Գլխավոր դատախազությունը «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց»-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ է բացահայտել։ Խոսքը առնվազն 19 միլիոն դրամի յուրացման կամ վատնման մասին է՝ կատարված նախկին ղեկավարության կողմից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունը դպրոցում աուդիտ էր նախաձեռնել՝ պայմանավորված տնօրենի փոփոխությամբ։ Աուդիտի փաստաթղթերը ուղարկվել էին Գլխավոր դատախազություն։ Փասթաթղթերի ուսումսաիրությամբ պարզվել է, որ
— չնայած ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել:
— չնայած ուսումնական տարին ավարտվել է 2018թ. մայիսի 26-ին, ըստ ներկայացված ճաշացանկերի և հաշվառման փաստաթղթերի՝ երեխաներին սնունդ է հատկացվել նաև մայիսի 29-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ՝ օրը երկու անգամ, այդ թվում նաև կիրակի օրերին, ինչի մասով կատարվել է սննդի հավելագրում մոտ 885 հազար դրամի չափով:
Ընդհանուր առմամբ 2018-2019թթ. սննդի հավելագրումը կազմել է 1.6 մլն դրամ:
— նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում բոլոր օրերի համար ծախսագրվել է կրկնակի ավել սնունդ՝ խախտելով առողջապայության նախարարի հրամանով սահմանված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալի։ Հավելագրված սննդի արժեքը կազմում է 15.337.038 դրամ:
— ՊՈԱԿ-ին հատկացված հողամասը՝ համաձայն անշարժ գույքի գրանցման վկայականի՝ կազմել է 13172 քմ, շենքը՝ 4111 քմ: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ի հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում նոր հատակագծում, առանց հիմքի, դուրս է մնացել 350.846.400 դրամ շուկայական արժեքով 3692 քմ հողատարածք, որի նկատմամբ 2012-2017թթ. ընթացքում 4 անգամ իրականացվել է իրավունքների պետական գրանցում:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և 314-րդ հոդվածի՝ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: