Երեկ՝ մարտի 17-ին, Բաքվի դատարանը քաղբանտարկյալ Աֆղան Մուխտարլիին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին նրա փաստաբան Նեմատ Քերիմլիին հայտնել է Գերմանիայի դեսպանատունը, նշելով, որ Մուխտարլիին նույն օրը կուղարկեն Գերմանիա, որտեղ ապրում են նրա հարազատները։ Դատարանի նման շտապ որոշումը բացատրվում է կորոնավիրուսի տարածման հետևանքով ավիահաղորդակցության դադարեցմամբ․ Մուխտարլին Գերմանիա կարող էր հասնել դեպի Մոսկվա միջանկյալ թռիչքով, իսկ այդ չվերթները դադարեցվելու էին մարտի 18-ից։
Լրագրող Աֆղան Մուխտարլին ձերբակալվել էր 2017-ի մայիսին։ Մինչ այդ նա Վրաստան էր արտագաղթել, որտեղից էլ բռնի Բաքու տեղափոխեցին՝ սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության ու իշխանության ներկայացուցչին չենթարկվելու մեղադրանքով։ Լրագրղը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։
Մուխտարլին Բեռլին հասել է այսօր՝ մարտի 18-ին։ «Կավկազսկիյ ուզելի» հետ հեռախոսազրույցում պատմել է իր ազատ արձակման մանրամասները։
«Սահմանվածից ավելի շուտ ազատման մասին ենթադրություններ կային դեռ անցյալ տարեվերջից։ Այն ժամանակ հարցով ակտիվորեն հետաքրքրված էին միջազգային կազմակերպությունը, կառավարությունը, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը։ Բանտում ինձ տեսակցելու էին եկել Եվրոպական Խորհրդի մարդու իրավունքների կոմիսար Դունյա Միաթովիչը, Եվրախորհրդի զեկուցող Սուննա Էվարսդոթիրը։ Նույնիսկ խոսակցություններ կային, որ ինձ ազատ կարձակեն 2019-ի դեկտեմբերին, ինչը սակայն տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, այդ ժամանակվանից սկսած իմ նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, սահմանափակումները կասեցվեցին։ Այն մասին, որ ինձ հենց հիմա ազատ կարձակեն՝ ես չգիտեի», – պատմում է Մուխտարլին։
Նա նշեց, որ Սուրահանի դատարանն իր պատժի մեղմացման մասին հայտը քննել է մարտի 17-ի առավտյան։ Ընդ որում, ոչ թե ազատազրկման մնացած ժամկետը փոխարինվել է պայմանականով, այլ տույժ է սահմանվել, որը տեղում վճարվել է, իսկ Մուխտարլին ազատ է արձակվել անմիջապես դատարանի դահլիճից։
Նա պատրաստվում է բնակվել Գերմանիայում ու շարունակել լրագրողական գործունեությունը։