«Գազպրոմ Արմենիաի» ղեկավարությունը մարտի 25-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարված, ստիպել է իր աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի։ Այս մասին factor.am լրատվական կայքին են ահազանգում ընկերության աշխատակիցները:
«Ամբողջ Երևան գազի աշխատակիցներին ստիպել են թերթիկներ լրացնել և գնալ աշխատանքի այն պարագայում, երբ որևէ կենսական նշանակության աշխատանք նրանք չեն կատարում՝ տեսուչներ են, որոնք մարդկանցից հավաքում են գազի վճարը։ Տեսուչ աշխատողների մեծ մասը 60-ից բարձր տարիքի անձինք են, որոնք լինելով ռիսկային խմբում, վտանգի են ենթարկելու նաև իրենց ընտանիքների անդամներին», – ասել է լրագրողներին ահազանգած աշխատակիցներից մեկը։
Ընկերության այս գործելաոճը հակասում է նաև բաժանորդների հետ մատակարարման պայմանագրին։ Ըստ 9-րդ կետի, որով կարգավորվում են ֆորսմաժորային իրավիճակները, «կողմերը պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորմաժորային իրավիճակի։ Ըստ պայմանագրի՝ ֆորսմաժոր են համարվում արտակարգ և անխուսափելի դեպքերն ու իրադարձությունները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միաժամանակ՝ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործադրած ջանքերին։
«Գազպրոմի» ղեկավարության հրահանգները հակասում են նաև Հայաստանի պարետի՝ ամբողջ հանրապետությունում անձանց տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ որոշման հետ։ Բացի այդ, ինչպես հայտնում է factor.am-ը, աշխատակիցների մեծ խմբեր են կենտրոնացել ընկերության գրասենյակներում՝ բարենպաստ մթնոլորտ ստեղծելով համաճարակի տարածման համար։
«Գազպրոմ Արմենիան» չի մեկնաբանում իրավիճակը։ Ընկերության Կենտրոն մասնաճյուղի ընդունարանից լրագրողների հարցին պատասխանեցին, որ չվճարելու դեպքում գազի մատակարարարումն անջատվելու է։ Բացի այդ, հաստատեցին, որ բոլոր աշխատկիցները ներկայացել են աշխատանքի։