«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Turan լրատվական գործակալության կայքերի վրա կիբերհարձակումները, որոնք հաջորդել են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ քննադատական լուրերին։ Գործակալության ղեկավարությունը DDoS-հարձակումները կապում է նաև իշխանությունների քննադատությունների հետ։
Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը պատմել է, որ մայիսի 15-ին վթար է տեղի ունեցել սերվերում, որը գործակալությանը հոսթինգ էր տրամադրում (www.turan.az և www.contact.az)։
«Այդ պատճառով հոսթինգ մատակարարը դադարեցրել է սերվերի աշխատանքը։ Մեզ հայտնեցին, որ վթարի պատճառը սերվերին միացումների մեծ քանակն էր։ Հավանաբար DDoS-հարձակում է տեղի ունեցել՝ Turan գործակալության աշխատանքն արգելափակելու նպատակով։ Մայիսի 16-17-ը համապատասխան քայլեր են ձեռնարկվել մեր կայքերի վերակագնման ու դրանց անվտանգության ապահովման համար։ Կայքի կանոնավոր աշխատանքը կարողանացանք վերականգնել միայն մայիսի 19-ին»,- «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում պատմել է Ալիևը։
«Ադրբեջանի իշխանություններն անհանգիստ են։ Մենք ճիշտն ենք ասում, դա իրենց իհարկե դուր չի գալիս։ Չեն ուզում, որ հասարակությունն իմանա՝ ինչ է կատարվում։ Դրա համար էլ նման քայլերի են դիմում։ ․․․Երկրում ճգնաժամ է սկսվել։ Միայն համավարակի մասին չեմ խոսում։ Նավթի գներն ընկել են և հավանաբար շուտ չեն վերականգնվի։ Հաշվի առնելով, թե որքան է Ադրբեջանի տնտեսությունը կախված նավթից, կարելի է ասել, որ վիճակը լուրջ է։ Բյուջեում արդեն կրճատումներ են անում, այսինքն, մի շարք խոշոր նախագծեր կփակվեն, աշխատատեղեր կպակասեն։ Դժվար ժամանակներ են սպասվում։ Մենք իհարկե գրում ենք այդ մասին, վերլուծում, փորձում այլընտրանքային կարծիք ներկայացնել։ ․․․Կառավարությանը դա դուր չի գալիս երևի», – կարծում է Ալիևը։
Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը 2017 թվականի օգոստոսի 24-ին ձերբակալվել էր՝ ապօրինի ձեռներեցության և հարկերից խուսափելու մեղադրանքով։ Ալիևն իր մեղքը չէր ընդունում։ Կարճ ժամանակ անց գործը կարճվել է։
Գործակալության կայքերի վրա կիբերհարձակումները պարբերական բնույթ են կրում։