Home / Առողջապահություն / Անհապաղ դադարեցնել ինքնավնասված կալանավորներին պատժելու պրակտիկան

Անհապաղ դադարեցնել ինքնավնասված կալանավորներին պատժելու պրակտիկան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է,  որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է պատժախուց տեղավորելու ձևով կարգապահական տույժի:

ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման վարույթ, որի արդյունքում օմբուդսմենը կայացրել է խախտման առկայության մասին որոշում։

«Ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման:

Կոնկրետ գործով չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝ անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և մեկուսացվել:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:

Ավելին, անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է ուսումնասիրվի անհատապես, և դրա նկատմամբ պետք է սահմանվի հսկողության իրավիճակային պլան:

Դրանից բացի, կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն դուրս բերվել (ազատազրկվածը գամված է եղել սանհանգույցի դռան վրա) և պատշաճ հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում» և անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է մշակել նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի նշանակումը:

Մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան», – մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Tekali Taxi