Home / Հայաստան / Սոլիդարություն ենք հայտնում Ադրբեջանում բանտարկված համախոհներին

Սոլիդարություն ենք հայտնում Ադրբեջանում բանտարկված համախոհներին

Մայիսի 9-ի երեկոյան՝ Ադրբեջանի նախկին նախագահի, պետության այժմյա ղեկավարի հոր Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձի նախօրեին, նրա արձանի պատվանդանին հայտնվել էին «Fuck the system!» և «Qul bayramınız mübarək!» («Շնորհավոր ստրուկների տոնը») գրությունները, որը հղում է Ադրբեջանում հայտնի “Շնորհավոր ծաղիկների տոնը”( «Gül bayramınız mübarək!») կարգախոսին՝ նվիրված Հեյդար Ալիևի տարեդարձին։

Գրաֆիտիի հեղինակները՝ անարխիստներ Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը, ձերբակալվել են․ կեղծ քրգործով նրանց մեղադրանք է առաջադրվել մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու (և շրջանառելու) համար։

«Կոմունա» հայաստանյան նախաձեռնությունը սոլիդարություն է հայտնում Ադրբեջանում բանտարկված անարխիստներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին, և հրապարակում դատարանում վերջինիս եզրափակիչ ճառի թարգմանությունը։

պետք չի արդարություն սպասել անարդար համակարգից

«Ինձնից առգրավել են իմ վերջին խոսքի տեքստը։ Ոչինչ՝ ես ինքս էի այն գրել և կարող եմ կրկնել։ Չեմ պատրաստվում արդարանալ իմ դեմ առաջադրված մեղադրանքների համար։ Իմ դեմ հարուցված գործը վատ ա սարքված, անգամ եթե այն լավ կազմակերպված լիներ, ես միևնույնն է կկարողանայի ինձ արդարացնել։ Բոլոր ազնիվ և անազնիվ մարդիկ, այստեղ ներկաները և անգամ դուք լավ գիտակցում եք, որ ինձ ձերբակալելու իրական պատճառն իմ բողոքն էր այս սարսափելի համակարգի դեմ։ Ես որպես երիտասարդ ուսանող քաղաքակիրթ ձևով արտահայտել եմ իմ բողոքը՝ երկրում տիրող անօրինության դեմ։ Ես որևէ գրված օրենք չեմ խախտել։ Ես խախտել եմ չգրված օրենք, որը թույլ է տալիս նրանց շարունակել իշխել, սուտը իբրև ճշմարտություն ներկայացնել, ստրկությունը՝ իբրև ազատություն։ Խախտելով պետության գրված օրենքները, հնարավոր է մնալ ազատության մեջ, եթե համակարգի մաս ես։ Բայց դա անհնար է, երբ խախտում ես չգրված օրենքները. լինել բարեխիղճ, ինպես լրագրողները, ովքեր գրում են ճշմարտության մասին, ընդիմադիր քաղաքական գործիչները, բլոգերները, ովքեր արտահայտում են իրենց դիրքորոշումը, ակտիվիստները, մարդիկ, ովքեր պահանջում են իրենց իրավունքները։ Դու խախտում ես չգրված օրենքները, եթե ունես լեզու, որը արտահայտում է քո խիղճը. եթե ունես խիղճ, ինքնըստինքյան դառնում ես կանոններ խախտող՝ և չես կարող խուսափել պատժից։ Ես նույնպես խախտեցի կանոնները և հայտնվեցի նրանց շարքերում։ Իրավիճակի հեգնանքը նրանում է, որ չգրված օրենքները խախտելու համար համակարգը մեղադրանք է առաջադրում ըստ գրված օրենքների, դիմում է կեղծիքների՝ պետության գրված օրենքներով դատելու համար։ Հավանաբար, սա խոսում է այն մասին, որ իրենք ամաչում են դիմել իրենց իսկ չգրված օրենքներին։

Որոշ ժամանակ անց իրավիճակը հավանաբար կվատթարանա՝ գնալով նրանք ավելի են ապուշանում։ Երևի արդեն հաջորդ փուլում կձերբազատվեն այդ ամաչկոտությունից և կսկսեն պաշտոնապես ճնշել ու պատժել ստրուկ դառնալուց հրաժարվելու համար։ Իրականում դա վատ չէ, որովհետև մեզ՝ խղճի բանտարկյալներիս, կդատեն ոչ թե կեղծ մեղադրանքներով, այլ մեր իրական արարքների համար։ Մենք ստիպված չենք լինի ապացուցել, որ թմրամիջոցներն ու Մոլոտովի կոկտեյլները, որոնք նրանք «հայտնաբերում են» մեր գրպաններում և տներում, մեզ չեն պատկանում։ Կարիք չի լինի լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ապացուցելու համար, որ մեր նպատակը ոչ թե անկարգություններ հրահրելն է, այլ՝ արտահայտվելը։ Մենք մեզ նեղություն չենք տա ասելու, որ մեր նպատակը ոչ թե արմատներով աթոռին կպած չինովնիկին գահընկեց անելն է, այլ ցույց տալը, որ նրանք, ում ժամանակն արդեն անցել է, պիտի գնան։

