Home / Կրթություն / Մեկ քննություն ԲՈՒՀ ընդունվելու համար․ նախարարը՝ փոփոխությունների մասին

Մեկ քննություն ԲՈՒՀ ընդունվելու համար․ նախարարը՝ փոփոխությունների մասին

Ի տարբերություն նախորդ տարիների, 2020-ին ԲՈՒՀ ընդունելությունը կիրականացվի մեկ քննությամբ։ Այն սահմանվել է հետևյալ կերպ․ ընտրվել է երեք կամ երկու պարտադիր առարկաներից մեկը։ Իսկ քննությունները, որոնք տվյալ ֆակուլտետի համար եղել են կամընտրական, դիցուք, եղել է քիմիա կամ ֆիզիկա, թույլ ենք տալիս, որպեսզի դիմորդը դրանցից ընտրի։ Փոփոխությունների մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատմել է կառավարության նիստի ժամանակ։

– Մենք խրախուսելու ենք, որ դիմորդները մեծ կարևորություն տան մասնագիտական ընտրությանը, և առաջին հայտը լինի գերակա մրցույթի անցկացման ժամանակ։ Բացի այդ, ևս մի նորարարություն, որը հետագա տարիներին կօգտագործենք, և, ըստ էության, ինչպես ասել ենք, կորոնավիրուսի դեմ պայքարը նաև հնարավորություն է՝ ամբողջությամբ թվայնացրել ենք հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ից և կավարտվի հունիսի 15-ին։ Այնուհետև հուլիսի առաջին տասնօրյակին կանցվացվեն ընդունելության քննությունները։

Այս հարցում նախարարությունը սերտորեն կհամագործակցի Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի գորահավաքի ժամկետներ չխախտվեն։

Հարցն այն մասին, թե ինչպես է ընտրվելու այդ մեկ առարկան, նախարարությունը քննարկել է համալսարանների հետ, այնուհետև ընտրել այն քննությունը, որն, ըստ իրենց, ինչպես նաև համապատասխան մասնագետների կարծիքով, կարևոր է տվյալ ֆակուլտետի համար։

– Ինչպես նաև մի կարևոր սկզբունք ենք որդեգրել․ ընտրել այնպիսի առարկաներ, որ դիմորդը հնարավորություն ունենա նաև մյուս մասնագիտությունների համար մրցույթի մասնակցի։ Թույլ ենք տալիս, որպեսզի դիմորդն ինքն ընտրի, որ քննությունն է հանձնում, և հենց այդ քննությունն է լինելու մրցույթային։ Հավասար բալերի դեպքում, մրցույթային քննությունների առարկաների գնահատականները նայելու ենք ատեստատով։ Եթե էդտեղ էլ հավասարություն լինի, ընդհանուր ատեստատի միջին որակական գնահատականն ենք նայելու։ Ու մի շարք այլ պարամետրեր կան, որոնք հաշվի ենք առնելու։

– Ստացվում է, որ եթե մի տեղ բալերը չեն հերիքում, հնարավորություն կունենա ուրիշ տեղ էլ․․․ Եվ որոշ դեպքերում էլ կարող է ինքը ընտրել, թե ֆակուլտետի համար մասնագիտական քննությունից որ մեկը հանձնի, – ճշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

– Եթե դրանք կամընտրական են եղել, այսինքն՝ ուսումնական տարվա սկզբին հաստատված քննությունների շարքից, – արձագանքեց նախարարը։