Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Նիամեդին Ահմեդովին՝ 30 օր վարչական կալանքի տակ պահելուց հետո մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում) հոդվածով։
Մայիսի 16-ին Նասիմինի շրջանային դատարանը նրան 4 ամսվա կալանքի դատապարտեց։ Այս մասին Turan լրատվական գործակալությանը հայտնել է Ահմեդովին պետական միջոցներով հատկացված փաստաբան Ահմեդ Ֆարհադովը։
Քննությունն Ահմեդովին մեղադրել է արտասահմանից մեկ այլ ընդդիմադիր գործչից գումարներ ստանալու և այդ գումարներն ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղելու մեջ։
Ահմեդովը դատարանում հերքել է մեղադրանքը, նշելով, որ իրեն գումար ուղարկածը պարզապես պարտքն էր վերադարձնում։
Ահմեդովը Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահն էր։ Բերման ենթարկվել է ապրիլի 15-ին՝ կարանտինային ռեժիմի խախտման մեղադրանքով։ Մայիսի 15-ին՝ կալանքի ժամկետի ավարտից հետո, ազատ չի արձակվել։
Ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով Ահմեդովին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում։
ԱԺՃԿ փոխնախագահ Սեյմուր Հազին Ահմեդովի ձերբակալությունը որակել է որպես գերագույն մակարդակի քաղաքական պատվեր։ Նրա կարծիքով Ահմեդովին «պատժում են 2019 թվականի հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիայի ժամանակ Ալի Քերիմլիին պաշտպանելու համար»։