Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ֆեյսբուքի միջոցով նա դիմել է քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և բժշկական կենտրոնների բուժաշխատողներին. «Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում՝ թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունը:
Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունը` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»:
Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար Առողջապահության ազգային ինստիտուտն կազմակերպելու է Covid-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։
«ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե՛ մեթոդական հարցերի, թե՛ կոնկրետ պացիենտների վերաբերյալ», – գրել է նախարարը:
Մայիսի 19-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում հաստաված է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041դեպք, որոնցից 2164` արդեն առողջացած և 64-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում ստանում է 2788 պացիենտ:
Կատարվել են շուրջ 43041 թեստավորում: