Թեև Ռեմդեսիվիրի արդյունավետությունն ու հավանական կողմնային ազդեցությունները դեռևս ամբողջապես ուսումնասիրված և հաստատված չեն, EMA-ն՝ հիմնվելով նախնական ուսումսաիրությունների վրա, խորհուրդ էր տվել կորոնավիրուսի բուժման նպատակով օգտագործել այն։ Նշվել էր, որ Ռեմդեսիվիրից բացի՝ COVID-19- ը բուժող/ կորոնավիրուսային վարակն արգելափակով այլ միջոցներից կարող են լինել մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները։ Նախնական փորձարկումները դրական արդյունքներ են արձանագրել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մայիսի սկզբին անդրադարձել էր կորոնավիրուսի բուժման նպատակով Ռեմդեսիվիրի կիրառմանը, նշել, որ ուսումնսաիրությունները շարունակվում են, և առաջարկել Ամերիկայի կառավարությանն ու Gilead Sciences ընկերությանը ընդլայնել դեղամիջոցի միջոցի արտադրությունը և ապահովել դրա լայն հասանելիությունը։
Ռեմդեսիվիրը նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող նոր հակավիրուսային դեղամիջոց է, որն արգելակում է ՌՆԹ կախյալ ՌՆԹ-պոլիմերազին։ Այս ֆերմենտը անհրաժեշտ է ՌՆԹ-վիրուսների ռեպլիկացիայի համար։ Դեղամիջոցը արգելակելով այդ ֆերմենտի ակտիվությունը՝ արգելակում է վիրուսների կրկնապատկումը և այդ պատճառով օգտագործվում է ՌՆԹ-պարունակող վիրուսների դեմ, օրինակ՝ Էբոլայի վիրուսի, Մարբուրգի վիրուսի, Լասսայի տենդի վիրուսի, Նիպահի վիրուսի, Հենդրայի վիրուսի և որոշ կորոնավիրուսների (ներառյալ MERS և SARS) դեմ։
Դեղամիջոցը ստեղծվել է ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի և Gilead Sciences ընկերության համատեղ աշխատանքների շնորհիվ։ Դեղամիջոցի իրավունքները պատկանում են Gilead Sciences ընկերությանը։