Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ին կայացած ակցիայի ընթացքում ամենաթեժ ընդհարումը տեղի ունեցավ այն վայրում, որտեղ հավաքված էր անարխիստական բլոկը, որի պահանջներին ու մոտեցումներին հավաքվածները ծանոթանում էին թռուցիկների միջոցով (բովանդակությունը՝ ստորև)։
Հանրահավաքի սկզբում ոստիկանները մոտեցան անարխիստական և անարխո-ֆեմինիստական դրոշները և անվադողերը ձեռքերին Ազատության հրապարակ եկած մոտ մեկ տասնյակ մարդկանց և, ճշտելով` հրդեհի վտանգ չկա, հեռացան: Հանրահավաքի ընթացքում հարթակից լսվեցին հավաքվածների կողմից հնչեցրած նստացույցի պահանջները, նախատեսված երթը չեղյալ համարվեց, և մարդկանց կոչ արեցին հնարավորինս շատ ծանոթ ու բարեկամ կանչել Ազատության հրապարակ:
Դրանից հետո ոստիկանները սկսեցին ներխուժել մարդկանց շարքերը, վախեցնել ուժի կիրառմամբ և պահանջել լքել հրապարակը:
Ամենաագրեսիվ հարձակումը տեղի ունեցավ հենց անարխիստական դրոշների կենտրոնացման վայրում: Ոստիկանները, հարվածելով և հրելով մարդկանց, խլում էին անվադողերը և հրաժարվում ենթարկվել հավաքվածների պահանջներին, որոնք էին՝ հեռանալ և չդրդել մարդկանց բռնությամբ պատասխանել համազգեստավորների կիրառած ֆիզիկական բռնությանը:
Այնուամենայնիվ, ոստիկաններին չհաջողվեց մինչև վերջ անվադողազրկել անարխիստներին. միակ անվադողը կարողացավ պահել սև դիմակով և ֆեմինիստական դրոշով մի աղջիկ:
Անարխո-ֆեմինիստական խորհրդանիշները հետաքրքիր էին ոչ միայն ուսադիրներով մարդկանց, այլ նաև հոսանքի թանկացման դեմ իրենց բողոքը արտահայտելու եկած բազմության համար: Նրանք անընդհատ մոտենում և զրույցի էին բռնվում դրոշակակիրների հետ: Վերջիններիս վերաբերմունքը հոսանքի թանկացմանը և ակցիայի վերաբերյալ շարադրված էր թռուցիկում.
– Հերթական թանկացումների հետևանքով աղքատները ավելի կաղքատանան, իսկ նրանք, ովքեր իրենց աղքատ չեն համարում, ստիպված կլինեն հրաժարվել պատրանքներից:
-Առավել անապահով խավերը կմատնվեն ծայրահեղ աղքատության, իսկ, այսպես կոչված, միջին խավը կհամալրի անապահովների շարքերը:
– Պե՞տք է արդյոք ձերբազատվել ՀԷՑ-ի թալանչի կառավարիչներից: Այո՛, պետք է:
– Պե՞տք է արդյոք ձերբազատվել կոռումպացված չինովնիկներից: Այո՛, պետք է:
– Պե՞տք է արդյոք ձերբազատվել ոչ լեգիտիմ նախագահից: Այո՛ պետք է:
– Բայց նրանցից վերջնական ձերբազատվելու միակ ձևն է քայլ առ քայլ հրաժարվել ՀԷՑ-ի, չինովնիկների և նախագահի հաստատություններից:
– Անհրաժեշտ է, որ բոլորը հնարավորություն ունենան լիարժեք մասնակցել էլէներգիայի վերաբաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու գործընթացին։
– Դրան հասնելու ճանապարհներից մեկն է՝ ստեղծել բաժնետիրական ընկերություն բոլոր ռեզիդենտների մասնակցությամբ, որտեղ որևէ բաժին առ ու ծախի ենթակա չէ։
– Բայց այդ ճանապարհին մենք բախվելու ենք իշխանավորներին պաշտպանող ոստիկանության, կապիտալիստների՝ շահույթ ստանալու ցանկության,
ժողովրդի շահերը չսպասարկող պետության և պետությանը որպես գործիք օգտագործող գաղութատերերի հետ։
– Նպատակին հասնելու համար ոչ թե պահանջ է պետք ներկայացնել, այլ պայքարել։ Բոլորը պետք է ունենան էլէներգիայից և այլ հիմնական բարիքներից օգտվելու հնարավորությունը՝ ի ծնե տրված արժանավայել կյանքի իրավունք։