Հիմա ես կանգնած եմ չակերտավոր արդար դատարանի առջև։ Ես համոզված եմ, որ չպետք է այստեղ լինեի։

Գիյաս Իբրահիմովի մոր խոսքը դատական նիստից հետո (ռուսերեն ենթագրերով)՝

Համակարգի խորհրդանիշ դարձած արձանի վրա լոզունգներ գրելը մեկնաբանվեց իբրև մահացածի հանդեպ անհարգալից վերաբերմունք։ Ակնհայտ է, որ եթե անգամ մենք չգրեինք այդ հուշարձանի վրա, մեր բողոքն այլ ձևով արտահայտեինք, միևնույնն է՝ կհայտնվեինք այստեղ, ինչպես շատերը մեզնից առաջ։ Ասածս էն ա, որ ինչ-որ մեկի հիշատակն անարգելու մասին խոսակցությունները և կարծիքները, իբրև մենք ավելի խիստ պատժի ենք արժանի, ինձ համար ոչինչ չեն նշանակում։ Ուղեղի տեղը բամբակ պիտի լինի այդպես մտածելու համար։ Մենք չէինք փորձում անարգել հանգուցյալին՝ դա ակնհայտ է, մեզ համար այն ոչ թե կոնկրետ մարդուն նվիրված հուշարձան է, այլ՝ անձի պաշտամունքի խորհրդանիշ, որն այս ռեժիմը ներկայացնում է որպես մեծ եղբոր նկատմամբ սիրո արտահայտում։ Դա է պատճառը, որ մենք ընտրեցինք հենց այս վայրը։ Ես ուզում եմ կրկնել՝ պարզապես ծիծաղելի է ասել, որ սխալ էր այդ հուշարձանին կպնելը, կամ համեմատել այն մեր պապերի գերեզմանների հետ, արդեն ասացի, որ այդ կերպ արձագանքելու համար ուղեղի տեղը մեկ այլ բան է պետք ունենալ։

Մեկուսարանի պետ Ազեր Սեիդովը ասաց, որ ժողովուրդը պատրաստ է մեզ լինչի դատաստանի ենթարկել։ Նա իսկապե՞ս հավատում է սեփական խոսքերին։ Թե՞ ժողովուրդ ասելով, նկատի ունի ոստիկանական բաժանմունքի մի խուրձ մարդասպաններին։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ ժողովուրդը իրապես պատրաստ է մեզ ինքնդատաստանի ենթարկել, ապա դուրս է գալիս, որ մենք պիտի շնորհակալություն հայտնենք կառավարությանն ու ոստիկանությանը՝ մեզ ձերբակալելու և լինչից փրկելու համար։ Սա մեր օրերում արդիական մի արտահայտություն է հիշեցնում. «Ինչ լավ է, որ մեզ հենց դուք եք կեղեքում և թալանում, ուրիշները ավելի բեթար կկեղեքեին ու կթալանեին»։

Նորից կրկնեմ՝ ես չեմ պատրաստվում արդարանալ թմրանյութերի գործով։

Ոստիկանապետ Միրջաֆար Սեիդովը մտածում է, որ ստորացնում է մեզ՝ ստիպելով ավլել բակը։ էդ արարածը ի վիճակի չի հասկանալ, որ մեզ ստորացնում է այն, որ փողոցներն ավլում են տարեց կանայք, երբ աթոռին գամվածները, ովքեր ասում են «օրենքը ես եմ», և նրանց ենթակաները գետնով քարշ են տալիս զինվորների մայրերին, երբ հիվանդ գիտակցությամբ վարձու ավազակները մտնում են Նարդարան և սպանում ու նստացնում մեզ նման մարդկանց՝ միայն իրենց իրավունքները պահանջելու, իրենց խոսքը լսելի դարձնելու համար»։

Այս բառերից հետո դատավոր Սեիդովը ընդհատում է Գիյասին. «Խոսիր ըստ էության», ինչին նա պատասխանում է. «Ես չեմ պատրաստվում խոսել առաջադրված մեղադրանքի մասին։ Ես իրավունք ունեմ խոսել, ինչի մասին ցանկանամ։ Կարող եմ անգամ երգել»։

