«Արմնյուզ» հեռուստաընկերության և «Ռադիո 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)։ Նշված լրատվամիջոցները և Tert.am լրատվական կայքը, ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա սպասարկում են Հնարապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի կլանի շահերը։ 2019-ին դրանք «Քառյակ մեդիա» ընկերության մասն են, որը կառավարում են նախկին ՀՀԿ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը։
ՀՌՀ մայիսի 19- նիստին բացատրվել են տույժի պատճառները․ «Արմնյուզի» հեռարձակած, Անժելա Թովմասյանի (հանրապետական անցյալ ունեցող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգական) «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակման ընթացքում ներկայացվել են փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ, սպառնալիքներ, բռնության կոչեր, խուճապ առաջացնող ենթադրություններ, որոնք հատկապես անչափահաս հեռուստադիտողի մոտ առաջացնում են տագնապի և անելանելիության զգացում: Այդ հաղորդման լսողական տարբերակը հեռարձակվել է նաև «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության միջոցով: Ըստ օրենքի, նման բովանդակությամբ հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը։
Հանձնաժողովը գտնում է, որ լիցենզավորված լրատվամիջոցների համար խիստ կարևոր և առաջնահերթ է ճգնաժամային իրավիճակներում հանրությանը և հատկապես անչափահասներին, ստուգված փաստերի և իրադարձությունների մասին իրազեկումը:
Նիստի ընթացքում Ընկերությունների ներկայացուցիչը բանավոր ներկայացրել է դիրքորոշում: Հանձնաժողովը ձայների 5 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Ռադիո 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Օրակարգային հաջորդ հարցը՝ «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին էր: Հանձնաժողովը ուսումնասիրել է 2020 թվականի մարտի 6-ին «ՖՄ-105.5»-ի կողմից ներկայացված եթերի ձայնագրությունները և արձանագրել, որ «Քաղաքական վերլուծություն Անդրեաս Ղուկասյանի հետ» հաղորդման անոնսում շեշտվել է, որ հաղորդման հովանավորն է «Հայ կառուցողական կուսակցություն»-ը՝ դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները՝ եթերը հովանավորությամբ հեռարձակելը։ Հանձնաժողովը որոշել է «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև այլ հարցեր․ «Մեգաթիվի» ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու, «Տելելեքս» ընկերության (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, հեռարձակման տեսակը՝ թվային) և «Էջմիածին» հեռուստատեսության (սփռման տարածքը՝ ք. Էջմիածին, հեռարձակման տեսակը՝ անալոգային) հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «Մեգաթիվի», «Արտ-թիվի-նեթ», «Կոլմենա», «Արայ», «Մեդիա քոնթենտ» ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: