Home / Կրթություն / «Էլ ի՞նչ միջոցով պետք է իրազեկեինք»․ նախարարը՝ բուհեր չընդունվածներին

«Էլ ի՞նչ միջոցով պետք է իրազեկեինք»․ նախարարը՝ բուհեր չընդունվածներին

Բուհեր չընդունված, սակայն քննություններին բարձր միավորներ ստացած դիմորդները շարունակում են դուրս գալ բողոքի։ Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ թեմային անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով բողոքողների հարցին, թե ինչո՞ւ բարձր միավորներ ստացած դիմորդը պետք է չընդունվի։ Նախարարն, ամբողջ պատկերը ներկայացնելով, նշել է, որ այս օրերին անցկացվող բողոքները քաղաքական երանգ են ստանում, քանի որ, ըստ նրա, ներգրավված և այս ամենը կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի սատարողներից է։

Հարությունյանը նաև հանրության ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ ակցիաներին կարելի է գլխարկով մի տղամարդու նկատել, ում որդին ընդունվել է, սակայն այժմ իրենք ցանկանում են օգտվել հնարավորությունից և «ալիքի վրա հասնել նրան, որ ընդունվեն այնտեղ, որտեղ ի սկզբանե ցանկացել են առաջին հայտով»։

Նախորդ իշխանությունները երկար ժամանակ խուսափել էին տվյալ բարեփոխումից, ասել է նախարարը․ «Որովհետև, ըստ հին համակարգի, կա երկու-երեք այսպես ասած էլիտար մասնագիտություն և կան սպասարկող մասնագիտություններ, երբ դիմորդը, մտքում ունենալով, թե էս երեքին դիմեմ, իսկ նրանք կան ու կան»։ Հարությունյանը հիշեց, որ ժամանակին «էլիտար» բաժիններ չընդունվածներն իրենց բարձր գնահատականներով «կասկադով» լցվում էին մյուս բաժիններ՝ զբաղեցնելով այն դիմորդների տեղը, որոնք ի սկզբանե մտադրված էին տվյալ մասնագիտությունը ստանալուն։

«Կրոնագիտությունը երկար տարիներ ավարտում էին մարդիկ, որոնք իրավաբանական էին ցանկանում ընդունվել։ Ես հիշում եմ, որ իրավաբանական չընդունվածների մեծ մասը գնաց աստվածաբանություն։ Ըստ էության, ունենում էինք մի իրավիճակ, երբ ընթացքում տեղաշարժեր էին լինում և էդ ֆակուլտետները դատարկվում էին կամ ավարտում էին էդ մասնագիտությամբ տասնյակ և հարյուրավոր մարդիկ, որոնք հետագայում էդ մասնագիտությամբ չեն աշխատելու», – մասնավորապես, ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ մրցույթն առաջին հերթին պետք է տեղի ունենա այն դիմորդների միջև, որոնք հենց տվյալ մասնագիտության համար էին դիմել։

«Որպեսզի 4 տարի հետո մենք ունենանք ոչ թե 20, այլ 70-80 տոկոս մասնագիտությամբ աշխատող, և պետությունը զգա, որ իր ներդրումը տվյալ ոլորտում արդարացված է»։ Այլ կերպ ասած, նա, ով ի սկզբանե որոշել էր իրավաբանական ֆակուլտետ ընդունվել, սակայն չի անցել և ցանկանում է իր հավաքած բարձր միավորով գնալ այլ բաժին, կարող է մրցել այլ բաժնի թափուր տեղերից որևէ մեկի համար միայն։

«Մենք էս ընթացքում փոխել ենք տարբեր համակարգեր՝ գրանցումների, առաջին դասարանցիների հետ կապված, որն, իր հերթին, նաև բերում է կոռուպցիոն համակարգերի վերացմանը։ Շատ այսպիսի քայլերի ենք գնացել, գնում ենք և գնալու ենք ապագայում, դրանք ցավոտ են, մենք դա գիտակցում ենք, բայց մենք այս փուլերը պետք է անցնենք», – նկատել է նախարարը։

Ինչ վերաբերում է դիմորդների և նրանց ծնողների դժգոհություններին կապված նրա հետ, որ իրենք այս կարգից տեղյակ չէին, Հարությունյանը շեշտել է՝ դրա մասին բազմիցս է խոսվել, հաղորդումներ և հաղորդագրություններ են եղել, մամուլն էր գրել։

«Եվ, որ ամենակարևորն է, դիմորդը, dimord.am-ում իր հայտը լրացնելիս, քանի դեռ, համապատասխան կոճակը սեղմելով, չի հաստատել, որ ծանոթ է կարգին, [համակարգն] իրեն թույլ չի տալիս լրացնել հայտերը։ Այսինքն, եթե դիմորդը նույնիսկ չի տեսել, չի լսել, չի խոսել դրա մասին, գալիս է մի պահ, երբ ինքը նստում է համակարգչի դիմաց, լրացնում է հայտը, և իր հայտը լրացնելուց առաջ համակարգն իրեն հարցնում է՝ ծանո՞թ ես կարգին։

Այսինքն՝ մենք ո՛չ ուզում ենք կարդալ, ո՛չ ուզում ենք լսել, ո՛չ ուզում ենք տեսնել, հետո ասում ենք՝ մենք իրազեկված չենք։ Էլ ի՞նչ միջոցով պետք է դա հասանելի դառնար։

Անցած շաբաթ բողոքող խումբը եկավ նախարարություն և երկու հանդիպում եղավ, էդ հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ նախարարությունն իր լուծումներով, ըստ էության, հարթում է իրավիճակը։ Մենք ունեցել ենք դրական գնահատական ստացած 9 372 դիմորդ, նրանցից 8 706 ընդունվել էր։ Դրանից հետո թափուր տեղերի համար դիմել էր մոտավորապես 520 դիմորդ, որոնցից չի ընդունվել 49 և ընդունվել է 472 դիմորդ։ Չընդունվողների թիվը եղել է ընդամենը 200։

Զուտ համեմատության համար ասեմ, որ նախորդ տարի, երբ շատ ավելի քիչ էր դիմորդների թիվը, չընդունվածների թիվը ավելի մեծ էր եղել։

Բարձր բալեր հավաքածներն ունեցել են հնարավորություն թափուր տեղերի համար մրցույթին մասնակցելու և ընդունվելու, բացի այդ, մենք առաջարկել ենք և հեռակայի համար ստեղծել ենք մի էնպիսի համակարգ, որ նույնիսկ եթե ոչ մի տեղ մինչև հիմա չեն ընդունվել, հայտերի լրացման այնպիսի մեխանիզմ ենք առաջարկելու, որ մեր դիմորդներն, իրենց այս գնահատականներով դիմելով բուհեր, կարողանալու են ընդունվել իրենց հայտերից որևէ մեկով», – ասել է Հարությունյանը՝ նշելով, որ խոսքն արդեն նոր ուսումնական տարվա մասին է։