Սեիդով. Երգիր, եթե կարող ես։

Իբրահիմով․ Շնորհակալություն։ Նախ թույլ տվեք ավարտել։

Ես արդեն ասացի․ մենք մեզ նսեմացված ենք զգում, երբ տեսնում ենք, որ համակարգի ստրուկները գործում են հիվանդ գիտակցություն ունեցող վերադասների հրամանով՝ սպանելով, ծեծելով, տանջանքների ենթարկելով մարդկանց, ովքեր համարձակություն են ունենում ասել ճշմարտությունը, բարձրաձայնել, բողոքել։ Իսկ ում չեն սպանում՝ անհիմն մեղադրանքներով փակում են բանտերում, ինչպես մեզ։ Օրինակ, Նարդարանում՝ գյուղ, որն արդեն աղքատության խորհրդանիշ է դարձել․․․

Սեիդով․ Նարդարանը քեզ չի վերաբերում։

Գիյաս․ Ոչ։ Էս երկրում կատարվող ամեն ինչ իմ գործն է։ Դրա պատճառով եմ ես այստեղ։

Սեիդով․ Խոսիր օրենքով քո դեմ առաջադրված մեղադրանքի մասին։

Գիյաս․ Եթե այս երկրում օրենք լիներ, ես այստեղ չէի հայտնվի։

Սեիդով․ Բա ո՞րտեղ կհայտնվեիր։

Գիյաս․ Պատմությունը ցույց կտա։

Երբ կառավարության վարձու ավազակները մտան Նարդարան, այնտեղ անմեղ հասարակ մարդիկ, երիտասարդները հայտնվեցին վայրի մարդասպանների դեմ, ովքեր հենց օրենքով ունեին այդ սպանությունների իրավունքը։ Դա է ինձ ստորացնում, նսեմացնում։

Սեիդով․ Խոսիր ըստ էության։

Գիյաս․ Հենց դա է իմ ձերբակալության էությունը։

Սեիդով․ Ի՞նչ կխնդրես դատարանից։

Գիյաս․ Նախ՝ ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ ավարտել։

Բայրամ Մամեդովը, ես ու նրանք, ովքեր ձերբակալվեցին մեզնից հետո․ երբ մենք հասկացանք, որ համակարգը փորձում է մեզ վերածել ստրուկների, երբ գիտակցեցինք՝ թե որն է մեր նսեմացման պատճառը, որոշեցինք լինել նրանց կողքին, ովքեր ձերբակալությունից չվախենալով, ասում են ճշմարտությունը։ Տարիներ շարունակ մեր նման երիտասարդները, կանայք, լրագրողները ձերբակալությունների են ենթարկվում ճշմարտության համար՝ սարքովի մեղադրանքներով, ինչպես ես ու Բայրամը 2016 թվի մայիսի 10-ին։ Համակարգը փորձում է ցույց տալ, որ ի վիճակի է լռեցնել նրանց, ովքեր ուզում են բարձրաձայնել ճշմարտությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ մարտավարությունը արդյունք չի ունենում, ձերբակալությունները ոչ ոքի չեն վախեցնում։ Մեր ազատազրկումը ևս ոչ ոքի չի վախեցնի։ Քանի կան ազնիվ մարդիկ, նրանք կբարձրաձայնեն ճշմարտությունը։

Մեկուսարանում մեզ ասացին, որ մենք ինքներս մեզ ջրհորն են գցել։ Հա, տենց էլ կա․ մենք՝ ես, Բայրամը, մեզնից առաջ այստեղ հայտնվածները, մենք իսկապես մեզ ջրհորն ենք նետել։ Բայց նրա համար, որ ջուր բերենք այս հասարակության կեղտը մաքրելու։ Միգուցե մենք խեղդվենք այդ ջրհորում, բայց դա խնդիր չէ, քանի դեռ մենք հավատում ենք, որ դա կօգնի որևէ բան փոխել։

Հիմա մենք այստեղ ենք և չենք պատրաստվում արդարացում խնդրել, քանզի գիտենք, որ դա անհնար է։ Բոլոր խղճի բանտարկյալները, ովքեր դեռ նստած են կամ արդեն դուրս են եկել, այս դռներով անցնելուց, հույսը հակառակ կողմում են թողել։

Ինչպես Դանթեի «Աստվածային կատակերգությունում»՝ նրանք անցնում են դժոխքի պարունակներով։ Բայց մեզ համար սա դժոխք չի, պարզապես հանգստի համար նախատեսված անհարմար վայր։ Մենք դժվարություններից չենք վախենում։ Ես կասեի՝ մենք ուրախությամբ ենք դրան գնում։ Որովհետև դա հավատ է ազատության նկատմամբ։

