Իշխանությունների հետ երկխոսությունը միայն առարկայական կարող է լինել, պետք է կոնկրետ հարցեր քննարկվեն։ Հակառակ դեպքում՝ դա պարզապես իմիտացիա է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։
Նա իշխանություններին մեղադրում է ընդդիմության հետ երկխոսության հարցում անկեղծ չլինելու մեջ։ Ազգային ճակատի առաջնորդին առանց նախնական բացատրությունների երկխոսության հրավիրելով, իշխանությունները փորձում են«վերակենդանացնել բարեփոխումների մասին հեքիաթները»։ Ազգային ճակատի ներկայացուցիչների կողմից փսևդոերկխոսությունից հրաժարվելը իշխանություններն օգտագործում են որպես ընդդիմությանը «ծայրահեղական ու ռեֆորմներին դեմ» ներկայացնելու գործիք։
«Մենք չվազեցինք հանդիպման, բայց ոչ էլ հրաժարվեցինք։ Եթե երկխոսության նախաձեռնությունը լուրջ է, ապա պետք է հստակ թեմաներ նախապես որոշվեն ու պահպանվեն սուբօրդինացիայի կանոնները», – նշում է Քերիմլին։
Այդպիսով, Ադրբեջանի Ազգային ճակատը նախագահի աշխատակազմի ղեկավար Ադալյաթ Վելիևի ու կուսակցության փոխնախահ Սեյմուր Հազիի հանդիպման համար առաջարկում է հետևյալ թեմաները․
- քաղբանտարկյալների ազատ արձակում,
- հավաքների ազատության ապահովում,
- ընտրական բարեփոխումների իրականացում,
- նոր ընտրությունների կազմակեպում,
- Ղարաբաղի խնդրի ու ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկում։
Որոշակի նախնական պայմանավորվածությունների դեպքում երկխոսությունն ավելի բարձր մակարդակում կընթանա։
Իշխանությունների կողմից, սակայն, Ազգային ճակատի առաջարկությունները որակվեցին որպես մերժում։
Քերիմլին նաև մեկնաբանեց նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որի համաձայն Ազգային ճակատը «մարգինալ» խումբ է։ Ընդդիմադիր գործիչի կարծիքով, այդ դեպքում իշխանությունները չէին սահմանափակի հանրահավաքների իրավունքը, ակցիաների ժամանակ չէին անջատի ինտերնետը, քաղաքի կենտրոն զրահատեխնիկա չէին բերի։
Իշխանություններին ընդդիմանում է ժողովրդի մի ստվար հատված, որն արմատական փոփոխություններ է պահանջում, եզրափակում է Ալի Քերիմլին։