, ովքեր այդ մասնագիտությամբ, այսինքն՝ առաջին հայտով, չեն անցել և ցանկանում են իրենց հավաքած միավորներով գնալ երկրորդ կամ երրորդ հայտով նշված բաժին, կարող են մրցել այդ բաժնի թափուր տեղերից որևէ մեկի համար միայն։ Եթե թափուր տեղեր չկան, նրանք մրցույթից դուրս են մնում՝ անկախ նրանից, որքան բարձր են եղել քննությունների ընթացքում հավաքած միավորները։
Բողոքի դուրս եկած դիմորդները և նրանց ծնողները դեմ են այս փոփոխությանը։ Ըստ նրանց՝ անարդար է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվում համալսարան, մինչդեռ ավելի ցածր միավորներ հավաքածները՝ ընդունվում են։
ԿԳՄՍ նախարարությունը հակադարձում է՝ խնդիրը միավորների մեջ չէ, այլ՝ ընտրված և նախընտրելի բաժնի և այն մրցակցության, որ կա այդ բաժնում։ Փոփոխությունը, ըստ նախարար Արայիկ Հարությունյանի, միտված է բացառելու այն իրավիճակը, երբ «էլիտար» բաժիններ չընդունված դիմորդները «կասկադով» լցվում եմ մյուս բաժիններ՝ զբաղեցնելով այն դիմորդների տեղը, որոնք ի սկզբանե ցանկանում էին ստանալ տվյալ մասնագիտությունը։ Արդյունքում՝ ունենում ենք իրավաբան դառնալ ցանկացող, բայց աստվածաբան դարձած մարդկանց մի մեծ բանակ, որոնք հետագայում, որպես կանոն, մասնագիտությամբ չեն էլ աշխատում։
Նախարարի խոսքով՝ այս տարի դրական գնահատական ստացած 9 372 դիմորդից 8 706 ընդունվել է համալսարան։ Թափուր տեղերի համար դիմած մոտավորապես 520 հոգուց 472-ը նույնպես ընդունվել է՝ երկրորդ հայտով, 49-ը՝ չի ընդունվել։ Չընդունվածների թիվն, ըստ Հարությունյանի, ավելի փոքր է, քան նախորդ տարի էր, երբ ընդունելության մրցույթի կարգը դեռևս չէր փոխվել՝ ընդամենը 200։
Բոլորին, այդ թվում՝ բողոքի ցույցերին մասնակցող դիմորդներին, որոնք նշված հայտերից որևէ մեկով չեն ացնել, առաջարկվել է դիմել հեռակա ուսուցման՝ մասնակցելով գալիք մրցույթին։
Օրեր շարունակ խորհրդարանի և նախարարության շենքերի մոտ բողոքի ցույցեր անող դիմորդներն այս լուծումների հետ, սակայն, համաձայն չեն։
Ուսանողների և նրանց ծնողների հետ այսօր հանդիպեցին նաև Ազգային ժողովի երեք խմբակցությունների պատգամավորները: Հանդիպման ընթացքում ցուցարարները ներկայացրին ընդունելության կարգի հետ կապված խնդիրները ու առաջարկվող լուծման ուղիները: Հատուկ ընդգծեցին նաև, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ, թեև ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ պատշաճ իրազեկում է իրականացվել, հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններից, նախարարությունը ծանուցումներ չի ուղարկել։ Ավելի վաղ նախարար Հարությունյանը պատասխանել էր նաև այս մեղադրանքին։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն ԿԳՄՍ նախարարություն: Ստեփանյանն առաջարկեց նաև երեխայի՝ առաջին տարում բուհ չընդունվելու փաստը անձնական ողբերգության չվերածել, սփոփեց իր և իր հայրիկի օրինակով, ով համալսարան է ընդունվել 6-րդ փորձից միայն։