Մեր հույսը այդ հավատն է, վստահությունը այն ամենի նկատմամբ, ինչը մենք ճիշտ ենք համարում, ազատության ցանկությունը։ Մենք հավատում ենք, որ ջուրը, որ մենք կգտնենք, կօգնի մաքրել այս կեղտը պատմության վրայից։

Մայրս ցուցմունք տալիս ասաց, որ իր խոսքը արդարության ճիչ է իր որդու համար։ Բայց ես կոչ եմ անում նրան ու մեր նմանների մայրերին արդարություն չսպասել անարդար համակարգից, այլ պարզապես ուրախանալ մեզ համար»։

Դատավորը Սեիդովը նորից ընդհատում է Գիյասին. «Ի՞նչ կխնդրես դատարանից»։

Գիյասը. Գիտեմ, որ վերջնական վճիռը կայացնելիս, խոսքերս նույնպես հաշվի կառնվեն։ Պարոն դատավոր, վճիռը կայացնելիս, նախաձեռնողուկանություն ցուցաբերեք։ Դատախազը ինձ համար 12 առավելագույնից 9 տարի է խնդրել և հիմա, հավանաբար, զղջում է։ Անկեղծանամ․ նրա զղջումը ինձ զվարճացնում է։ Այլ կերպ ասած, պարոն դատավոր, մի տատանվեք՝ իմ վճիռը կայացնելիս։

Մենք հավատում ենք ազատությանը․ բանտերը, կտտանքներն ու վիրավորանքները բավարար չեն մեզ ստրուկ դարձնելու համար։ Նախաձեռնողականություն ցուցաբերեք։ Շնորհակալություն»:

Դատավոր Սեիդովը, ինչ խոսք, նախաձեռնողականություն ցուցաբերեց՝ դատապարտելով Գիյասին 9-ի փոխարեն 10 տարվա ազատազրկման։

նախապատմություն

Մայիսի 9֊ի երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ, պետության այժմյա ղեկավարի հայր Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձի նախօրեին, նրա արձանի պատվանդանին հայտնվել էին «Fuck the system!» և «Qul bayramınız mübarək!» («Շնորհավոր ստրուկների տոնը») գրությունները, որոնցից վերջինը հղում է Ադրբեջանում հայտնի “Ծաղիկների տոնին”( «Gül bayramınız mübarək!»)՝ նվիրված Հեյդար Ալիևի տարեդարձին։

Մայիսի 10֊ի առավոտյան գրություներն արդեն մաքրված էին, իսկ այգին վերահսկվում էր ոստիկանական ջոկատների կողմից։

Երկու օր անց բերման են ենթարկվել անարխիստներ Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը՝ գրաֆիտին անելու կասկածանքով։ Ըստ Ադրբեջանի ՆԳՆ տարածած հայտարարության, ձերբակալության և բնակարաններում խուզարկության ժամանակ Մամեդովի և Իբրահիմովի մոտից «առգրավվել» է ավելի քան 3 կիլոգրամ հերոին։ Մամեդովն ու Իբրահիմովը իրենց ներկայացված մեղադրանքը (խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառություն) չեն ընդունել՝ հայտարարելով, որ ձերբակալության իրական պատճառը ավագ Ալիևի արձանին արված գրաֆիտին է։

Խուլիգանության մասին հոդվածը, հավանաբար, չափազանց «մեղմ» պատիժ էր ենթադրում «Ազգի Հոր» արձանը «պղծելու» համար։ Արդեն տարօրինակ չի թվում, որ գրաֆիտի անելու կասկածանքով ձերբակալված ակտիվիստների մոտ իրավապահ մարմինները զարմանալիորեն «հայտնաբերում» են խոշոր քանակությամբ թմրամիջոցներ։ Այս անհեթեթությունը նույնիսկ չեն փորձել խելամտորեն կազմակերպել. բողոքի ակցիա իրականացնող ոչ մի բանական մարդ գրպանում մի քանի գրամ, իսկ սեփական բնակարանում մի քանի կիլոգրամ հերոին չի պահի։ Միակ հարցը, որ առաջանում է այս իրավիճակում՝ որտեղի՞ց իրավապահ մարմիններին այդքան թմրանյութեր։

Հոկտեմբերի 25֊ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Գիյաս Իբրահիմովին այնուամենայնիվ մեղավոր ճանաչեց խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության հոդվածով և դատապարտեց 10 տարվա ազատազրկման։