Home / Դատարան / Ադրբեջանը պարտվեց «Ստրուկի օրվա» կապակցությամբ շնորհավորանքի հեղինակներին

Ադրբեջանը պարտվեց «Ստրուկի օրվա» կապակցությամբ շնորհավորանքի հեղինակներին

Փետրվարի 13-ին Մարդու իրավունքների միջազգային դատարանը (ՄԻԵԴ) վճիռներ է կայացրել Ադրբեջանից ակտիվիստներ Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի ներկայացրած բողոքների հիման վրա։

ՄԻԵԴ֊ը բավարարել է երիտասարդների բողոքը կտտանքների, անօրինական հետախուզումների, նախադատական ձերբակալության, անմարդկային վերաբերմունքի մասին։ Դատարանը ակտիվիստների իրավունքների խախտումները ճանաչել է հետևյալ հոդվածներով․ 3 (խոշտանգումների արգելում), 5 (անձեռնմխելիության իրավունք), 10 (խոսքի ազատություն) և 18 (իրավունքների սահմանափակման թույլատրելի սահմանը)։

Ադրբեջանի կառավարությունը պետք է երկու ակտիվիստներին 72 հազար եվրո վճարի։

NIDA երիտասարդական շարժման անդամներ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը, ովքեր Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայր Հեյդար Ալիևի արձանի վրա հակակառավարական կարգախոսներ էին գրել, ակցիայի հաջորդ օրը՝ 2016 թվականի մայիսի 10-ին բերման էին ենթարկվել՝ թմրանյութերի տարածման մեղադրանքով։ «Ազգի հոր» ծննդյան և դրան կից «Ծաղիկների տոնի» նախօրեին Ալիևի հուշարձանի վրա գրել էին “Qul Bayramınız Mübarək!” («Շնորհավոր ստրուկի օրը») և “Fuck the system!” («Կորչի՛ համակարգը»).

2016-ի նոյեմբերին դատարանը Իբրահիմովին ու Մամեդովին դատապարտել էր տասը տարի ազատազրկման։ 2019-ի մարտի 16-ին նրանց ներում շնորհվեց։

Ազատ արձակվելուց երկու շաբաթ անց՝ մարտի 30-ին Մամեդովը 30 օրով կալանավորվել է «ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար»։