Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթնաժողովի ժամանակ մայիսի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է միության շրջանակներում էներգակիրների գնի ձևավորման շուրջ տարաձայնությունները՝ ընգծելով, որ միության միջև 2025թ.-ի զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը: Նշենք, որ ռուսական գազը Հայաստան է հասնում արդեն 2.8 անգամ ավելի թանկ, քան որոշ եվրոպական երկրների համար։
Արձագանքելով Հայաստանի առաջնորդի բարձրացրած հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է էներգակիրների գնի ձևավորման հարցը հանել ռազմավարությունից, որն այսօր ԵԱՏՄ-ում ընդունվելիք հիմնական փաստաթուղթն է:
Փաշինյան․ «Էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»:
Ըստ վարչապետի, մինչև 2025 թվականի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով:
Պուտինի ասելով, ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն «այսօր դեռ չկա»: «Նախագիծը հիմնականում համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին, կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է որոշել ավելի ուշ` «ԵվրԱզեսի» գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները»:
Ռազմավարության հաստատման միակ խոչընդոտն, ըստ ՌԴ ղեկավարի, Մինսկի և Երևանի համաձայնության բացակայությունն է: «Եթե Հայաստանն ու Բելառուսը չփոխեն գազի սակագների ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը, ապա տրամաբանական կլինի բացառել այդ կետը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծից», – միևնույն ժամանակ ասել է Պուտինը:
Հայաստանի վարչապետը շեշտել էր, որ այդ կետի ներառումը ռազմավարության նախագծում անհրաժեշտ է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ պարբերաբար հայտարարում էր, որ բնական և տրամաբանական չէ, երբ Բելառուսն իր դաշնակից Ռուսաստանից գազ է գնում ավելի թանկ, քան այդ գազը Ռուսաստանից գնում են եվրոպական երկրները: