Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկար դիմադրեց Կորոնավիրուսի համաճարակի լրջությանը: Մարտի 19-ին վարչապետ Բորիս Ջոնսոնը հանձնվեց և հայտարարեց, որ երկիրը անցնում է հանրային կյանքի առկախման։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ջոնսոնը հայտարարել էր, որ բնակչության մեծամասնությունը պետք է վարակվի և կառուցի հոտի դիմադրողականություն՝ այսպիսով, ցնցելով և՛ գիտնականներին, և՛ հանրության բարոյականության պատկերացումները։ Բայց մարտի 19-ին բրիտանական կառավարությունը փակեց դպրոցները, իսկ 20-ին՝ բոլոր ժամանցի վայրերը: Վարակակիրների թիվը անցել էր 3,200-ը, մահերը՝ հասել 144-ի։
Բրիտանական վարչապետը առանձնացրեց, որ այս արտակարգ դրության մեջ «արտոնություններ» ունենալու են միայն առաջնահերթ աշխատողները (key workers)։ Կարևոր աշխատանք կատարողների երեխաների համար դպրոցները բաց կլինեն։ Բրիտանացիները մի ամբողջ օր փորձում էին գուշակել՝ ո՛ր աշխատանքները նկատի ունի վարչապետը։ Շփոթմունքներից խուսափելու համար Կառավարությունը հրապարակեց առաջնահերթ մասնագիտությունների ցուցակը։ Այս ցանկի մեջ են բուժաշխատողները, սանիտարները, սոցիալական աշխատողները, ուսուցիչները, բժշկական սարքավորումներ արտադրողները, խոհարարները, հրշեջները, լրագրողները, ոստիկանները և այլք։
Ցուցակի հրապարակումը բրիտանական սոցիալական մեդիայում առիթ է դարձել հիշելու և հիշեցնելու ոչ վաղ անցյալը՝ Բրեքսիթի գործընթացը։ Մասնավորապես, իշխող պահպանողականները օրենսդրական փոփոխություններով արգելել էին այս «անհրաժեշտ» համարվող մասնագետների մուտքը Եվրամիությունից Մեծ Բրիտանիա։ Նախարար Պրիտի Պատելը փետրվարի 19-ին առաջնահերթ աշխատողներին բնութագրել էր որպես «հմտություններ չունեցող» (unskilled workers), որոնց կարիքը Մեծ Բրիտանիան չունի։
Այս քննարկումներում բրիտանացիները հիշեցնում են մարդաբան և անարխիստ Դեյվիդ Գրեբերի տեսությունը՝ անիմաստ, բայց բարձր վարձատրվող գործերի մասին։ Համացանցում գրում են, որ փաստորեն «անհրաժեշտ» գործերը վերջապես պաշտոնապես տարբերակվեցին bullshit գործերից։
Դեռ 2013 թվականին Strike! ամսագիրը հրապարակում է Գրեբերի «Bullshit գործերի ֆենոմենը» հոդվածը, որում Գրեբերը բացատրում է, թե ինչու տեխնոլոգիական առաջընթացը չհանգեցրեց աշխատաժամերի կրճատման, ինչու մենք չենք աշխատում օրական 3-4 ժամ, ինչպես 1930-ականներին կանխատեսում էր, օրինակ, տնտեսագետ Ջ․Մ․ Քեյնսը։
Տեխնոլոգիաները, իրոք, փոխարինել են մարդու աշխատանքի մեծ մասը։ Մարդիկ, սակայն, չեն ազատագրվել, այլ ստեղծվել են նոր, անիմաստ աշխատատեղեր՝ հիմնականում ադմինիստրատիվ, բյուրոկրատական բնույթի, որոնք ոչինչ չեն արտադրում, ոչ մի օգուտ չեն բերում հասարակությանը, բայց դժբախտացնում են աշխատողին։
Ըստ Գրեբերի՝ այս երևույթի բացատրությունը տնտեսագիտական չէ, այլ քաղաքական․ ազատ ժամանակ ունեցող և երջանիկ բնակչությունը վտանգ է ներկայացնում իշխող էլիտաների համար, հիշենք թեկուզ 60-ականները, երբ ազատ ու երջանիկ լինելու գաղափարը անցավ մարդկանց մտքով։
Գրեբերի հոդվածից ոգեշնչված՝ հազարավոր մարդիկ թողնում են իրենց աշխատանքը։ YouGov կազմակերպությունը սոցհարցում է անցկացնում ու պարզում, որ բրիտանացիների 37, իսկ հոլանդացիների 40 տոկոսը կարծում է, որ իր գործը անմիաստ է։
Գրեբերի հորինած տերմինը բարդ է թարգմանել հայերեն, նույնիսկ անգլերեն bullshit job տերմինը բացատրության և սահմանման կարիք ունի։ Փորձենք ստուգաբանելով հասկանալ։ Bullshit – գոյական՝ կղանք, բայ՝ անկապ դուրս տալ, կեղծել։
«Bullshit գործը» պարզապես վատ գործը չէ, «bullshit գործ» անողը գիտի, որ իր գործը անկարևոր, անիմաստ և նույնիսկ վնասակար է, բայց հանրայնորեն դա չի ասում, կեղծում է, ընդունում լուրջ դեմքի արտահայտությունը։ Հայերենում դրան ասում են «ժամավաճառ»։
Ըստ Գրեբերի, ժամավաճառ են HR խորհրդատուները, հաղորդակցության համակարգողները, PR հետազոտողները, ֆինանսական ռազմավարություն մշակողները, կորպորատիվ իրավաբանները։ Մարդկանց զբաղեցնելու համար նույնիսկ նոր ինդուստրիաներ են ստեծվում, օրինակ, տելեմարկետինգ և այլն։
Եթե այս մասնագիտություններից որևէ մեկը կախարդական կերպով վերանար, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չէր ունենա։ Համեմատության համար՝ եթե մի օր Լոնդոնի մետրոյի աշխատողները չաշխատեն, թերթերը կգրեն՝ «Լոնդոնը կաթվածահար է»։
Այս մասին չի խոսվում․ աշխատանքը տաբուացված թեմա է, չաշխատելը՝ դատապարտելի։ Թեման, որ շատերը իրենց գործը չեն սիրում և առիթը բաց չեն թողնում գործի չգնալու, չի շոշափվում հեռուստատեսային լուրերում, լավագույն դեպքում՝ ստենդ ափ կոմեդիաներում։
Ինչո՞ւ են ժամավաճառները տխուր։ Նրանք վատ չեն վարձատրվում, շատ չեն աշխատում։ Հակառակ տնտեսագետների պնդումների՝ «մինիմալ ռեսուրսներով մաքսիմալ եկամուտ ստանալը» մարդու առաջնային ցանկությունը չէ։
Մենք գործ ունենք հոգեբանական բռնության հետ։ Ի՞նչ աշխատանքային արժանապատվություն, երբ մարդը մտածում է, որ իր գործը գոյություն չպիտի ունենար։ Բայց այստեղ մարդկանց տխրեցնում է նաև, որ իրենք խաբում են։ Օրինակ՝ տելեմարկետոլոգը համոզում է մարդկանց գնել ապրանքներ, որոնք իրեն պետք չեն։ Սա պարզապես շառլատանություն չէ։ Ժամավաճառության մեջ սուտն անգամ աշխատողը չի հորինել։ Ժամավաճառը տխրում է և իր տխրությունը թափում գործազուրկների և մարդկանց վրա, որ սիրում են իրենց աշխատանքը։
Պանդեմիայի օրերին, երբ մեզնից շատերը վայելում են տնից աշխատելու արձակուրդը, երբ տնից աշխատելու համար պետք չէ խաբել, որ հիվանդ եք, երբ մտածում եք՝ ինչ գրքեր կարդալ, կարդացե՛ք Գրեբերի «Ժամավաճառ աշխատանքները» կամ պարզապես մտածեք՝ ինչ է տալիս ձեզ ձեր գործը։
Անահիտ Շիրինյան