Home / Ազգային ժողով / «Ենի Ազերբայջանի» հաղթանակը ծեծուջարդով նշեցին

«Ենի Ազերբայջանի» հաղթանակը ծեծուջարդով նշեցին

Փետրվարի 11-ի երեկոյան Բաքվում պատգամավորի թեկնածուներն իրենց աջակիցների հետ բողոքի ակցիա էին իրականացնում Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմաց՝ ընդդեմ ընտրությունների կեղծման։

Ցույցերը սկսվել են պատգամավորի թեկնածու Ռաբիա Մամեդովայի նախաձեռնությամբ։ Նրան միացել են «Մուսավատ» կուսակցության պատգամավորի թեկնածու Էլման Գուլիևը, ReAl («Հանրապետական այլընտրանք») կուսակցության նախկին առաջնորդներից Ազեր Հասիմլին, NIDA քաղաքացիական շարժման անդամ Թուրգութ Համբարը, պատգամավորի թեկնածու Ֆարհադ Մեխտիևը և մի խումբ ակտիվիստներ։

Ռաբիա Մամեդովան հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան, քանի դեռ ԿԸՀ֊ն չեղյալ չի հայտարարել իր ընտրական օկրուգի քվեարկության արդյունքները։ «Ես բավարար ապացույցներ ունեմ այն մասին, որ այդ օկրուգում ընտրությունների արդյունքները կեղծվել են արդեն 30 տարի պատգամավորի մանդատ ունեցող և երբևէ խորհրդարանում ելույթ չունեցած թեկնածուի օգտին», – ասել է նա։

Ցուցարարներին մոտեցել է ԿԸՀ քարտուղարը, ով հայտնել է, որ ցուցարարներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանան ավելի ուշ, և խնդրել է դադարեցնել ակցիան։ Նրա փոխանցմամբ, ԿԸՀ֊ն տեղյակ է համացանցում շրջանառվող տեսանյութերի մասին, հանձնաժողովը հետաքննություն է իրականացնում։

Ցուցարարները հրաժարվել են հեռանալ։

Ավելի ուշ հանրահավաքի վայր են եկած մի քանի տասնյակ ոստիկանները ցույցը ցրել են ուժի կիրառմամբ։ Բախումների արդյունքում տուժել են լրագրողներ Այնուր Էլգյունեշը, Հադիջա Իսմաիլովան ու Այնթաջ Թափդիգը։ Այնուր Էլգյունեշը գլխի կոտրվածք է ստացել։

https://www.facebook.com/AzadliqLive/videos/2565568923700756/

Կալանավորման ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել «Մուսավատ» կուսակցության ակտիվիստ Արզուլա Բուլուդլուն։ Ոստիկանական ավտոբուսում նրա ինքնազգացողությունը վատացել է, սակայն իրավապահները հրաժարվել են շտապ օգնություն կանչել։ Ավելի ուշ նրան կողերի կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել։

Պատգամավորի թեկնածու Ռաբիա Մամեդովան բախումների արդյունքում ձեռքի կոտրվածքներ է ստացել։ Քաղաքային հիվանդանոցում հրաժարվել են գիպս դնել։

Ոստիկանությունը խոչընդոտել է նաև դեպքի վայրից ուղիղ հեռարձակում իրականացնող լրագրողների աշխատանքին։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը հայտարարել է, որ «դեպքի վայր ժամանած ոստիկանական խումբը հավաքի ապօրինի բնույթի պատճառով դրա մասնակիցներին առաջարկել է հեռանալ»։ Զահիդովի խոսքով, «թեկնածուներն ու նրանց աջակիցները հրաժարվել են ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջին, ինչից հետո ոստիկանները՝ առանց բիրտ ուժի կիրառման, ապօրինի ակցիայի մասնակիցներին հեռացրել են տարածքից։ Տուժածներ չկան»։

Փետրվարի 12-ին ֆեյսբուքի իր էջում Basta.info կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլին գրել է ոստիկանական մեքենայում դաժան ծեծի մասին․ «Ամբողջ դեմքս արյուն էր»։

«Հետո ինձ մեքենայից հանեցին ու ԿԸՀ շենք տարան, որ դեմքս լվանամ։ Հետո ոստիկանության բաժանմունք տարան, իսկ ավելի ուշ՝ նարկոդիսպանսեր։ Վերջում նորից ոստիկանական բաժանմունք տարան, սկսեցին սպառնալ։ Հետո ազատ արձակեցին։

Ամբողջ դեմքս ուռել է, ակնոցներս կոտրվել են, հագուստ պատռված է, բայց ոչինչ, մեզ չեն կոտրի», – գրել է Հաջիբեյլին, նշելով, որ փետրվարի 12-ին իրեն նորից ոստիկանություն են կանչել։