Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որպեսզի ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա, հայտնում է Սոցապ նախարարությունը։
Նախարարության փոխանցմամբ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գորոծություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։
Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև 2020 թ.-ի ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։
Նախարարությունը հայտնում է նաև, որ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը՝ մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը, դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների և աշխատակիցների անվտանգությունից:
Բարեգործական ճաշարանից օգտվող քաղաքացիների սնունդը կազմակերպության աշխատակիցների միջոցով կհասցվի քաղաքացիների բնակության վայր: