Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հաջողվեց հարց ուղղել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Երբ են զորքերը դուրս բերվելու Վրաստանի օկուպացված տարածքներից»։
«Երբ մենք նման որոշում կայացնենք», ֊ պատասխանեց Վլադիմիր Պուտինը։
Վրաստանցի լրագրողի և Ռուսաստանի նախագահի հարցուպատասխանը երկար չտևեց․ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լրագրողին այլ հարցեր ուղղել և հրելով մի կողմ տարան:
https://www.facebook.com/rustavi2/videos/1408127249340536/
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում աշխատանքները սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ Հայաստանում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որպես հրավիրյալներ այստեղ են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն:
Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև լրագրողները դուրս հրավիրվեցին տարածքից, նիստը շարունակվեց դռնփակ։
Նիստը տեղի էր ունենում նախագահական նստավայրում՝ Բաղրամյան 26-ում։ Պուտինի՝ նախագահական ժամանելու պահին Բաղրամյան պողոտայում ի աջակցություն ռուսաստանցի քաղբանտարկյալների, բողոքի ցույց էր տեղի ունենում։